Սեւանա լճում տարիների ընթացքում մաքրման աշխատանքները պատշաճ չեն կատարվել․ ուսումնասիրություններն ուղարկվել են Գլխավոր դատախազություն
10:32 - 11 հուլիսի, 2019

Սեւանա լճում տարիների ընթացքում մաքրման աշխատանքները պատշաճ չեն կատարվել․ ուսումնասիրություններն ուղարկվել են Գլխավոր դատախազություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս տարի Սեւանից մոտ 25 մլն ավելի քիչ է ջրբացվել քան անցած տարի և Ջրային կոմիտեի ներկայացված հայտից պակառ ջրառ է կատարվել։ Ըստ նրա՝ 5մլն խմ ջուր էլ Արփա-Սևանի միջոցով թափվել է Սևանա լիճ։

Նա նաև նշեց, որ Սևանա լճի կանաչելու աստիճանը զգալիորեն նվազել է, ջրի մակարդակը նախորդ տարվա համեմատ 1 սմ-ով բարձր է, լճի մաքրման համար միջնաժամկետ ծախսերի ծրագրով լրացուցիչ գումար կհատկացվի։

Էրիկ Գրիգորյանի խոսքով՝ Սեւանի մաքրման աշխատանքները բաշխվել են 2019, 2020, 2021 թվականների միջև և ըստ նախարարի՝ եթե լինի մի կազմակերպությունը, որը 2020 թվականին կվերցնի պատասխանատվությունը Սեւանը մաքրել ամբողջությամբ, ապա նախարարությունը կդիմի Կառավարությանը ֆինանսավորումը հատկացնելու համար։
Նախարարը նշեց, որ առաջիկա երկու տարիների ընթացքում 770 հա տարածք է մաքրվելու։

Նախարարը նաև ներկայացրեց նախորդ կառավարության տարիներին ծրագրված աշխատանքները, որոնք, ինչպես պարզվել է փաստաթղթերի ուսումնասիրությունից, չեն կատարվել։

Նա ցուցադրեց 2012 թվականի տեսչական ստուգման մի արձանագրություն, որի համաձայն Սևանա լճի շուրջ 700 հա տարածքում մաքրում չի իրականացվել, ինչպես ծրագրված է եղել։

2015-2017 թվականի մաքրման բոլոր աշխատանքների վերաբերյալ ուսումնասիրությունը՝ նախահաշիվներ, հանձնման, ընդունման ակտեր և այլն, հավաքագրվել ու տրվել է ՀՀ գլխավոր դատախազությանը։

«Բազմաթիվ տեղեր նշված է, որ մաքրում չի կատարվել, կոճղերը մնացել են ջրի մեջ ամբողջ ծավալներով։ Այս ամենը 700 հա է կազմում։ Այսինքն՝ տարբեր տարիներին, տարբեր պայմանագրերով մաքրում պետք է իրականացվեր, սակայն չի արվել։ Օրինակ՝ Վարդենիսի մասնաճյուղում 30 տոկոսով աշխատանքներ են կատարվել, բայց կոճղերը չեն հեռացվել, ամբողջը մնացել են ջրի մեջ, Արտանիշում զգալի տարածքներ էլի ջրի մեջ են մնացել։ Այսինքն՝ պետությունը տարբեր տարիներին գումարներ է հատկացրել Սևանում այս մաքրումներն իրականացնելու համար, բայց մի դեպքում կտրվել, փայտանյութը հանվել է, իսկ կոճղը մնացել ջրում», - ներկայացրեց Էրիկ Գրիգորյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել