Մարտի 27-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» հաղորդաշարին: ՀՀ դեսպանն իր հարցազրույցում անդրադարձել է Ռուսաստանի հայ համայնքում տիրող իրավիճակին, սահմանափակումների հետևանքով ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրներին, Վերին Լարսի անցակետի խնդրին, ներկայացրել է ՌԴ-ում ՀՀ դեսպանություն և հյուպատոսություններ դիմող քաղաքացիներին հուզող հիմանական հարցերը:

Ստորև` հատված հարցազրույցից.

«Հարց. Պարոն դեսպան, մեր համայնքում կա՞ն վարակվածներ։ Ե՛վ ՌԴ քաղաքացիներ, բայց ազգությամբ հայեր, և՛ ՀՀ քաղաքացիների մասին է խոսքը։

Վարդան Տողանյան. Այս պահին մենք ունենք տեղեկություն միայն մեկ ՀՀ քաղաքացու մասին, որը Սոչիում՝ Կրասնոդար ժամանելուց հետո մեկուսացվել էր ինֆեկցիոն հիվանդանոցում։ Այլ տվյալներ այս պահին չունենք։

Հարց․ Դուք գիտեք, որ Ռուսաստանում կան նաև ՀՀ քաղաքացիներ, որոնք արտագնա աշխատանքի են եկել և շատերն օրավարձով են աշխատում։ Այս կարանտինն ու սահմանափակումները նրանց սոցիալական վիճակի վրա ինչպե՞ս են անդրադառնալու։ 

Վարդան Տողանյան․ Սա կարևորագույն հարց է, որն իրականում, տնտեսական հետևանքների առումով,  լուրջ ազդեցություն կունենա նաև Հայաստանի վրա։ Այս խնդիրը մի շարք խնդիրների թնջուկ է, որովհետև այն սահմանափակումները, գործում են մի շարք ոլորտների վրա՝ շինարարություն, սպասարկման ոլորտ, մեծածախ առևուր, առևտրի կենտրոններ։ Սրանք կամ սահմանափակված են, կամ, մարդկանց քանակի, սահմանափակումների հետ կապված համարյա թե չեն աշխատում կամ փակվելու եզրին են։ Դա կնշանակի, որ այս ոլորտում ներգրավված ՀՀ քաղաքացիները, ինչպես սեզոնային այնպես մշտապես բնակվող,  և այդ ոլորտներում՝ շինարարության և առևտրի, ընդգրկվածների թիվն իսկապես շատ է, բնականաբար այս պահին ունեն խնդիրներ իրենց համապատասխան ձեռնարկությունները կամ օբյեկտները փակելու, ժամանակավորապես դադարեցնելու, Հայաստան վերադառնալու։ Եվ սա օբյեկտիվ խնդիր է․ չունենալով եկամուտներ, ՌԴ-ում գտնվելու հնարավորություն մեծ մասի մոտ այլևս չի լինի և ստիպված կլինեն վերադառնալ։ Խնդիրը կծագի քիչ ավելի ուշ, որովհետև սահմանափակումները նոր են սկսվել և մարդիկ պետք է կայացնեն համապատասխան որոշումներ։ 

Հարց. Ցամաքային սահմանի մասին խոսենք։ Ցամաքային սահմանը Վրաստանի միջոցով դեպի Ռուսաստան տեղափոխվելու, գիտեք, որ փակ է, բայց մեր արտահանումների մեծ մասը այդպես էր իրականացվում դեպի ՌԴ։ Արտահանումների մասով գործարարներն ի՞նչ դժվարություններ ունեն այս պահին։

Վարդան Տողանյան․ Նախ այդ օրերին, երբ որ տեխնիկական պատճառներով փակված էր Վերին Լարսի սահմանը, կային կուտակումներ։ Այսօր, կարծես թե, այդ կուտակումները լրիվ չեն վերացել, որովհետև ժամանակ է անհրաժեշտ և փոխադրումների ժամկետը, տեխզննման համակարգը, դոլար, ռուբլի, դրամ հարաբերակցությունն է շեշտակի փոխվել, պայմանավորվածությունները, որ եղել են նախկինում, գները ռուսաստանյան խանութներում դեռ լիովին չեն փոխվել և չեն համաձայնեցվել նույն կուրսերի հետ։ Այսինքն, այստեղ կան նմանատիպ հարցեր և դա շարունակական կլինի, որովհետև մեր արտադրողները վարկավորվում են հիմնականում ԱՄՆ դոլարով, այստեղ վաճառքը ռուսական ռուբլով է։ Մյուս հարցն այն է, որ ոչ առաջին անհրաժեշտության ապրանքները՝ սննդամթերը և այլն, բնականաբար դրանց կարիքը կա և կարծում եմ փոփոխություն չի լինի։ Ինչ վերաբերում է խմիչքներին և թեթև արդյունաբերության այլ արտադրանքներին, ոսկերչության ճյուղում, գիտեք՝ վերջին մեկ-երկու տարում մենք ռեկորդային առևտրատնտեսական աճ ունեինք` 29 տոկոս։ Այդ աճում ներառված էին նաև այդ ապրանքները՝ թեթև արդյունաբերության, ոսկերչության, այդ թվում՝ խմիչքները (գինի, կոնյակ)։ Դրանց քանակը, բնականաբար, ըստ վերջին մեկ-երկու շաբաթվա վիճակագրության, որը մենք ստանում ենք  Ռուսասատանի էկոնոմիկայի նախարարությունից, խոսում են նրա մասին, որ այս ապրանքատեսակների կտրուկ նվազում կլինի ։

Հարց․ Երբ հայտարարվեց, որ Ռուսաստանը տարանցիկ ճանապարհ է Հայաստան վերադառնալու համար։ Ի՞նչ ցուցանիշներ ունենք, դիմու՞մ են արդյոք քաղաքացիները այս հարցով։ Եվ կորոնավիրուսի տարածման պայմաններում հիմնականում ի՞նչ հարցերով քաղաքացիները դիմում դեսպանատուն։ 

Վարդան Տողանյան․ Օդային ճանապարհը դեռ կա, և չվերթները այսօր դեռ տեղի են ունենալու։ Բայց Ռուսաստանի տարբեր մարզային կենտրոններից, մասնավորապես, Սոչիից, Կրասնոդարից, Ստավրոպոլից, Ռոստովից, Եկատերինբուրգից, Նովոսիբիրսկից դադարեցվեցին չվերթները։ Դա ինչ-որ չափով աժիոտաժ առաջացրեց, որովհետև մարդիկ նախ պետք է տեղաշարժվեն Մոսկվա, չնայած այն հանգամանքին, որ ներռուսաստանյան և դեպի Հայաստան տոմսերի գինը շեշտակի նվազել են։»

Հարցազրույցն ամբողջությամբ հասանելի է տեսանյութում: