armenpress.am: Հայաստանը շարունակում է դասակարգվել ցածր արտաքին պարտքի բեռ ունեցող երկրների շարքին, սակայն  ստեղծված իրավիճակի պայմաններում պարտքի ավելացումն անխուսափելի է: Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

«Առաջարկված սցենարով 324 մլրդ դրամի պակասուրդ է ենթադրվում: Այդ 324 մլրդ դրամի պակասուրդի ֆինանսավորման համար մենք դիտարկում ենք բոլոր հնարավոր տարբերակները՝ ներառյալ վարկային միջոցների ներգրավում միջազգային ֆինանսական կազմակերպություններից՝ Արժույթի միջազգային հիմնադրամի մեր գործընկերներից, Համաշխարհային բանկից և մեր մնացած բոլոր գործընկերներից: Ինչպես նաև ներքին շուկային պետական պարտատոմսերի տեղաբաշխման միջոցով պարտքի ներգրավումը որպես տարբերակ դիտարկում ենք:  Անխուսափելի է պարտքի մեծության փոփոխությունը՝ թե բացարձակ, թե հարաբերական իմաստով»,-ասաց Ջանջուղազյանը:

Նա շեշտեց՝ ստեղծված իրավիճակը հենց այն իրավիճակն է, որ պարտադիր է դարձնում հենց այդ ճանապարհով միջոցառումներ իրականացնել՝ հակազդելու համար հնարավոր բացասական զարգացումներին: Այդ տրամաբանությամբ էլ ներկայացված է սցենարը:

Անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ձևակերպմանը՝ Ջանջուղազյանն ասաց՝ առաջարկվում է, որ կառավարությանը հնարավորություն տրվի ճկունության ավելի մեծ աստիճան ունենալ՝ համարժեքորեն արձագանքելու համար ծագող իրավիճակներին՝ այդուհանդերձ ունենալով որոշակի սահմանափակում: «Այդ սահմանափակումը տվյալ դեպքում պետական բյուջեի դեֆիցիտի չափն է՝ 324 մլրդ դրամ կամ կանխատեսվող ՀՆԱ-ի մոտ 5 տոկոսը»,-ասաց նա: