Սամվել Բաբայանը որոշել է սատարել Մասիս Մայիլյանին
17:30 - 11 փետրվարի, 2020

Սամվել Բաբայանը որոշել է սատարել Մասիս Մայիլյանին

Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը որոշում է կայացրել մարտի 31-ին կայանալիք նախագահական ընտրություններում սատարել Արցախի գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանին:

Քիչ առաջ նրա ղեկավարած կուսակցության ֆեյսբուքյան էջում տեղադրվել է քաղխորհրդի հայտարարությունը, որում ասվում է. ««Միասնական հայրենիք» կուսակցության եւ Մասիս Մայիլյանի քաղաքական համագործակցության վերաբերյալ նախապատրաստվում է հուշագիր, որը կստորագրվի օրերս՝ ԶԼՄ-ների ներկայությամբ:

Կոչ ենք անում բոլոր ուժերին դրսեւորել քաղաքական կամք՝ հրաժարվել նեղ անձնային շահերից, համախմբվել ժողովրդի և պետության հետաքրքրությունների շուրջ և առաջիկա նախագահական ընտրություններում սատարել Մասիս Մայիլյանի թեկնածությունը՝ ի հաստատումն ժողովրդաիշխանության»: 

Փետրվարի 9-ին տեղի ունեցած համագումարում Բաբայանը հայտարարել էր, որ առաջիկա 5 օրվա մեջ կհայտարարի նախագահի իր թեկնածուի անունը:

«Այսօր ավելին, քան երբևէ մեզ միասնականություն է պետք, այլ ոչ քաղաքական պառակտում: «Բաժանիր, որ տիրես» սկզբունքն իբրև գաղափարախոսություն իրացվում է անհեռատես քաղաքական գործիչների կողմից, իմաստուն գործիչները մտածում են հանրության հետաքրքրությունների համախմբման մասին, որովհետև ճգնաժամային իրավիճակները հաղթահարելի են միայն ժողովրդական համախմբմամբ: Իսկ այսօր վիճակն իսկապես ճգնաժամային է:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ «Միասնական հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել սատարել նախագահի թեկնածության հայտ ներկայացրած գործիչներից Մասիս Մայիլյանին, ով ևս գիտակցում է պահի լրջությունն ու ճակատագրականությունը, մտահոգված է միասնական հայրենիքի ճակատագրով:

Մասիս Մայիլյանը սկզբունքորեն ընդունում է կուսակցության ներկայացրած նախընտրական ծրագիրը և պատրաստ է նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո իրականացնել այն: Խոսքը երեք հիմնախնդրի մասին է. մարտունակ բանակի ստեղծում, տնտեսական լճացման հաղթահարում, սոցիալական խնդիրների լուծում»,- ասվում է հայտարարությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել