Սիսիանի ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու մասին հրապարակումները ուղարկվել են ՀՔԾ
16:13 - 09 ապրիլի, 2020

Սիսիանի ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու մասին հրապարակումները ուղարկվել են ՀՔԾ

ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ուղարկել մշտադիտարման արդյունքում արձանագրված ԶԼՄ-ների հրապարակումները, դրանցում ներկայացվող տեսանյութերը ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնում քաղաքացու նկատմամբ բռնությունների հնարավոր գործադրման վերաբերյալ, ինչպես նաև դեպքի կապակցությամբ քաղաքացուց ստացված հաղորդումը և կից փաստաթղթերը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ բացի այդ, մի քանի քաղաքացիներից հաղորդումներ են ստացվել նաև Ոստիկանության Սիսիանի բաժին բերման ենթարկելու և ոստիկանության բաժնում գտնվելու ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից իրենց նկատմամբ բռնություններ գործադրելու վերաբերյալ: Այդ մասին հրապարակումներ են եղել նաև մի քանի լրատվամիջոցներում: Դրանք ևս ուղարկվել են ՀՀ ՀՔԾ՝ նյութերի նախապատրաստման շրջանակներում ստուգելու և ընթացքը լուծելու նպատակով:

Ապրիլի 6-ին եւ 7-ին Սիսիանում միջադեպեր են տեղի ունեցել, որոնց մասնակից քաղաքացիների խոսքով՝ ոստիկանության աշխատակիցները, այդ թվում՝ Սիսիանի ոստիկանության ժամանակավոր պաշտոնակատարը բռնություն է գործադրել իրենց նկատմամբ: Միաժամանակ Քննչական կոմիտեն է հայտնել, որ դեպքերից մեկի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին կետով և 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով: Դեպքի հանգամանքները պարզելու համար Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել