Սոցաջակցության ծրագրի շահառուները մերժվում են, իսկ սոցապից ՊԵԿ, ՊԵԿ-ից սոցապ ուղղորդումներից՝ ապակողմնորոշվում |armtimes.com|
14:38 - 29 ապրիլի, 2020

Սոցաջակցության ծրագրի շահառուները մերժվում են, իսկ սոցապից ՊԵԿ, ՊԵԿ-ից սոցապ ուղղորդումներից՝ ապակողմնորոշվում |armtimes.com|

armtimes.com: Նոր կորոնավիրուսի համաշխարհային պանդեմիայով պայմանավորված, ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը որոշակի աջակցություն է տրամադրում դրա կարիքն ունեցող անձանց: Սոցիալական եւ տնտեսական այդ ծրագրի մանրամասների մասին արդեն բազմիցս խոսվել է, բայց տեւական ժամանակ է, ինչ տարբեր քաղաքացիներ բարձրաձայնում են, որ չեն կարողանում օգտվել իրենց համար նախատեսված աջակցությունից եւ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

«Հայկական ժամանակ»-ի խմբագրութուն են դիմել մասնավորապես 7-րդ, 8-րդ եւ 9-րդ ծրագրերի շահառուներ, որոնց դիմումները մերժվել են առանց հիմնավորման:

Մեզ դիմած քաղաքացի Հ. Ք.-ն սոցիալական աջակցության 7-րդ ծրագրի շահառու է, սակայն նրա դիմումը մերժել են՝ չներկայացնելով հիմնավորում: Հ. Ք.-ն 13 շաբաթական հղի է, հաշվառված «Արմենիա» ԲԿ-ում: Աջակցության դեպքում վերջինիս դրամական օժանդակության չափը 100 հազար դրամ է լինելու: Հ. Ք.-ն միայնակ մայր է, ունի եւս մեկ երեխա, որն անչափահաս է. այս դեպքում էլ կինը 9-րդ ծրագրի շահառու է, սակայն կրկին մերժում է ստացել: Երկու ծրագրի պոտենցիալ շահառու հանդիսացող կինը տեղյակ է, որ մեկը ստանալու դեպքում մյուսից օգտվել չի կարող, սակայն երկուսով էլ մերժվել է:

«Հայկական ժամանակ»-ին են դիմել նաեւ 10 քաղաքացիներ, որոնք բոլորն աշխատում են միեւնույն վայրում: Նրանք 8-րդ ծրագրի շահառուներ են եւ ծրագրի մեկնարկից մինչեւ օրս չեն կարողանում օգտվել իրենց հասանելիք աջակցությունից:

8-րդ կետում նշված է՝ «Դրամային մեկանգամյա աջակցություն ստանալու համար կարող են դիմել այն անձինք, որոնք 2020 թ.-ի մարտի 13-ից մարտի 30-ը նշված ոլորտների վարձու աշխատողներ են կամ անհատ ձեռնարկատերեր»: Մեզ դիմած քաղաքացիները գեղեցկության սրահի աշխատողներ են: Սրահը փակվել է մարտի 15-ին, եւ այդ օրվանից օրավարձով աշխատող այս մարդիկ մատնված են հարկադիր պարապուրդի: Նրանք հայտնում են, որ երբ լրացնում են օնլայն դիմումները, միանգամից ստանում են մերժման պատասխան հետեւյալ  բովանդկությամբ՝ «Ձեր դիմումը մերժված է, հաղորդագրությունն ուղարկվել է անհատական վերլուծության»:

Գեղեցկության սրահի աշխատակիցները վստահեցնում են՝ տնօրինությունն օրինական կերպով վճարել է հարկերը, եւ իրենք բոլորը գրանցված են:

«Մերժում ստանալուց հետո զանգահարեցի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, եւ շատ դժվարությամբ պատասխանեցին թեժ գծի համարներից մեկին: Տպավորություն էր, թե ինձ հետ խոսող աղջիկն ավելի քիչ էր տեղեկացված ծրագրից, քան ցանկացած այլ շահառու: Նա ինձ լսեց եւ հորդորեց նորից փորձել, ոչ մի կոնկրետ օգնություն: Մերժման պատճառն իմանալու համար նամակ գրեցի նաեւ իրենց պաշտոնական կայքէջին: Անցել է երկու շաբաթից ավելի, բայց այնտեղից էլ որեւէ պատասխան չեմ ստացել»,- ասաց գեղեցկության սրահի աշխատակիցներից Գ. Մ.-ն:

Վերջինս նաեւ բողոքեց, որ նախարարության թեժ գիծ զանգհարելն ու միայն ավտոմատացված համակարգին միանալն արդեն իսկ բավականին շատ գումար է գանձում եւ արդեն մոռացել է, թե քանի հազար դրամներ է լիցքավորել հաշվին, որոնք զրոյացել են ընդամենը զանգ կատարելով եւ պատասխանը դեռ չլսած: «Ուղղակի զավեշտալի է՝ քաղաքացիներին հորդորում են հարցերի դեպքում թեժ գծի համարին զանգել, որը բջջային համարից զանգելն ուղղակի հանցանք է»,- ասաց Գ. Մ.-ն:

Նշենք, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն օրերս անդրադարձել էր աջակցման ծրագրերին: Նախարարությունը մի քանի անգամ արդեն վերանայել է ծրագրում ընդգրկվելու համար որոշակի նրբություններ ու գրանցման գործընթացը պարզեցրել է: Բաթոյանն անդրադարձել էր մասնավորապես 9-րդ ծրագրին: Նախարարը նշել էր, որ 9-րդ միջոցառման շրջանակում աջակցություն ստանալու համար այսուհետ անհրաժեշտ կլինի մուտքագրել միայն դիմող ծնողի անունը-ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը:

Վերացել է հանրային ծառայության համարանիշ (սոցիալական ապահովության քարտ), երեխաների եւ ծնողների ծննդյան օր, ամիս, տարի մուտքագրելու նախկինում սահմանված պահանջը: Վերացվել է մինչև 18 տարեկան երեխայի եւ ծնողների՝ մշտապես Հայաստանում բնակվելու նախկինում սահմանված պահանջը: Վերացվել է նաեւ երեխայի եւ դիմող ծնողի՝ բնակչության պետական ռեգիստրում Հանրապետությունում բնակության վայրի հասցեով հաշվառված չլինելու պայմանը:

Սակայն նախարարի գրառման տակ էլ հարյուրներով մեկնաբանություններ են գրում մարդիկ ու բողոքում, որ աջակցության շատ կարիք ունեցողներ չեն կարողանում օգտվել դրանից: Օգտատերերից մեկը նշել էր, որ այն մարդիկ, որոնք պետք է ստանային, չեն ստացել, իսկ որոնք՝ չէ, ստացել են: Բաթոյանը պատասխանել էր. «Վճարումներն արվում են ՊԵԿ-ի տրամադրած ցուցակով: Եթե անճշտություն եք գտնում, խնդրում եմ գրեք իրենց»: Ապա քաղաքացին պատասխանել էր՝ «ՊԵԿ ից հստակ պատասխան ստացա, որ Կառավարության որոշման 507-րդ կետի 2-րդ մասով՝ որոշումը կայացնում է Սոցապ նախարարությունը»: 

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել