Սահմանադրության մեջ գործող ռումբ կա՝ կառավարությունը զինված ուժերը կիրառելու բացարձակ լիազորություն ունի. Գագիկ Ջհանգիրյանի բացահայտումը |factor.am|

17:10 - 21 հունիսի, 2019

factor.am: Հարցազրույց ՀՀ նախկին զինվորական դատախազ, իրավագետ Գագիկ Ջհանգիրյանի հետ

– Պարո՛ն Ջհանգիրյան, խնդրահարույց կամ հիմնավորման տեսանկյունից թույլ չէ՞ ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի այն հայտարարությունը, թե ՍԴ կգնա՝ ստանձնելու նախագահի լիազորությունները։ Քննադատողներն ասում են, որ նրա հայտարարությունը սահմանադրական կարգի տապալման մասին է կամ քրեական հանցակազմ է պարունակում իր մեջ:

– Քանի որ ՍԴ-ում այսօր գործում է 7 անդամ և այսօր արդեն 2 դատավոր, մինչդեռ այսօր պետք է լինեն ևս 7 դատավորներ, և քանի որ մյուս դատավոր Արմեն Դիլանյանն այսօր արձակուրդում է, ստացվում է՝ Վահե Գրիգորյանն այսօր ՍԴ միակ դատավորն է, ով ընտրվել է Սահմանադրության ուժով։ Եվ բնական է, որ նա պետք է ներկայացնի ՍԴ-ն։

– Բայց ընդդիմախոսները որպես հակափաստարկ հիմնականում ներկայացնում են Սահմանադրության 213 հոդվածը, որտեղ ասվում է, թե Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը, այսինքն՝ մինչև 70 տարեկանը։

– Այո՛, բայց նույն հոդվածով ասում է՝ ՍԴ անդամները։ Բայց գործող Սահմանադրությամբ ստեղծված ՍԴ-ն այլևս անդամ չունի, դատավոր ունի։

– Բայց մեկնաբանություն կա, որ այդ 213 հոդվածով ՍԴ անդամները մեխանիկորեն դառնում են դատավորներ: Այսօր նման մեկնաբանություն է տվել նաև ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը։

– Ես այդ պնդման հետ համաձայն կլինեի, եթե Սահմանադրության այդ 213-րդ հոդվածը շարադրված լիներ մոտավորապես այսպես՝ ՍԴ անդամները, որպես ՍԴ դատավորներ, շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց ժամկետի ավարտը։ Բայց Սահմանադրության մեջ նշված է՝ ՍԴ անդամներ։ Իսկ նոր Սահմանադրությամբ ՍԴ-ն անդամներ չունի: Օրինակ՝ մի նորմն ասում է, թե ՍԴ որոշումները կայացվում են կեսից ավելի դատավորների կողմից։ Ավելի լավ է՝ սխալի կեսից հետ դառնալ։ Վաղը ՍԴ-ն կարող է ոչ թե մի իրավական նորմատիվ ակտի, այլև խաղաղության պայմանագրի վերաբերյալ որոշում կայացնի, նախագահի իմփիչմենտի վերաբերյալ եզրակացություն տա։ Այսինքն՝ լիազորությունները պետք է անվիճելի լինեն, նրա օրինակարգությունը պետք է կասկածից վեր լինի։ Ընդհանրապես, այս Սահմանադրությունը խայտառակություն է. որ ինստիտուտին ձեռք տանք, այնտեղ ռումբ է թաքնված։

– Սահմանադրության տեքստ մշակողներն այդ ռումբը դիտմա՞մբ, թե՞ չգիտակցելով են թաքցրել:

– Ես հիմա կասեմ, Դուք մտածեք։ Ես հիմա կներկայացնեմ մինչև այժմ չբարձրաձայնված մի օրինակ, Դուք որոշեք, թե այդ ռումբը դիտավորյա՞լ, թե՞ պատահաբար է հայտնվել թփերի տակ։ Մեր ամբողջ հանրապետությունը, դատական ատյանները, իրավապահ մարմինները, իրավապահները քննարկում են՝ Զինված ուժերի կիրառումը Մարտի 1-ի իրադարձություններին իրավաչա՞փ էր, թե՞ ոչ։ Մենք ասում ենք՝ ո՛չ, միայն ռազմական դրության ժամանակ իրավունք ուներ կիրառել։ Նոր Սահմանադրությամբ տեսնում ենք, որ Զինված ուժերի կիրառման՝ կառավարության լիազորությունը որևէ կերպ պայմանավորված չէ ռազմական դրության հետ։ Այսինքն՝ կառավարությունը Զինված ուժերը կիրառելու բացարձակ լիազորություն ունի՝ անկախ այն հանգամանքից՝ ռազմական դրություն, արտակարգ դրություն կա՞, թե՞ ոչ։ Սահմանափակում չկա։ Հիմա պատահաբա՞ր են վրիպել, թե՞ դիտավորյալ են նախատեսել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել