Ռուս-թուրքական հարաբերությունների լարման ֆոնին Արցախում  իրավիճակի սրման կանխավարկած չեմ տեսնում․ թուրքագետ Անդրանիկ Իսպիրյան
17:52 - 05 մարտի, 2020

Ռուս-թուրքական հարաբերությունների լարման ֆոնին Արցախում իրավիճակի սրման կանխավարկած չեմ տեսնում․ թուրքագետ Անդրանիկ Իսպիրյան

Փետրվարի  27-ի գիշերը Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունները որակվեցին որպես ռուս-թուրքական նոր պատերազմ։ Փետրվարի 28-ին Թուրքիայի Հաթայ նահանգի ղեկավարը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն կորցրել է 33 զինվոր: Ռուսական կողմը նշել է, որ  Սիրիայի Իդլիբ նահանգում կառավարական ուժերի գնդակոծման տակ հայտնված թուրք զինվորները չպետք Է այնտեղ գտնվեին: Ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման մասին Infocom-ը զրուցել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ։

- Պարո՛ն Իսպիրյան, նախ կցանկանայի իմանալ Ձեր գնահատականը ռուս- թուքական հարաբերությունների լարվածության վերաբերյալ։ Ձեր կարծիքով՝ հնարավոր ի՞նչ զարգացումներ կարող են լինել։ 

- Ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությունը հիմնականում ընդգծվեց Սիրիայում՝ Իդլիբում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին։ Լարվածությունը բավականին բարձր մակարդակի է հասել,  նմանատիպ լարվածություն եղել է մեկ էլ չորս տարի առաջ, երբ թուրքական ուժերը Սիրիայի երկնքում  ռուսական օդանավ կործանեցին։ Թեև դրանից հետո հարաբերությունները բավականին ջերմացան, բայց ընդամենը մեկ քայլ էր պետք, որպեսզի հարաբերությունների ջերմացումը նույնքան արագ վերածվեր հարաբերությունների խիստ լարման, ինչը տեղի ունեցավ։ Այս ամենն անխուսափելի էր, ինչքան էլ Ռուսաստանը փորձեր ստիպել Թուրքիային Սիրիայում գործել Ռուսաստանի թելադրած կանոններով, որոշակի նվերներ անելով (որոշակի տարածքներում համատեղ պարեկություն իրականացնել)՝ պահել իրավիճակը։ Սիրիայում կար և կա սկզբունքային լուրջ տարաձայնություն․ Ռուսաստանը պաշտպանում է Սիրիայի իշխող կառավարությանը, իշխող ներկա նախագահին, Թուրքիան ամեն կերպ փորձում է գահընկեց անել Ասադին և իշխանության բերել իր հովանավորությամբ և ֆինանսավորմամբ գործող տարբեր ահաբեկչական խմբավորումների։

Բնականաբար մի օր պետք է այս հակադրությունը պայթեր, և դա պայթեց հենց Իդլիբում, սրա հետևանքն էր։ Քանի որ այս լարվածության գագաթնակետը փետրվարի 27-ին էր, երբ Սիրիական կառավարական ավիացիայի կողմից ծանր ռմբակոծության ենթարկվեցին ահաբեկիչների դիրքերը, իսկ ահաբեկիչների հետ էին նաև թուրք զինվորականները, որոնք սպանվեցին, ինչպես մյուս ահաբեկիչները։

Խնդիրը ինչո՞ւմն է․ Ռուսաստանը հետ չի կանգնում իր քայլեից, շեշտել է, որ ինքն ամեն կերպ շարունակելու է ահաբեկիչների դեմ պայքարը։ Սպանված թուրք զինյալների վերաբերյալ էլ Ռուսաստանը մեղադրեց Թուրքիային, որ վերջինս խախտել է պայմանավորվածությունը, հեռացել են Ռուսաստանի հետ նախապես պայմանավորված դիտակետից և գտնվել են ահաբեկիչների հետ միասին։ Թուրքիան փորձում է իր իշխանության դեմքը փրկել, վերջին օրերին սիրիական օդանավերի  խոցումը թուրքական ուժի կողմից այդ դեմքը փրկելուն ուղղված քայլերից մեկն է։ Ռուսաստանը անմիջական կողմի չի հանդիսանում  և որևէ խնդիր չունի, սակայն ունի լուրջ շահեր, ավելին՝ Սիրիայում գլխավոր խաղացողը հենց Ռուսաստանն է այս պահին։

- Չնայած որ լարված են հենց ռուս-թուրքական հարաբերությունները, երկու կողմերը չեն շեշտում այդ հանգամանքը, և թուրքական լրատվամիջոցները չեն թիրախավորում Ռուսաստանին և չեն նշում, որ կա ռուսական  միջամտություն։

- Հենց փետրվարի 27-ի հարցակումից հետո, երբ տարածվեց 33 զոհերի մասին տեղեկությունը, Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր դեսպանության առջև շատ մեծ  բողոքի ակցիա  է տեղի ունեցել՝ հակառուսական լոզունգներով։ Ավելին՝ Էրդողանի արտաքին հարաբերությունների գծով խորհրդականը ուղիղ եթերում մեղադրում է անմիջականորեն Ռուսաստանին և ասում, որ 16 անգամ պատերազմել ենք  և չպետք է խուսափենք ևս մեկ անգամ ռուսների հետ պատերազմելուց։ Ավելին՝ սպառնաց, նշելով, որ Ռուսաստանում կա 25 միլիոն մուսուլման, և Ռուսաստանին ներսից կպառակտեն։

Այսինքն՝ ոչ իշխանությունների բերանով, բայց իրենց արբանյակների միջոցով իրենք շեշտեցին, որ Ռուսաստանն է գլխավոր թշնամին։ Սոցկայքերում հակառուսական գրառումներ, տեսանյութեր, հակառուսական հիստերիա կա։ Իշխանությունը ուղղակի առաջին դեմքերի մակարդակով խուսափում է դրանից՝ թե՛ Էրդողանը, թե՛ Չավուշօղլուն, քանի որ հազիվ են կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Եթե միանգամից մեղադրեն Ռուսաստանին, բավականին մեծ հետընթաց կկատարվի։

- Արդյո՞ք կարող ենք ենթադրել, որ ԱՄՆ-ն աջակցում է Թուրքիային, և այս իրավիճակում ո՞րն է ԱՄՆ-ի շահը։

-Այս պահին Ամերիկան երջանիկ դիտորդի դերում է։ Սա Թուրքիայի համար դաս է։ Իհարկե, ԱՄՆ-ն Թուրքիայի դաշնակիցն է․ երկուսն էլ ՆԱՏՕ-ի անդամ են։ Բոլոր օրենքներով ԱՄՆ-ն պետք է աջակցի Թուրքիային։ Այս պահին Ամերիկան լրջորեն չի մասնակցում, քանի որ իրավիճակը դեռ շատ անկայուն է, և Ամերիկայի միջամտությունը կարող է էլ ավելի լարել ռուս-ամերիկյան առանց այն էլ ոչ բարվոք հարաբերությունները։

-Տարբեր աղբյուրներ և նաև փորձագետներ կարծում են, որ Թուրքիան ակնկալում է ՆԱՏՕ-ի աջակցությունը, սակայն, նշում էին, որ  ՆԱՏՕ-ի կանոնադրությունը նման հնարավորություն չի տալիս։ Կանոնադրական ի՞նչ սահմանափակումների մասին է խոսքը։

-Այլ երկրի տարածքում նման հնարավորություն չկա։ Թուքրիան ՆԱՏՕ-ին դիմեց արտակարգ հավաք իրականացնելու համար, արտակարգ նիստը տեղի ունեցավ հաջորդ օրը։ ՆԱՏՕ-ն նշեց, որ, այո՛, մենք պաշտպանելու ենք Թուրքիայի անվտանգությունը իր սահմանների ներքո, բայց այս պահի դրությամբ Իդլիբը Թուրքիայի սահմաններում չէ, ավելին Իդլիբում ահաբեկչական կազմակերպությունները ոչ թե Թուրքիայի դեմ են, այլ Թուրքիայի ներսում են։ Այստեղ կա հակասություն, և ՆԱՏՕ-ն որևէ բան չի կարող անել։ Թուրքիան է շարժվում ահաբեկչական կազմակերպությունների հետ։ Սա շատ նուրբ հարց էր և Թուրքիան փորձեց օգտագործել , սակայն չստացվեց։ Իսկ ԱՄՆ-ի դեպքում, ինչպես նշեցի, դեռ ուղղակի սպասումներ են, իհրակե, ՆԱՏՕ-ն ինչ հայտարարեց ՝  նաև ԱՄՆ-ի վերաբերմունք էր ներառում։ ՆԱՏՕ-ն նույնպես ունի պատճառ Թուրքիային դաս տալու՝ կապված Ս-400-ների սկանդալային գործարքների հետ։ Դա է պատճառը, որ ՆԱՏՕ-ն չի շտապում Թուրքիային չափից ավելին աջակցություն հայտնել։

-Թուրքագետները ունեն նաև նման կանխավարկած, որ իրավիճակի սրման դեպքում  հնարավոր է լարվածություն գրանցել նաև Արցախի սահմանին։ Ձեր կարծիքով նման կանխավարկածներ կան այս առումով և ըստ Ձեզ մինչև ո՞ւր կարող է հասնել այս լարվածությունը։

-Տեսականորեն շատ արագ է փոխվում իրավիճակը, շատ արագ զարգանում է և ուղիղ երկու ամիս առաջ դժվար էր լինում պատկերացնել, թե ինչ կլինի երկու օր առաջ։ Արցախի հետ կապված տեսականորեն կարող է լինել նման կանխավարկած, սակայն ես  չեմ կիսում այդ կարծիքը, որ Սիրիայում ռուս-թուրքական լարվածությունը Թուքիան կփորձի Արցախ բերել։ Չմոռանանք՝ Թուրքիան մի քանի տարի առաջ ընդունել է այդ ճշմարտությունը,  որ Արցախի հարցում կարևորը Ռուսաստանի դերակատարումն է։ Արցախի հարցում Ռուսաստանը այլ երկրի միջամտություն թույլ տալ չի կարող։ Արցախում՝ Թուրքիայի կողմից ոտնձգությունները վերջինիս կդնեն անհարմար վիճակի մեջ։ Իհարկե, այս հարցում Թուրքիան միշտ  էլ սատարել է Ադրբեջանին, բայց այս դեպքում իրավիճակի սրման կանխավարկած չեմ տեսնում։

Ասպրամ Փարսադանյան

 

 

 

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել