ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին հորդորում է լքել «Դոմոդեդովո» օդանավակայանի տարածքը
20:22 - 16 ապրիլի, 2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին հորդորում է լքել «Դոմոդեդովո» օդանավակայանի տարածքը

Ելնելով հնարավոր վարչական պատասխանատվության կիրառումը բացառելու անհրաժեշտությունից՝ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի ղեկավարությունը իր խնդրանքն է փոխանցել ՌԴ-ում ՀՀ դեսպանություն՝ հերթական անգամ հորդորելու ՀՀ քաղաքացիներին հնարավորինս սեղմ ժամկետում լքել օդանավակայանի տարածքը։ «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ այս մասին տեղեկացրել է Ռուսաստանում Հայաստանի դեպանությունը։

«Հայտնում ենք, որ մեծ թվով մեր քաղաքացիներ այս օրերին շարունակում են նախընտրել մնալ «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ առաջացնելով նաև կուտակումներ, որոնք ՌԴ կառավարության կողմից ներդրված առողջապահական անվտանգության միջոցառումների խախտում են։ Այս առնչությամբ այսօր դեսպանությանն է կրկին դիմել «Դոմոդեդովո» օդանավակայանի ղեկավարությունը՝ արձանագրելով, որ քաղաքացիների՝ օրեր շարունակվող կուտակումներն արդեն իսկ խնդրահարույց իրավիճակ են ստեղծել օդանավակայանի տարածքում՝ խախտելով ք․ Մոսկվայում և Մոսկվայի մարզում սահմանված կարանտինային ռեժիմի պահպանման կանոնները։

Մասնավորապես, օդանավակայանի համապատասխան ծառայություններն այս օրերին արձանագրել են սահմանված կարանտինային ռեժիմի դրույթների խախտման բազմաթիվ դեպքեր, որոնք մեծամասամբ կապված են սոցիալական հեռավորություն չպահպանելու և առողջապահական անվտանգության այլ միջոցառումներ չիրականացնելու հետ։

Ելնելով վերոնշյալից և հնարավոր վարչական պատասխանատվության կիրառումը բացառելու անհրաժեշտությունից՝ օդանավակայանի ղեկավարությունը իր խնդրանքն է փոխանցել ՌԴ-ում ՀՀ դեսպանություն՝ հերթական անգամ հորդորելու ՀՀ քաղաքացիներին հնարավորինս սեղմ ժամկետում լքել օդանավակայանի տարածքը։

Այս առումով կրկին խնդրում և հորդորում ենք մեր հայրենակիցներին՝ զերծ մնալ օդանավակայանում գտնվելուց և առաջիկա չվերթին սպասել այլ վայրերում։ Կրկին կոչ ենք անում կեցության խնդիր ունեցող քաղաքացիներին օգտվել դեսպանության կողմից հատկացված հյուրատներ տեղափոխվելու հնարավորություններից։

Կրկին նշենք, որ առաջիկայում Մոսկվայից դեպի Հայաստան թռիչք չի նախատեսվում։ Հնարավոր թռիչքի մասին տեղեկատվություն ունենալուն պես կհայտնենք լրացուցիչ»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել