Ռուսաստանն առաջարկում է հետաձգել առցանց խանութներից ԵԱՏՄ երկրներ առանց մաքսատուրքերի ներմուծման շեմի իջեցումը
 |news.am|
20:40 - 09 ապրիլի, 2020

Ռուսաստանն առաջարկում է հետաձգել առցանց խանութներից ԵԱՏՄ երկրներ առանց մաքսատուրքերի ներմուծման շեմի իջեցումը |news.am|

news.am: Արտասահմանյան առցանց խանութներից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ ապրանքների առանց մաքսատուրքերի ներմուծման շեմի իջեցման հարցի քննարկումը կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի պատճառով պետք է հետաձգվի առնվազն մինչեւ 2021 թվականի կեսերը: Այս մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ)  խորհրդի արտահերթ նիստին հայտարարել է պետքարտուղար, ՌԴ ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Սազանովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Կարծում ենք, որ շեմերի փոփոխման հարցը չարժե քննարկել առնվազն մինչեւ հաջորդ տարվա կեսը եւ հնարավոր է` ավելի երկար: Այժմ մեզ համար ամենակարեւոր խնդիրը անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումն է` միջսահմանային առցանց առեւտրի ընթացակարգերի պարզեցման համար»,- ասել է փոխնախարարը, որին մեջբերում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

Առաջարկվում է նաեւ առցանց առեւտրի օպերատորի ինստիտուտ ստեղծել, որը ինքնուրույն կհայտարարագրի ապրանքները եւ մաքսատուրքեր կվճարի գնորդի փոխարեն: Սա էապես կարագացնի մաքսային վարչարարությունը եւ կպարզեցնի ընթացակարգերն առցանց առեւտրի շրջանակներում:

Ապրիլի 10-ին Եվրասիական միջկառավարական խորհուրդը նախատեսում է քննարկել միջազգային էլեկտրոնային առեւտրի շրջանակներում անձնական օգտագործման ապրանքների` առանց մաքսատուրքերի ներմուծման հարցերի կանոնակարգման մոտեցումները, ինչպես նաեւ` ԵԱՏՄ պետությունների միջեւ ազգային արժույթներով ներմուծման մաքսատուրքերի վճարման վերաբերյալ ԵԶԲ նախաձեռնությունը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել