Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր-թանգարանի տնօրենի մրցույթը չեղարկվել է
08:48 - 15 սեպտեմբերի, 2019

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր-թանգարանի տնօրենի մրցույթը չեղարկվել է

Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Խորեն Գրիգորյանն իր ֆեյբուքյան էջում գրառում էր կատարել այն մասին, որ «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության» ազգային թանգարանի համար տնօրենի նշանակման մրցույթ է հայտարարվել գաղտնի պայմաններում։

Թանգարանի Ազգագրության բաժնի վարիչ Արգամ Երանոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մրցույթը հայտարարվել է օգոստոսի 28-ին, բայց թանգարանի աշխատակիցներն այդ մասին իմացել են հայտարարվելուց միայն 10 օր հետո։

Արգամ Երանոսյանը կասկածներ ունի, որ թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանն ինքն է իր համար մրցույթի կարգ և հարցաշար մշակել, որպեսզի ընտրվի տնօրենի պաշտոնում։

«Դա նախկին համակարգին բնորոշ է, որ իրենք իրենց համար մրցույթի կարգ են մշակում, հարցաշար են մշակում, նաև ձևական թեկնածություններ են գտնում»,- նշեց նա։

Արգամ Երանոսյանն ասաց, որ թանգարանի աշխատակիցներն այս հարցով դիմել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորների և Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանին։

«Ինձ արդեն նախարարությունից տեղեկացրին, որ մրցույթը կասեցված է, նոր կարգ ու հարցաշար է մշակվելու, ու նոր մրցույթ է լինելու»,- նշեց նա։

Պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչությունից հաստատեցին այդ տեղեկությունը։

Մեր այն հարցին, թե ո՞րն է մրցույթը չեղարկելու պատճառը, պատասխանեցին․

«Քանի որ պատրաստ չեն եղել հարցաշարերը, որոնք դիմորդներին պետք է տրամադրվեին, որպեսզի իրենք պատրաստվեին (ուրիշ նախարարությունից պետք է հարցաշարը տրամադրեին, մեր մեղավորությունը չի եղել), ուստի այդ հիմքով չեղյալ է համարվել»։

Փորձեցինք հասկանալ, թե արդյո՞ք մրցույթը չեղարկելը կապ ունի թանգարանի աշխատակիցների այն կասկածների հետ, որ ներկայիս տնօրենն ինքն է իր համար մրցույթի կարգ ու հարցաշար մշակել։

Նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչությունից ասացին, որ այդ մասին տեղեկություններ չունեն, իրենց տեղեկություններվ մրցույթը չեղյալ է հայտարարվել, քանի որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից իրենց հարցաշար չի տրամարվել։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից մեզ հայտնեցին, որ այս պահի դրությամբ իրենք ստացել են Պաշտպանության նախարարության գրությունը, որին ընթացք է տրվելու։

Փորձեցինք հասկանալ՝ ո՞րն է պատճառը, որ չեղարկված մրցույթի ժամանակ հարցաշարերը չեն կազմվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։ Մեզ պատասխանեցին, որ այդ մասին տեղեկություններ չունեն։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter


comment.count (0)

Մեկնաբանել