Սահմանադրական հանրաքվե․ կողմերի դիրքորոշումները |civilnet.am|
16:53 - 10 փետրվարի, 2020

Սահմանադրական հանրաքվե․ կողմերի դիրքորոշումները |civilnet.am|

civilnet.am: Փետրվարի 6-ին Ազգային ժողովը ձայների 88 կողմ, 15 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու որոշում։ «Բարգավաճ Հայաստանը» չմասնակցեց քվեարկությանը, «Լուսավոր Հայաստանը» դեմ քվեարկեց։ Ավելի վաղ ԱԺ-ն չէր ընդունել «Իմ քայլը» խմբակցության 44 պատգամավորների ներկայացրած՝ «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Ըստ Սահմանադրության՝ եթե սահմանադրական փոփոխությունների նախագիծն ԱԺ-ն չի ընդունում, պատգամավորների ձայների թվի առնվազն 3/5-ով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի: Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նշանակվեց ապրիլի 5-ին։ 

Ինչ է ասում «Իմ քայլը»

«ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի համահեղինակ, հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը կարծում է, որ ՀՀ Սահմանադրության երկրորդ հոդվածի ուժով «հանրաքվեից ավելի սահմանադրական ճանապարհ որևէ հարցի, խնդրի լուծման համար գոյություն չունի»։

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասում է. «Ժողովրդավար երկրում չկա այլընտրանք քաղաքացու կամարտահայտմանը, և ընտրությունը հենց ժողովրդի կամարտահայտման ճանապարհներից մեկն է»։

«ՍԴ-ում առկա ճգնաժամը, դատական համակարգում առկա ճգնաժամը լուծում է ստանալու որպես մի վերջին «բաստիոն», որը մնացել է հին Հայաստանից»,- այս կարծիքն է հայտնել Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, որը չի հերքում՝ սա քաղաքական որոշում է։

«Եթե սա է ձեզ համար պետության ողնաշարը կոտրելը, դա թող լինի հենց այսպես՝ ժողովրդի կարծիքը հաշվի առնելով և նրա հետ համագործակցելով»,- նշում է նախաձեռնության համահեղինակ Լուսինե Բադալյանը: Նա տարօրինակ է համարում ընդդիմության՝ սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու վերաբերյալ քննադատությունները:

Ինչ է ասում վարչապետը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Սահմանադրական դատարանն «այսօրվա ձևով չի ներկայացնում ժողովրդին, այլ ներկայացնում է Սերժ Սարգսյանի կոռումպացված իշխանությանը, և պետք է հեռանա»։

«Եվ ուզում եմ ասել, որ բոլոր այն մարդիկ, ուժերը, ովքեր կփորձեն իրավական կամ այլ խոչընդոտներ հարուցել ժողովրդի ազատ կամարտահայտման առաջ, նրանք կարժանանան համարժեք հակահարվածի՝ որպես հակաժողովրդական, հակաժողովրդավարական և հակապետական ուժեր: Իսկ նրանք, ովքեր կընդունեն ժողովրդի բարձրագույն իշխանությունը, ժողովրդի բարձրագույն իրավունքը, կդառնան Հայաստանի ապագան կերտող նվիրյալներ»: 

Ինչ է ասում նախագահը

ՀՀ նախագահի ախատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը պարզաբանում է տարածել, որում նշվում  է՝ հանրաքվեի օր նշանակելով՝ նախագահը «չի արտահայտում իր վերաբերմունքը» սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ։

«Հանրապետության նախագահին ներկայացված փաստաթուղթն օրենքի նախագիծ չէ, օրենք չէ, այլ Ազգային ժողովի կողմից 2020թ. փետրվարի 6-ի ընդունված «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺՈ-001-Ն որոշումն է, որը հրապարակված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում:

Վերոնշյալ որոշման առնչությամբ Հանրապետության նախագահի սահմանադրական գործառույթներն ընթացակարգային են և սահմանափակվում են միմիայն և բացառապես Սահմանադրության 206-րդ հոդվածի համաձայն եռօրյա ժամկետում հանրաքվեի օր նշանակելու մասին հրամանագիր ստորագրելով»,- ասված է պարզաբանման մեջ:

Ինչ է ասում «Լուսավոր Հայաստանը»

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հակադարձում է վարչապետին։ «Ոչ ոք ՀՀ քաղաքացուն, կապույտ անձնագրով մարդուն չի կարող հռչակել ազգի հակապետական ուժ, ոչ ոք, ուզում է՝ 90 տոկոս ձայն ստանալ, մի մարդ էլ համաձայն չլինի, ես պատրաստ եմ էդ մարդու կողքին կանգնել։ Ոչ ոք չփորձի էստեղ «պոլիտբյուրո» դարձնել»։ Ըստ Մարուքյանի՝ անկախ մարմինները պետք է ունենան տարբեր ժամկետներով պաշտոնավարող դատավորներ՝ տարբեր իշխանությունների կողմից նշանակված։ Պատգամավորը համոզված է՝ սա տարբերակ չէ, և «Իմ քայլ»-ի մոտեցումները վատ տեղ են տանում։

«Նախկին իշխանությունների աճպարարությունների մասին եք խոսում, թե ինչպես հապճեպ Հրայր Թովմասյանին բերեցին դարձրեցին ՍԴ նախագահ, բայց հիմա նույնը, իմ կարծիքով, դուք եք անում՝ հրատապ արտահերթ կարգով բերում եք նախագծեր, որոնք խնդրահարույց են և հակաիրավական»,- ասում է ԼՀԿ պատգամավոր Աննա Կոստանյանը՝ հավելելով՝ սա մեկ մարդու լիազորություններից զրկելու գերնպատակ է ենթադրում։

Հանրային իշխանությունը՝ ժողովուրդը, ևս սահմանափակումներ ունի և սահմանափակված է մարդու, քաղաքացու հիմնարար իրավունքներով ու ազատություններով, կարծում է ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։ 

Ինչ է ասում «Բարգավաճ Հայաստանը»

«Արդյոք մենք կարո՞ղ ենք դեմ լինել հանրաքվեի գաղափարին՝ իհարկե, ոչ, արդյոք մենք հիացա՞ծ ենք Հրայր Թովմասյանով, իհարկե, ոչ», - ԲՀԿ խմբակցության անունից ելույթ ունենալով՝ ասել է Միքայել Մելքումյանը։ Նա դժգոհ չէ, որ քաղաքական մեծամասնությունն ուզում է քաղաքական կամք ցուցաբերել, բայց, ըստ նրա, պետք է շարժվել իրավական անթերի ռեժիմով։ Նա դեմ է իրավական ընթացակարգերի նսեմացմանը։

ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Պետք է նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեր և նոր գնար ՍԴ, իսկ եթե առաջին ընթերցմամբ չի ընդունվում, այդ նախագիծը պետք է հանվի օրակարգից: Հանրաքվե անելու մասին որոշում ԱԺ-ն կարող է ընդունել, եթե ՍԴ-ն տալիս է դրական եզրակացություն, գալիս  է երկրորդ ընթերցմամբ և չի ընդունվում օրենքը: Այդ ժամանակ միայն օրենքով նա իրավունք ունի հարցը դնել հանրաքվեի: Եթե ՍԴ հարակցություն չկա, այդ նախագիծը չի կարող ընդունվել, դրվել հանրաքվեի»:

Ինչ է ասում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը

Հունվարի վերջին 168․am-ին տված հարցազրույցում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարել է՝ ինքը «չի նահանջելու և պայքարելու է մինչև վերջ․ այս ճանապարհն է ընտրել, և որևէ մեկն իրեն չի կարող կանգնեցնել»։

Ավելի ուշ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հրայր Թովմասյանն ասել է՝ «ինքը հետաքրքրված չէ խորհրդարանական քննարկումներով»։ Իր լիազորությունների հնարավոր դադարեցման մասին հարցին Թովմասյանը պատասխանել է. «Իսկ ո՞վ ասաց, որ իմ լիազորությունները էդքան կարևոր են ինձ համար»։

Ինչ են ասում միջազգային կառույցները

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելն (Սլովենիա, ԵԺԿ) ու Կիմմո Կիլժունեն (Ֆինլանդիա, Սոց.) հայտարարություն են տարածել՝ կոչ անելով ՀՀ իշխանություններին սահմանադրական փոփոխությունների հարցով դիմել Վենետիկի հանձնաժողով՝ կարծիք ստանալու նպատակով։ «Մենք հավատում ենք, որ այս կարծիքը, որը կարող է շատ արագ ընդունվել հրատապ ընթացակարգով, արժեքավոր կլինի բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում հայ ընտրողների համար, եթե պետք է անցկացվի հանրաքվե»,- նշված է հայտարարության մեջ։

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն մտահոգություն է հայտնել Հայաստանում ստեղծված սահմանադրական ճգնաժամի կապակցությամբ՝ նշելով, որ կիսում է ԵԽԽՎ մոնիտորինգի համազեկուցողների մտահոգությունները կառավարություն-ՍԴ լարվածության վերաբերյալ: 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել