«Սյունիքի անտառտնտեսության» տնօրենին և երկու աշխատակցի մեղադրանքներ են առաջադրվել, նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
23:33 - 02 ապրիլի, 2019

«Սյունիքի անտառտնտեսության» տնօրենին և երկու աշխատակցի մեղադրանքներ են առաջադրվել, նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղում խոշոր չափերով խարդախություն, պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ, պաշտոնեական կեղծիք կատարելու հանգամանքները, երեք անձի մեղադրանք է առաջադրվել:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Հայանտառ»-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենը մասնաճյուղի հաշվեկշռում գտնվող անսարք «Տ-170» մակնիշի տրակտորով անտառտնտեսական ճանապարհների կառուցման և նորոգման աշխատանքները Շուռնուխի, Արծվանիկի և Գորիսի անտառպետությունների տարածքում չիրականացնելու, ավելին` դրանք անտառապետերի կողմից «ԴՏ» մակնիշի տրակտորներով փաստացի իրականացնելու պայմաններում, 2014-2017թթ. ընթացքում իր ստորագրությամբ և մասնաճյուղի կնիքով հաստատել է վճարման հիմք հանդիսացող, իրականությանը չհամապատասխանող կարգագիր-ակտերը, որոնք ներկայացնելով «Հայանտառ»՝ հափշտակել է ՀՀ պետական բյուջեից կազմակերպությանը նշված աշխատանքների կատարման համար հատկացված 3 միլիոն 376 հազար 397 դրամ գումարից ընդհանուր 1 միլիոն 712 հազար 126 դրամը, ասված է հաղորդագրությունում:

Բացի այդ, ըստ Քննչական կոմիտեի, տնօրենը 2014-ի սեպտեմբերից մինչև 2018-ի ապրիլի 11-ը «շարունակաբար իր ստորագրությամբ և մասնաճյուղի կնիքով հաստատել է վճարման հիմք՝ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող մասնաճյուղում որպես վարորդ հրամանագրված աշխատակցի աշխատանքային հաշվարկները»: «Այնուհետև մասնաճյուղի հաշվապահի կողմից կազմված և ստորագրված աշխատավարձերի հաշվարկների ամենամսյա ցուցակները անձամբ ստորագրելով և կնքելով՝ նշված կեղծ փաստաթղթերը ներկայացրել է «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպություն և հիշյալ աշխատակցի բանկային քարտով հափշտակել ընդհանուր 2.615.100 ՀՀ դրամ աշխատավարձի գումարը: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ նշված գումարները մասնաճյուղի ղեկավարը տնօրինել է իր կնոջ, իսկ հետագայում՝ որպես վարորդ ձևակերպված աշխատակցի ու վերջինիս բարեկամների կողմից բանկոմատից բանկային քարտով կանխիկացում կատարելու միջոցով», - նշված է հաղորդագրության մեջ։

Քրեական գործով բացահայտվել են հանցավոր այլ դրսևորումներ ևս, մասնավորապես՝ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մասնաճյուղի տնօրենը 2015-2017թթ. ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարությանը փայտանյութ մատակարարելու համար տարբեր անձանց հետ կնքել է ծառայությունների մատուցման պայմանագրեր, համաձայն որոնց՝ փայտանյութը բեռնատարներով պետք է նշված անձանց կողմից մոտեցվեր պահեստ: Քննչական կոմիտեն նշում է, սակայն, որ նշված աշխատանքը կատարելու համար փաստացի աշխատավարձ չվճարելու, ավելին` անտառապետերի կողմից մոտեցման ծախսերը փաստացի իրենց միջոցներով հոգալու պայմաններում 2015-2017թթ. ընթացքում իր ստորագրությամբ և մասնաճյուղի կնիքով շարունակաբար հավաստել է վճարման հիմք հանդիսացող, իրականությանը չհամապատասխանող կատարողական և կարգագիր-ակտերը:

«Այնուհետև տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, խաբեության եղանակով, այն է՝ նշված կեղծ փաստաթղթերը «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպություն ներկայացնելով, հափշտակել է ՀՀ պետական բյուջեից կազմակերպությանը հիշյալ աշխատանքների համար հատկացված 1.576.100 ՀՀ դրամից ընդհանուր 819.897 ՀՀ դրամ խոշոր չափերով գումարը:

Բացի այդ, տնօրենը մասնաճյուղի ավագ անտառապետի որդու` անտառկուլտուրաների ինժեների՝ շուրջ 4 ամիս Հայաստանի Հանրապետությունից բացակայելու պայմաններում, «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպություն է ներկայացրել պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող աշխատանքային և աշխատավարձերի հաշվարկների ցուցակներում իր ստորագրությամբ և մասնաճյուղի կնիքով կեղծ փաստաթուղթ` հաստատելով նրա՝ աշխատանքի հաճախելու հանգամանքը: Այդկերպ վատնելու եղանակով հափշտակվել է վերջինիս անվամբ 4 ամիսների համար որպես աշխատավարձ դուրս գրված ընդհանուր 275.200 ՀՀ դրամը, ինչը կանխիկացվել և տնօրինվել է աշխատակցի ընտանիքի կողմից», - հայտնում է Քննչական կոմիտեն:

Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել «Հայանտառ»-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենին, հաշվապահին և վարորդին: Դատարանը թույլատրելի է ճանաչել տնօրենի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումը, մյուս երկու անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Որոշում է կայացվել «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի կադրերի տեսուչի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին` համաներման ակտի ուժով:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել