ՍԴ որոշումից հետո Վաչագան Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում չի կայացվել |pastinfo.am|
14:33 - 09 հուլիսի, 2019

ՍԴ որոշումից հետո Վաչագան Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում չի կայացվել |pastinfo.am|

pastinfo.am: Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի գործով նախաքննությունը շարունակվում է։ Այս մասին տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ ի պատասխան մեր հարցին՝ արդյո՞ք Սահմանադրական դատարանի ապրիլի 16-ի որոշման հիման վրա քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացրել է թե ոչ. «Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում չի կայացվել, ըստ այդմ՝ նախաքննությունը շարունակվում է»,-նշեց Օհանջանյանը։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը Վաչագան Ղազարյանի դիմումի քննության արդյունքում որոշել էր, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի՝ Վաչագան Ղազարյանի կողմից վիճարկվող 314.3 հոդվածով և 310.1-րդ հոդվածները համապատասխանում են Սահմանադրությանը, սակայն կոնկրետ մեկնաբանության եւ կոնկրետ հանգամանքների առկայության պարագայում. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով վիճարկվող դրույթները դիմողի նկատմամբ կիրառվել են այլ՝ Սահմանադրական դատարանի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով»,- նշել էր ՍԴ-ն։

Ղազարյանը դիմել էր ՍԴ` ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասի և 314.3-րդ հոդվածի կիրառումն իր նկատմամբ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու նպատակով։

Նա կարծում է, որ ինքը հանցագործության սուբյեկտ չէ, հետևաբար՝ հանցակազմը բացակայում է, ինչն էլ բացառում է արարքի հանցավորությունն ու պատժելիությունը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վաչագան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3 հոդվածով և 310.1 հոդվածի 1-ին մասով, այն է՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը եւ ապօրինի հարստանալը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել