Սիրիայում գնդակոծման տակ հայտնված թուրք զինվորները եղել են ահաբեկիչների թվում. ՌԴ ՊՆ |armenpress.am|
12:04 - 28 փետրվարի, 2020

Սիրիայում գնդակոծման տակ հայտնված թուրք զինվորները եղել են ահաբեկիչների թվում. ՌԴ ՊՆ |armenpress.am|

armenpress.am: Սիրիայի Իդլիբի նահանգում կառավարական ուժերի գնդակոծման տակ հայտնված թուրք զինվորները չպետք Է այնտեղ գտնվեին: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտարարել Է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Գերատեսչության տվյալներով՝ փետրվարի 27-ին «Հայաթ Թահրիր աշ Շամ» ահաբեկչակա խմբավորման զինյալները սիրիական բանակի դիրքերի վրա հարձակման փորձ են ձեռնարկել Բեհուն բնակավայրի շրջանում: Սիրիական զորքերը պատասխան հարված են հասցրել, որին ենթարկվել են նաեւ «ահաբեկչական կազմավորումների մարտական շարքերում գտնվող» թուրք զինծառայողները: Մինչդեռ, թուրքական կողմի տվյալների համաձայն, այդ շրջանում թուրքական բանակի ոչ մի ստորաբաժանում չկար եւ չպետք Է լիներ, ընդգծել են պաշտպանության նախարարությունում:

Տուժած թուրք զինծառայողների վերաբերյալ տեղեկատվություն ստանալուց հետո ռուսական կողմը միջոցներ Է ձեռնարկել կրակը դադարեցնելու համար եւ ապահովել Է զոհվածների ու վիրավորվածների տարհանումը Թուրքիայի տարածք: «Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիան Բեհուն բնակավայրի շրջանում չի կիրառվել»,- հավելել են ռազմական գերատեսչությունում:

Ինչպես ավելի վաղ հայտնել Է BBC-ն, Սիրիայի Իդլիբի նահանգում ավիահարվածի հետեւանքով առնվազն 33 թուրք զինծառայող Է զոհվել: Թուրքիայի նախագահի աշխատակազմին կից հաղորդակցությունների դեպարտամենտի ղեկավար Ֆահրեթին Ալթունը հայտնել Է, որ ի պատասխան Իդլիբում հասցված հարվածի, թուրքական զորքերը, ինչպես օդուժն, այնպես Էլ ցամաքային ուժերը, կրակ են բացել սիրիական ռեժիմի «բոլոր հայտնի» թիրախների վրա: Իդլիբում տեղի ունեցած իրադարձություններից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցկացրել Է անվտանգության հարցերին նվիրված արտակարգ խորհրդակցություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել