Սոցիալական արդարությունը հարստության հարկի միջոցով պետք է հաստատվի. Մարիա Կարապետյան
16:35 - 09 ապրիլի, 2019

Սոցիալական արդարությունը հարստության հարկի միջոցով պետք է հաստատվի. Մարիա Կարապետյան

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջարկում է անցում կատարել եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափի՝ սահմանելով 23%, այնուհետև եկամտային հարկի դրույքաչափը մինչև 2023 թվա­կա­նը աստիճանաբար նվազեցնել` դարձնելով 20%:

Ներկայումս գործում է եկամտային հարկի եռաստիճան՝ 23% (մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար), 28% (150 հազար դրամից մինչև 2 միլիոն դրամ) և 36% (2 միլիոն դրամից բարձր) դրույքաչափեր: Այսպիսով, նախատեսվող փոփոխությունները մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողներին չեն վերաբերելու. նրանք շարունակելու են հարկվել 23%-ով:

Թեմայի շուրջ զրուցել ենք Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ:

-Կո՞ղմ եք եկամտահարկի համահարթ դրույքաչափի անցնելու օրենսդրական փոփոխությանը:

-Եկամտային հարկի համահարթ դրույքաչափը «Իմ քայլը» դաշինքի նախըտրական ծրագրի մասն է։ Դաշինքին միանալով՝ ես իմ համաձայնությունն եմ հայտնել այս մոտեցմանը։ Հավատում եմ, որ կառավարող ուժի և հանրային ջանքերի միջոցով մենք կարող ենք խրախուսել ոչ միայն ավելի ակտիվ, այլ նաև ազնիվ գործարարություն և աշխատանքը առհասարակ։ Համադրելով այս մոտեցումը աշխատողների իրավունքների պաշտպանության և արհմիությունների դերի բարձրացման հետ՝ մենք կարող ենք հասնել պետություն-աշխատատու-աշխատող ազնիվ հարաբերությունների։

Եկամտային հարկի համահարթ դրույքաչափի մոտեցման փոփոխությունները պետք է լինեն կառավարության և «Իմ քայլը» խմբակցության անդամների կոնսենսուսային որոշում և հիմնավոր քննարկվեն հանրության հետ։

-Օրինագծին ընդդիմացողներն ասում են, որ նախագծի հեղինակների ներկայացրած հիմնավորումները, թե համահարթ դրույքաչափի անցումը կնպաստի ներդրումային գրավչության աճին և կնվազեցնի ստվերը, փաստահեն չեն: Ի վերջո, ի՞նչ խնդիր է լուծվելու օրենսդրական այս փոփոխությամբ:

-Ամենամեծ խնդիրը, որից մենք արդեն ազատվում ենք, կեղծ տնտեսությունն է՝ հիմնված արհեստական մենաշնորհների և հանքարդյունաբերության, կոռուպցիայի և շահագործման վրա։ Տասնամյակներ շարունակված և միայն վերջերս կասեցված այս նեոֆեոդալական տնտեսությունից մեզ ժառանգություն են մնացել կեղծ տվյալներ, որոնց հիման վրա հիմնավոր պլանավորում անելը շատ դժվար է կամ անհնար։  Փոփոխությունների նպատակն է ոչ միայն ներդրումային գրավչության աճը, այլև տնտեսության առողջացումը, թափանցիկության բարձրացումը և բարեխղճության խթանումը։

-Ըստ համահարթ հարկման ընդդիմախոսների՝ իշխանությունները մոլորեցնում են քաղաքացիներին՝ ասելով, թե համահարթ դրույքաչափը տարածվելու է նաև մինչև150 հազար աշխատավարձ ստացողների վրա, քանի որ մինչև 2023 թ․նրանց համար ևս դրույքաչափը կիջնի մինչև 20%, սակայն, չեն նշում, որ 2,5%-ով բարձրանալու է կուտակային կենսաթոշակայինը։ Փաստորեն, քաղաքացիների մեծամասնություն կազմող խմբի համար հարկային բեռը նվազելու է ընդամենը կես տոկոսով: Այս պարագայում կարո՞ղ է խոսք գնալ սոցիալական արդարության, հավասարության մասին։

-Մեր գերնպատակն է, որ Հայաստանում կառավարող ուժը չմոլորեցնի քաղաքացիներին, աշխատատուները չմոլորեցնեն աշխատողներին, հարկատուները չմոլորեցնեն պետությանը։ Մենք գիտե՞նք, թե Հայաստանում այսօր իսկապես քանի հոգի է ստանում մինչև 150 հազար դրամ աշխատավարձ։ Հայաստանում 150 հազար դրամ աշխատավարձ ստացողները չէ, որ պետք է մեծամասնություն կազմեն։ Մենք հանձնառություն ենք ստանձնել խրախուսել արժանապատիվ, նորմալ, բարձր աշխատավարձ։ Սրա համար կարկավոր է, որ աշխատողները իմանան իրենց անհատական և խմբային իրավունքները և պահանջեն դրանց կիրառում։ Կարևոր է նաև, որ իրենց իրավունքները կիրառելիս նրանք կաշկանդված չլինեն իրենց պայմանագրերում նշված և իրականում իրենց վճարվող գումարների տարբերությամբ։ Մյուս կողմից, կարևոր է, որ գործատուները, առանց հղումներ կատարելու «ծանր» հարկային բեռին, հարստանան և հարստացնեն իրենց աշխատողներին և ողջունեն պետության չափավոր վարչարարությունը։

Երբ կուտակային կենսաթոշակը բարձրացվի և դառնա 5%, եկամտային հարկը արդեն նվազեցված կլինի՝ դառնալով 20%։ Նաև պետք է հաշվի առնել, որ փոփոխությունների արդյունքում բյուջեի կորուստը կլրացվի ոչ միայն և ոչ այնքան ակցիզային հարկի միջոցով, որքան գույքահարկի միջոցով։ Իսկ սոցիալական արդարությունը ոչ թե աշխատավարձի հարկի միջոցով, այլ հարստության հարկի միջոցով է, որ պետք է հաստատվի։ Իսկապես, Հայաստանում ոչ ոք իր աշխատավարձով մեծահարուստ չի դարձել։

-Շատ մասնագետներ առաջարկում են չհարկվող շեմ սահմանել։ Ինչպե՞ս եք վերաբերվում դրան։

-Ես կսատարեմ այդ տարբերակը, եթե այն զուգորդվի գործուն մեխանզիմներով, որոնք մեզ կօգնեն դուրս գալ կեղծ թվերի տնտեսությունից և բյուջեի կորուստը լրացնելու այլընտրանքը համաչափ կամ դրան մոտ լինի։

-Բաբկեն Թունյանի առաջարկած այլընտրանքային տարբերակը քննարկե՞լ է ձեր խմբակցությունը։ Ի՞նչ տեսակետներ կան դրա հետ կապված։ Հնարավո՞ր է, որ այն, այնուհանդերձ, ոչ թե ժամանակավոր, այլ հիմնական լուծում դառնա։

-Բաբկեն Թունյանի հրապարակած եկամտային հարկի փոփոխության այլընտրանքային տարբերակը առաջացել է տարբեր տնտեսագետների հետ քննարկումների ու շփումների արդյունքում։ Այն ողջ խմբակցությամբ չենք քննարկել, սակայն պարոն Թունյանի և Ազգային ժողովի Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ արդեն մեկնարկել են քննարկումները հարկային օրենսգրքի փոփոխությունների շուրջ։ Քննարկումները հրապարակային են և հեռարձակվում են։

Պարոն Թունյանն առաջարկում է «եկամտային հարկի նվազեցում ծախսերի և եկամուտների հայտարարագրման դիմաց» տարբերակը։ Այս տարբերակի առավելությունն այն է, որ այն խրախուսելու է հարկերի հայտարարագրումը, իսկ թերությունը, որ այն ենթադրում է հավելյալ թղթաբանություն աշխատողի համար և գուցե նաև աշխատավարձները ստվերում պահելու գործատուների գայթակղությունը։ Եթե այս տարբերակը կիրառվի, ապա հետագա փոփոխությունները կախված կլինեն նաև մի շարք այլ գործոններից, այդ թվում՝ որքանով սա կխթանի համատարած հայտարարագրումը և ստվերի կրճատումը, և որքանով նոր տնտեսական քաղաքականությունը կխթանի մարդկանց ավելի արժանապատիվ, նորմալ, բարձր աշխատավարձ ստանալը։

-ԱԺ-ն կարո՞ղ է հետ ուղարկել նախագիծը։ Կներկայացնե՞ք՝ ինչպիսինն է ընթացակարգը։

-Ըստ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի՝ Ազգային ժողովը կարող է նախագծերը ընդունել կամ մերժել։ Նախագծի հեղինակը, Ազգային ժողովի պատգամավորները, խմբակցությունները և Կառավարությունը իրավունք ունեն նաև շրջանառության մեջ դրված օրենքի նախագծի վերաբերյալ մեկամսյա ժամկետում գրավոր առաջարկ ներկայացնելու: Իսկ նախագծի հեղինակը իրավունք ունի ընդունելու կամ մերժելու օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկները։

Աստղիկ Քեշիշյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել