civilnet.am։ Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը ՌԴ տարածքում չեղարկվել է․ այս մասին հաղորդում է ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Նյութերի ուսումնասիրությունից հետո որոշվել է 2008թ․ մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների գործով մեղադրյալ Հարությունյանի նկատմամբ չեղարկել հետախուզումը»,- ասել է աղբյուրը՝ պարզաբանելով, որ այսպիսով, գեներալին Ռուսաստանի տարածքում ոչինչ չի սպառնում, բայց ԱՊՀ երկրներից մեկում հայտնվելու դեպքում Հարությունյանը կարող է ձերբակալվել և հանձնվել Հայաստանին։

«Ինտերֆաքս»-ի տեղեկանուն նաև հայտնել է, որ Հարությունյանի ձերբակալության և հանձնման պահանջ Մոսկվային ներկայացվել է ոչ թե ՀՀ դատախազության, այլ միջպետական հետախուզման գծով։ Ձերբակալության օրդերում նշված է եղել անգամ մեղադրյալի մոսկովյան տան հասցեն։

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը 2018թ․ հուլիսի 3-ին քրեական գործ է հարուցել 2008 թվականի մարտի 1-ի գործով։ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ։ Նրան մեղադրանք է առաջադրվել այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու համար:

Ավելին՝ civilnet.am-ում