Սահմանահատման արգելքի վերաբերյալ որոշում առկա չէ. Խաչատուրովի պաշտպանն արձագանքում է ոստիկանությանը |news.am|
09:16 - 10 հունիսի, 2019

Սահմանահատման արգելքի վերաբերյալ որոշում առկա չէ. Խաչատուրովի պաշտպանն արձագանքում է ոստիկանությանը |news.am|

news.am: Ոստիկանությունը թույլ է տվել իրեն մեկնաբանել դատարանի կարգադրությունները, մինչդեռ դրա լիազորությունը չունի։ Այս մասին այսօր՝ հունիսի 10–ին հայտնեց «Մարտի մեկի» գործով մեղադրյալ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը՝ արձագանքելով Խաչատուրովին ՀՀ տարածքից դուրս գալու արգելքի վերաբերյալ ոստիկանության պարզաբանմանը։

Ոստիկանությունը պարզաբանել էր, որ ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի ելքը չի թույլատրվել այն պատճառով, որ առկա չի եղել վարույթն իրականացնող մարմնի՝ պատշաճ դատավարական փաստաթղթով՝ որոշմամբ ձեւակերպված թույլտվություն:
Մինչդեռ Միհրան Պողոսյանը պնդում է հակառակը.

«Վարույթն իրականացնող մարմինը հանդիսանում է դատարանը, որը թույլ է տվել Խաչատուրովին մեկնել ՀՀ–ից։ Ինչ վերաբերվում է որոշման առկայությանը, ոստիկանությունը թույլ է տալիս իրեն մեկնաբանել դատարանի կարգադրությունները՝ չունենալով դրա լիազորությունը , ընդ որում քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում սահմանահատման արգելքի վերաբերյալ որոշման առկայության պայմաններում թե՛ արգելք սահմանելը, և թե՛ արգելքից հանելը»,–ասաց նա։

Միհրան Պողոսյանը նկատեց, որ քրեական գործում առկա չէ Յուրի Խաչատուրովի ելքի սահմանափակման վերաբերյալ որոշում, ինչը նշանակում է, որ սահմանահատման արգելքն անօրինական է եղել։

«Եթե դատարանի որոշում են պահանջում, իրենք պարտավոր են սահմանահատման արգելքի վերաբերյալ որոշում պահանջել, ինչը գործում առկա չէ»,–նշեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել