Սա քաղաքական հարց է, որին ուզում ենք տալ իրավական լուծումներ․ Սուրեն Սահակյանը՝ Ծառուկյանին մանդատից զրկելու դիմումի վերաբերյալ
08:38 - 29 մայիսի, 2019

Սա քաղաքական հարց է, որին ուզում ենք տալ իրավական լուծումներ․ Սուրեն Սահակյանը՝ Ծառուկյանին մանդատից զրկելու դիմումի վերաբերյալ

Մենք մինչև օրս ոչ մի պատասխան չենք ստացել «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» խմբակցություններից և Արարատ Միրզոյանի գրասենյանից, և կարելի է արձանագրել, որ այս երկրում շատ քիչ ինստիտուտներ կան, որոնք պատշաճ, օրենքի պահանաջներին համապատասխան են արձագանքում իրենց տրված դիմումներին։ Ըստ էության՝ դա կատարել են Լիլիթ Մակունցը՝ «Իմ քայլը» խմբակցության անունից, և դատախազությունն ու ՀՔԾ-ն։ Այս մասին հրավիված ասուլիսի ժամանակ ասաց «Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ի գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցով իրենց ներկայացրած դիմումին։

«Նախ, մենք ասում ենք, որ այս գործընթացը հարուցել ենք կուսակցության ստեղծման հիմքում ընկած քաղաքական օրակարգի հիման վրա։ Դա արձանագրված է կուսակցության հիմնադիր համագումարի ելույթներում և 2018 թվականի Ազգային ժողովի ընտրությունների մեր նախընտրական ծրագրերում, կուսակցության անդամների բազմաթիվ հարցազրույցներում։ Հետևաբար, կուսակցության կողմից սկսած այս գործընթացում լրացուցիչ ուղղորդում կամ պատվիրատու փնտրելն անհեթեթ է»,- ասաց Սուրեն Սահակյանը։

Նա նշեց, որ ի սկզբանե, իրենց գլխավոր նպատակներից մեկը եղել է պետական կառավարման համակարգը և բիզնեսը իրարից տարանջատելու գործընթացը։ «Սկսված գործընթացը որևէ անձի դեմ չէ, ավելին՝ պարոն Ծառուկյանը խնդրի համալիր լուծման առաջին շահառուն է»,- ասաց ՔՈ ՍԴԿ-ի գործադիր մարմնի քարտուղարը՝ հավելելով, որ խնդրի լուծման դեպքում պարոն Ծառուկյանի գործունեությունն արդեն պաշտպանված կլինի հանրության կողմից։ «Եվ հայտնում ենք մեր հետևողականությունն այս հարցում մինչև վերջ գնալու՝ թե՛ օրենսդրական բացերը լրացնելու, թե՛ այդ տարանջատումն ապահովելու համար»,- նշեց նա։ 

Սուրեն Սահակյանը նշեց՝ այն, որ իրենք դիմել են Գլխավոր դատախազություն և ԱԺ նախագահին, չի նշանակում, որ հարուցված գործընթացներն ունեն երկու հարթություն՝ իրավական և քաղաքական։ «Սա քաղաքական հարց է, որին մենք ուզում ենք տալ իրավական լուծումներ։ Դատախազություն դիմելուց հետո ստացել ենք ՀՔԾ-ի պատասխանը, էնտեղ տողատակերով երևում է, որ կարծես քննիչը գտել է՝ պարոն Ծառուկյանը զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ, բայց 310 հոդվածն ասում է՝ դա իրեն շահույթ, օգուտ չի բերել։ Ճիշտ է ասում, բայց ձեռնարկատիրությամբ զբաղվելով վնաս պատճառելու դեպքում նույնպիսի հոդված կա՝ Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածը՝ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը, եթե այն կազմակերպություններին, պետությանը խոշոր վնաս է պատճառել, և այդ հիմքով մենք բողոքարկել ենք ՀՔԾ-ի որոշումը»,- ասաց Սահակյանը։

Անդրադառնալով պատգամավորական մանդատից զրկելու թեմային, նա նշեց, որ երկու դեպք է հնարավոր՝ մեկը, երբ Ազգային ժողովի խորհուրդը դիմում է ՍԴ, մյուսը՝ ԱԺ պատգամավորների 1/5-րդն է դիմում։ «Ընդ որում, ԱԺ խորհուրդը ոչ թե կարող է, այլ պարտավոր է դիմել Սահմանադրական դատարան, եթե կան բավարար փաստեր՝ 310-րդ հոդվածով սահամանված։ Իսկ պատգամավորների 1/5-րդի դիմելը հայեցողական է»,- ասաց Սուրեն Սահակյանը։

Նա նաև ընդգծեց, որ այստեղ օրենսդրական բաց կա, և Արարատ Միրզոյանը ճիշտ էր, երբ ասում էր, որ ինքը լիազորված չէ դիմել ՍԴ, և Էթիկայի հանձնաժողով կարող են ստեղծել խմբակցությունները։ «Բայց խմբակցությունները էթիկայի հանձնաժողով կարող են ստեղծել միայն մի դեպքում, երբ կա Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի եզրակացությունը, որ այդպիսի խախտում տեղի է ունեցել։ Ընդ որում՝ այս մարմնին արգելված է այդպիսի որոշում կայացնել․ բոլոր պաշտոնյաների խախտումներն արձանագրվում է այս մարմնի կողմից, իսկ պատգամավորի էթիկայի խախտումների դեպքերով Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովին է վերապահված։ Բայց օրենքի մեջ ասվում է՝ եզրակացությունը պետք է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը տա, նա էլ իրավունք չունի, կազուսային իրավիճակ է»,- ասաց Սահակյանը, ապա պարզաբանեց․ «Դրա համար, երբ մենք դիմել էինք ԱԺ, ակնկալում էինք, որ, հաշվի առնելով այս օրենսդրական բացը, իր լիազորությունների շրջանակում կնախաձեռնի օրենքի բացը լրացնելու հարցը և պատգամավորի կողմից էթիկայի խախտման հարցը, սակայն, «Իմ քայլը» խմբակցության երեք խորհրդակցությունների արդյունքները չհանգեցրին նման հանձնաժողովի ստեղծման, ավելին՝ չգնացին օրենսդրական բացը լրացնելու ճանապարհով։ Հետևաբար, այսօր դիմել ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, որն, ըստ էության, իրավունք չունի դա տալ, ինչը կարգավորված է Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքով, բայց ավելի բարձր իրավական նորմով՝ ԱԺ Սահմանադրական օրենքի հիմքով պարտավոր է տալ»։

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղարն ասաց նաև, որ նույն ինստիտուտին դիմել են նաև Արսեն Ջուլֆալակյանի հարցով։ «Մեզ հետաքրում է այն, որ նրա հայտարարագրից որևէ կերպ չի երևում, որ նա սրճարանի բաժնեմաս ունի։ Եվ խնդրում էինք վարչական վարույթ իրականացնել՝ պարզելու, թե իր խոսքերը որքանով են համապատասխանում իրականությանը»։ 

Սուրեն Սահակյանն ավելացրեց, որ եթե այս ընթացակարգը չհանգեցնի իրենց ցանկացածին, ապա դիմումով դիմելու են բոլոր պատգամավորներին, որպեսզի նրանք արձագանքեն իրավիճակին, ներկայացնեն իրենց դիրքորոշումը։ «Տեսնենք՝ արդյոք կա 27 պատգամավոր, որ պատրաստ է հանդես գալ նախաձեռնությամբ, թե ոչ, որքան է քաղաքական կամքը։ Բացի այդ գործիքը, ունենք կոլեկտիվ հանրագիր ներկայացնելու հնարավորություն, որից կօգտվենք»,- ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել