Վաղը՝ սեպտեմբերի 4-ին,  Շրջակա միջավայրի նախարարությունը կհրապարակի «Լիդիան Արմենիա»-ի ներկայացրած ՇՄԱԳ-ի վերաբերյալ եզրակացությունը։ ELARD միջազգային փորձագիտական  ընկերության հետ տեսակոնֆերանսի վերջում Էրիկ Գրիգորյանը նշեց, որ սպասում են Գիտությունների ազգային ակադեմիայի կարծիքին, որը կստանան մինչ սեպտեմբերի 4-ը։

Վերոնշյալից ելնելով՝ որոշեցինք զրուցել ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ռիսկերի  և աղետների  կառավարման փորձագետ Լիլիթ Գևորգյանի հետ, ով նշեց մի շարք թերություններ «Լիդիան Արմենիա»-ի ներկայացրած ՇՄԱԳ-ում, որոնք կներկայացնենք ստորև։

Աղետների ռիսկը բազմաչափ մեծություն է՝ պայմանավորված վտանգի աստիճանից, ուսումնասիրվող համակարգի խոցելիությունից և ուսումնասիրվող համակարգի արժեքից։

Ռիսկ = Վտանգ x Խոցելիություն x Ազդեցության գոտու համակարգի արժեք
(Risk = Hazard x Vulnerability x Exposure)

Ամուլսարի նախագծում ռիսկը հաշվված է որպես ազդեցության և հավանականության արտադրյալ՝

Ռիսկ = Ազդեցություն x Հավանականություն
(Risk = Impact x Probability)

Այսինքն, խոցելիությունը և ազդեցության գոտու համակարգի արժեքի արտադրյալը հենց հնարավոր ազդեցությունն է, իսկ վտանգը որոշակի ուժգնության բնական իրադարձության (երկրաշարժ, հեղեղ, սողանք) հավանականությունն է։

Քանի որ նախագծում առկա են բնական (երկրաշարժ, հիդրոլոգիական) և մարդածին (շահագործման, աշխատանքային) վտանգներ, ապա ամբողջ ռիսկը դառնում է այս բոլորով պայմանավորված ռիսկերի հանրագումար։

Անդրադառնանք բնական վտանգներով պայմանավորված ռիսկերի 3 բաղադրիչներին հերթով։

Սեյսմիկ վտանգ

Հիմնական հաշվետվությունում երևում է, որ սեյսմիկ վտանգի հավանականային գնահատման համար օգտագործված մոդելները հին են և կիրառելի չեն Հայաստանի տարածքի համար։

Ջրհեղեղների վտանգ

Ջրհեղեղները հիդրոլոգիական վտանգների մաս են և ունեն մի քանի տեսակ։ Ամուլսարի նախագծում դիտարկվել են վարարումները (fluvial floods) և հեղեղները (storm surge): Ամուլսարի Ջրհեղեղների Ռիսկի գնահատման զեկույցում (Flood Risk Assessment, Golder Associates) կատարող կողմը կատարել է միայն վտանգի գնահատում՝ այն էլ ակնհայտ թերություններով․

Մաթեմատիկական մոդելները անընդունելիորեն պարզեցված են.

  • simple rational method calculation մեթոդը կիրառելի է միայն շատ փոքր ջրահավաք ավազանների համար՝ մինչև 0.8 քկմ (Thompson 2006, The rational method)

Չկան ինտեգրված կլիմայի փոփոխության տեղային մոդելներ․

  • կլիմայական փոփոխությունները մեծացնում են տեղումների ինտենսիվության և տևողության գնահատականի անորոշությունը: 

Մեծ բարձրությունների վրա տեղումների տվյալներ չունենալու պատճառով դրանք լրացվել են Միացյալ Թագավորության նմանատիպ տեղանքի տվյալներով․

  • Փոխարենը պետք էր կատարել տվյալների սիմուլյացիա
  • Նկարագրված չեն նաև կիրառված հավանակային մոդելները

Չի կատարվել ստոխաստիկ մոդելավորում (stochastic modeling), որն անհրաժեշտ է հիդրոլոգիական իրադարձությունների մոդելավորման համար․

  • Ստոխաստիկ մոդելները թույլ են տալիս ինտեգրել պատահական իրադարձությունները (randomness), ի տարբերություն հավանականային մոդելների։

Այս բոլոր թերություններն ու գնահատականները կատարված են հենց վտանգի գնահատման փուլում, հետևաբար հանդիսանում են հիմք բոլոր հետագա ռիսկի հաշվարկների համար։ Սա բերում է վերջնական արդյունքների փաստացի անհիմն լինելուն են և չեն կարող օգտագործվել որոշում կայացնելիս:

Խոցելիություն

Խոցելիությունը սահմանվում է որպես վնասվելու պոտենցիալ։ Գոյություն ունի երկու տեսակի խոցելիություն՝ ինժեներական և սոցիալ-տնտեսական։ Ինժեներական խոցելիությունը նկարագրում է մեկ էլեմենտի վնասվելու պոտենցիալը վտանգի աստիճան-վնաս հավանականային կորերով, իսկ սոցիալ-տնտեսականը նկարագրում է համակարգային խոցելիությունը՝ պայմանավորված սոցիալական, տնտեսական, բնապահպանական, ինստիտուցիոնալ և այլ պայմաններից։

Սոցիալ-տնտեսական խոցելությունը կախված է բազմաթիվ գործոններից, որոնք խիստ կախված են յուրաքանչյուր ուսումնասիրվող համակարգից։ Սոցիալ-տնտեսական խոցելիությունը երբեմն դիտարկվում է որպես դիմակայունության (resilience) հակադիր մեծություն։ Գոյություն ունեն բազմաթիվ մեթոդներ սոցիալ-տնտեսական խոցելիությունը/դիմակայունությունը գնահատելու համար (Cutter et al, 2010), բայց Լիդիանի հաշվետվություններում բերված են միայն նկարագրական աղյուսակներ, որոնք չեն ապահովում որևէ քանակական հիմնավորում։ Օրինակ, անհասկանալի է, թե ինչպե՞ս կարող է Ջերմուկի տուրիզմին վերագրել բարձր դիմակայունություն (Amulsar Gold Mine Project: Environmental and Social Impact Assessment, Chapter 7)։ Սա ուղղակի անհնար է բացատրել։

Ազդեցության գոտում գտնվող ուսումնասիրվող համակարգի արժեք (Exposure)

Այս նախագիծը կարևոր ազդեցություն ունի տարբեր համայնքների, էկոհամակարգերի և էկոհամակարգերի ծառայությունների վրա, ուստի ազդեցության տիրույթում գտնվող տարրերը ձևավորում են մի ամբողջ համակարգ, որի նյութական արժեքը կազմվում է առանձին տարրերի արժեքների հանրագումարով (exposure): Այս համակարգը ինքնին բազմաչափ է, որի բաղադրիչներն են մարդիկ, շենքերն ու շինությունները, ենթակառուցվածքները, բիզնեսը, էկոհամակարգերն ու դրանց ծառայությունները և այլն։

Այն ամենն, ինչ ունի նյութական և մշակութային արժեք։ Եթե օգտվենք տնտեսագիտության մեջ ընդունված մեթոդից, ամբողջական համակարգը դիտվում է որպես հետևյալ 5 տիպի կապիտալի համախումբ․ մարդկային, սոցիալական, ֆինանսական, բնական և արտադրական (human, social, financial, natural, manufactured capital):

Այս բոլորը դիտարկելու փոխարեն, ՇՄԱԳ-ում դիտարկվում են կամայականորեն ընտրված տարրեր՝ առանց քանակական և անալիտիկ վերլուծության։ Այդպիսի վերլուծությունը պահանջում է մեծ թվով մասնագետների խումբ, որոնք ոչ միայն պետք է գնահատեն ամբողջ կապիտալի ներկայիս արժեքը, այլ նաև ներկայացնեն արժեքի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կանխատեսումները։

Մի քանի բացթողումների օրինակ էկոհամակարգերի և դրանց ծառայությունների արժեքների գնահատաման ժամանակ

  • Էկոհամակարգերի ծառայությունների ունեն ուսումնասիրման 2 մասշտաբ՝ ֆունկցիոնալ և տարածական, սակայն ընտրվել է տարածական մասշտաբը՝ այսպիսով արհեստականորեն նվազեցնելով էկոհամակարգերի ծառայությունների արժեքն ու նշանակությունը։
  • Բերված են միայն նկարագրական գնահատականներ՝ առանց քանակական գնահատականների։
  • Էկոհամակարգերի և դրանց ծառայությունների դիմակայությունը (resilience) ևս կատարվել է միայն նկարագրական մակարդակով։

Այս փուլում ևս թերի գնահատելով նյութական արժեքը՝ նվազեցվում է հնարավոր կորուստների արժեքը և, հետևաբար, ռիսկերը։ Այսինքն, ելակետային տվյալների անճշտությունը բերում է ռիսկերի թերագնահատմանը։

Ռիսկերի գնահատում

  • Սեյսմիկ ռիսկի գնահատում կատարված չի։ Կատարվել է միայն վտանգի գնահատում, այն էլ ինչպես նշված է ԷԼԱՐԴի եզրակացությունում՝ անընդունելի մակարդակով։
  • Ջրհեղեղների ռիսկի դասական գնահատում առհասարակ կատարված չի։ Կատարվել է միայն ջրհեղեղների վտանգի գնահատում, այլն էլ միայն գետերի ջրերի վարարումների համար։ Կլիմայի փոփոխությունը պարտադրում է ուսումնասիրել հնարավոր հիդրոլոգիական պրոցեսներ և հեղեղների ռիսկերը մասնավորապես։
  • Բացակայում է սողանքների ռիսկի գնահատումը։

Բացի վտանգի և ազդեցության տիրույթի նյութական արժեքի գնահատման ակնհայտ բացթողումներից, Ամուլսարի հանքի շահագործման ծրագիրը ներկայացնում է միայն ռիսկերի կառավարման ինժեներական լուծումներ։ Սա բացարձակորեն հակասում է ռիսկերի կառավարման հիմնական գաղափարին, որն առաջացել է հենց ինժեներական հնարավոր բացթողումներն ու աղետները ֆինանսական գործիքներով ապահովագրելու անհրաժեշտությունից։

  • Չկա ֆինանսական ռիսկերի որևէ քանակական գնահատական
  • Չկա այդ ֆինանսական ռիսկերի նվազեցման որևէ մեխանիզմ
  • Հասկանալի չէ, թե կա արդյոք ֆինանսական ռիսկերը ապահովագրող մարմին և եթե այո, որ մասն է ապահովագրում։

Կարևոր է, որ Միջազգային ֆինանսական կորպորացիան (International Finance Corporation) դադարեցրել է իր մասնակցությունը այս ծրագրում, իսկ Եվրոպական զարգացման և վերակառուցման բանկը դեռ չի վերահաստատել իր համաձայնությունը։

Նկարագրված թերություններն ու գնահատականները կատարված են հենց վտանգի և նյութական արժեքների գնահատման փուլում, հետևաբար հանդիսանում են հիմք հետագա բոլոր հաշվարկների համար։ Հիմնվելով սխալ ելակետային գնահատականների վրա՝ մենք չենք կարող տալ ռիսկերի հուսալի և տրամաբանական գնահատական։ Այս փուլում կատարված գնահատականները բավարար և գիտականորեն հիմնավոր չեն, և հետևաբար չեն կարող օգտագործվել որևէ որոշում կայացնելիս։