Սերբիայի նախագահի հայտարարությունն Ադրբեջանի համար մի գդալ ձյութ է խավիարի տակառում. Ստեփանակերտ |news.am|
08:45 - 28 մայիսի, 2019

Սերբիայի նախագահի հայտարարությունն Ադրբեջանի համար մի գդալ ձյութ է խավիարի տակառում. Ստեփանակերտ |news.am|

news.am։ Ադրբեջանի ղեկավարությունը պետք է շատ ուշադիր ծանոթանա Սերբիայի նախագահի հայտարարությանը Կոսովոյի հետ հետագա հարաբերությունների մասին եւ եզրակացություններ անի։ Այս մասին ասել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նախագահի աշխատակազմի Գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Ալեքսսանդր Վուչիչի հայտարարությունը։

Նա հիշեցրել է, որ սա արդեն քաղաքակիրթ մոտեցման ոչ առաջին նման նախադեպն է. հիշենք Չեխիայի եւ Սլովակիայի թավշյա բաժանումը։ Այլ օրինակ. Մեծ Բրիտանիայի երկու սուբյեկտ՝ Հյուսիսային Իռլանդիան եւ Շոտլանդիան, երկրի կազմից դուրս գալու հանրաքվե անցկացնելու իրավունք ստացան։

«Որոշ գերազանցությամբ հաղթեցին հակառակորդները։ Բայց պետք է հաշվի առնել, որ Մեծ Բրիտանիայի, Հյուսիսային Իռլանդիայի եւ Շոտլանդիայի պարագայում խոսքը իրավահավասար սուբյեկտների մասին է»,- հիշեցրել է Բաբայանը։

Ինչ վերաբերում է Սերբիայի օրինակին, ապա անհրաժեշտ է ընդունել իրողություններն անկախ սուբյեկտիվ գնահատականներից եւ հույզերից։ «Սա շատ կարեւոր նախադեպ է, եւ Ադրբեջանի իշխանությունները պետք է սերբական ղեկավարության օրինակով ավելի իրատես լինեն։

Կոսովոն սերբերի համար պակաս թանկ չէ, քան Ղարաբաղն ադրբեջանցիների, եւ այստեղ մեծ տարբերությունն այն է, որ Ղարաբաղը Ադր. ԽՍՀ կազմում ընդգրկվել է արհեստականորեն։ Այնպես որ, Սերբիայի նախագահի հայտարարությունը կարելի է դիտարկել որպես մեծ գդալ ձյութ ադրբեջանական խավիարի տակառում»,- ամփոփել է Դավիթ Բաբայանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել