hetq.am: «Ամբողջ գիշեր վատ էր, հյուրանոցով մեկ քայլում էինք։ Ասում էի՝ հիմա այս մարդիկ կիմանան բու ենք, գիշերը չենք էլ քնում։ Ցավից չէր կարողանում քնել։ Հետո սկսեց փսխել։ Ասեց՝ սրտիս շրջանում ցավ եմ զգում։ Զանգահարեցի շտապօգնություն։ Շտապօգնությունը եկավ, բժիշկն ասեց՝ անհապաղ հիվանդանոց պետք է տեղափոխենք»,- պատմում է Արմինե Բադալյանը, ում ամուսնուն՝ Վլադիմիր Մելիքբեկյանին, երեկ «Պրինց պլազա» հյուրանոցից տեղափոխել են հիվանդանոց։

Վլադիմիր Մելիքբեկյանն այժմ վերակենդանացման բաժանմունքում է։ Մոտ մեկ ամիս առաջ նրա սիրտը ստենտավորել են։ Արմինեն ասում է՝ վերջին օրերին ամուսինն անընդհատ դժգոհել է, որ չի կարողանում շնչել, օդը չի հերիքել, իրեն վատ է զգացել։

«Պրինց պլազա» հյուրանոցում արդեն մեկ ամիս ժամանակավոր կացարան է հատկացվել Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան վերադառնալ ցանկացող այն հայերին, ովքեր բնակության վայր չունեն։ Արմինեն ամուսնու հետ այդ հյուրանոց է տեղափոխվել ապրիլի 21-ին, քանի որ չեն կարողացել տան վարձը վճարել, իսկ տանտերը նրանց չի ընդառաջել։

Արմինեն պատմում է, որ բազմիցս դեսպանատան ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ ամուսնու առողջական վիճակը լավ չէ, ցանկանում են շուտափույթ Հայաստան վերադառնալ։

«Դեսպանությանը տեղյակ եմ պահել, որ ամուսինս հիվանդ է, մեզ պետք է անհապաղ Հայաստան հասնել, որ կարողանանք ստացիոնար բուժում ստանալ։ Ինքը որ հասել է այս վիճակին, ստացիոնար բուժում ստանալու արդյունքն է։ Իրենք ասեցին՝ ամեն ինչ լավ կլինի, մի նեղվեք, ամեն ինչ կանենք, որ առաջիկա թռիչքում դուք լինեք։ Բայց իմացանք ապրիլի 23-ին առաջիկա թռիչք է եղել, անգամ 20 հոգի թռչքին չի ներկայացել, մեզ էլ չեն ընդգրկել մեկնողների ցանկում՝ անգամ տեղյակ լինելով ամուսնուս առողջական խնդիրների մասին»,- ասում է Արմինե Բադալյանը։ 

Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսի տարածումից հետո փակվել են նրանց աշխատավայրերը, ամուսիններն անգործ են մնացել։ «Տանտիրոջն ասեցի՝ գոնե մեկ ամիս ժամանակ տվեք, այս վիճակն անցնի, ես նորից սկսեմ աշխատել, էլի յոլա կգնանք, տան վարձը կտնաք։ Բայց չհամաձայնեց, ասեց` դուրս եկեք»,- պատմում է Արմինեն:

Այլ կացարան չունենալով՝ ամուսինները դուրս են եկել վարձակալած բնակարանից և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության միջոցով տեղափոխվել են «Պրինց պլազա» հյուրանոց։

Մայիսի 2-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հայտնեց, որ մինչ մայիսի 10-ը Մոսկվայից դեպի Հայաստան չվերթ չի նախատեսվում։ Նախատեսվող թռիչքի հստակ ժամկետ դեռևս չկա։ Դեսպանությունը նաև տեղեկացրել էր, որ դեռևս հնարավորություն չունի վճարել վարձով բնակվող հայերի բնակարանների վարձավճարները:

Երեկ վատացել է նաև «Պրինց պլազա» հյուրանոցում գտնվող Կարինե Հովհաննիսյանի առողջական վիճակը։ Նա գտնվում է հղիության երրորդ ամսում։ Շտապօգնության բժիշկները եկել են հյուրանոց, որտեղ Կարինեն գտնվում է ամուսնու և չորսամյա որդու հետ։ «Բժիշկներն ասեցին՝ պետք է էխո անես, անալիզներ հանձնես, որ նոր նշանակումներ անենք։ Ասեցին՝ քեզ չենք կարող հիվանդանոց տանենք։ Ինձ հաճելի չի, որ ուրիշին խնդրեմ, ասեմ՝ գիտեք ինձ բուժում է պետք։ Ես ինձ այնքան վատ եմ զգում, որ դեսպանությանը այդքան գրում կամ զանգում եմ։ Երեկ դեսպանությունից զանգեցին, ասեցին՝ բժիշկները ինչ են ասել, բայց ամաչեցի անգամ ասեմ, որ դեղերի կամ էխոյի գումարը չունեմ»,- պատմում է Կարինե Հովհաննիսյանը։

Կարինեի առողջական վիճակը հղիության շրջանում վատթարացել է, այդ պատճառով որոշել էին ամուսնու և որդու հետ վերադառանալ Հայաստան, սակայն կորոնավիրուսի պատճառով թռիչքները դադարեցվեցին։

«Երիկամներիս հետ խնդիր ունեմ, շատ ծանր եմ տանում հղիությունը։ Ոտքերս ու ձեռքերս ուռում են։ Գումար էլ չունեմ, որ գնամ հիվանդանոց, բուժումներ ստանամ։ Արխային էի, որ երկու ամսական հղի եմ, կգնամ Հայաստան, բուժումներս էնտեղ կանեմ»,- ասում է Կարինե Հովհաննիսյանը։

Կարինեն ապրիլի 24-ից ամուսնու և որդու հետ տեղափոխվել է «Պրինց պլազա» հյուրանոց։

Շարունակությունը՝ hetq.am-ում