Պետք է բացառել այն դեպքերը, որ բանկերը, կփորձեն առիթից օգտվելով, վերանայել վարկավորման պայմանները. Թունյան |armtimes.com|
15:56 - 18 մարտի, 2020

Պետք է բացառել այն դեպքերը, որ բանկերը, կփորձեն առիթից օգտվելով, վերանայել վարկավորման պայմանները. Թունյան |armtimes.com|

armtimes.com: Դատելովար ձագանքներից՝ թե՛ բիզնես շրջանակները եւ թե՛ հասարակությունը սպասում էին արտակարգ դրություն հայտարարելու որոշմանը, քանի որ հասկանում էին, որ սա անհրաժեշտ միջոցառում է։ Նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

Սակայն, նրա կարծիքով, մի քիչ իրազեկվածության ավելացման կարիք կա, որովհետեւ շատերի, հատկապես տնտեսվարողների համար, հարցականներ եւ անորոշ կետեր կան, որոնց պետք է պատասխանել ու հստակություն մտցնել։

- Պարո՛ն Թունյան, ՀՀ-ում արտակարգ դրության ռեժիմը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ տնտեսության վրա։

-  Տնտեսական իրավիճակի վրա ավելի շատ ազդեցություն կունենա, թե փաստացի կորոնավիրուսի տարածման տեմպն ինչպիսին կլինի, եւ մեր քաղաքացիներն ինչպիսի վարքագիծ կդրսեւորեն։ Կորոնավիրուսի պատճառով տուժել են տուրիզմի, հանրային սննդի եւ այլն ոլորտներ։ Իսկ դրանք ավելի շատ մարդկանց վարքագծով են պայմանավորված։ Օրինակ՝ զբոսաշրջիկը, դրանով պայմանավորված, չի այցելում այլ երկիր։ Այսպես թե այնպես այդ ոլորտի ներկայացուցիչներն իրենց վրա այդ ազդեցությունը զգալու էին։ Եթե հիմա արտակարգ դրությամբ պայմանավորված ավելի կոշտ միջոցառումներ լինի, օրինակ՝ արգելվի որոշ վայրեր ընդհանրապես գնալը, կամ որոշ օբյեկտներ փակվեն, ավելի կմեծանա այդ ազդեցությունը։

- Կենտրոնական բանկը կկարողանա՞ այս ընթացքում ֆինանսական շուկա նկայուն պահել։

- Կենտրոնական բանկի առումով ես այդ վստահությունը ունեմ. դա պայմանավորված է ոչ միայն ԿԲ-ի պրոֆեսիոնալիզմի, այլեւ այն հանգամանքով, որ ունենք բավականաչափ ռեսուրսներ։ Այս պահին հիմքեր՝ չկան ենթադրելու, որ իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ։ Իրավիճակի վրա ավելի շատ կարող են ազդել սպասումները, խուճապային տրամադրությունները, քան օբյեկտիվ հանգամանքները։

- ՊԵԿ-ն իր աշխատանքը ինչպե՞ս է շարունակելու, հաշվի՞ են առնվելու որոշ բիզնեսների հնարավոր վնասների հանգամանքը, շահութահարկի վճարման առումով զիջումներ կլինե՞ն։

- Եթե մենք ունենք բիզնեսի որոշակի դժվարություններ, բնականաբար, դա որոշ չափով կդժվարացնի հարկերի հավաքագրումը։ Բայց հենց այդ հարցն էլ քննարկումների հիմնական կետերից մեկն է։ Երեկ շատ էր խոսվում հարկային արձակուրդների մասին։ Այստեղ պետք է հասկանալ՝ հարկային արձակուրդնե՞րն են նպատակահարմար, թե՞ մեկ այլ օգնության ձեւ։ Դրանք պետք է լինեն խիստ նպատակային ու թիրախային։ Որովհետեւ, եթե մենք թացը չորի հետ խառնենք, կարող է ստացվել, որ, օրինակ, գերշահույթով աշխատող ընկերությանը հարկային արձակուրդ տրամադրվի, եւ տուրիզմի ոլորտի ընկերությանը հարկային արձակուրդ տրամադրվի, ինչը ոչ միայն անարդար կլինի, այլեւ՝ սխալ։ Դա արդեն վատ հետեւանքների է բերելու։ Այդ քայլերը պետք է շատ զգուշությամբ անել, քանի որ այս ցնցումը ժամանակավոր է։ Բայց եթե հիմա մենք սխալ քայլեր իրականացնենք՝ թե՛ հարկաբյուջետային առումով եւ թե՛ վարկերի առումով, այդ սխալ քայլերի հետեւանքները շատ ավելի երկար են տեւելու։

- Մի շարք առեւտրային բանկեր որոշեցին վարկերի մարումները հետաձգել, բայց, այնուամենայնիվ, որոշ բանկեր չգնացին զիջումների։ Այս դեպքում ի՞նչ պետք է անի պետությունը, եւ ինչպե՞ս պետք է վճարի այդ վարկը այն քաղաքացին, որը չի կարողանա այս ընթացքում եկամուտ ստանալ։

- Մենք ինչքան էլ ասենք, որ վարկային արձակուրդ է պետք, պետք է հաշվի առնել, որ բանկերը նույնպես ֆինանսական պլանավորում են անում, եւ իրենք էլ պետք է ավանդների գծով մարում իրականացնեն։ Բանկերի մի մասը որոշ քաղաքացիների հետ անհատական են աշխատելու։ Իսկ այն ռիսկային հաճախորդների դեպքում, որոնց վրա ազդեցություն չունի՝ համաճարակ է, թե արտակարգ իրավիճակ, եւ նրանք այսպես թե այնպես անպարտաճանաչ վարկառու են, կարծում եմ՝ ճիշտ կլինի այդ դեպքերում թույլ տալ, որ բանկն անհատական մոտեցում ցույց տա։ Բայց կարծում եմ, որ քաղաքացիների եւ բանկերի համար պետք է հստակ կանոններ լինեն, եւ քաղաքացին իմանա, թե որ դեպքում կարող է դիմել իր վարկը վերակառուցելու կամ վճարումները հետաձգելու խնդրանքով։ Պետք է նաեւ բացառել այն դեպքերը, որ բանկերը, օգտվելով այդ հանգամանքից, կփորձեն վերանայել վարկավորման պայմանները։ Ես չեմ ուզում այդ կանխավարկածով առաջ շարժվել եւ հույս ունեմ, որ մեր բանկերը պատասխանատու վարքագիծ կդրսեւորեն, բայց նախկինում եղել են դեպքեր, երբ քաղաքացիները դիմել են, բանկը ասել է՝ լավ, համաձայն եմ ժամկետի առումով ընդառաջ գնալ, բայց վարկի արժույթը պետք է փոխենք դրամից դոլար կամ տոկոսադրույքը վերանայենք։ Ամեն դեպքում որքան կանոնները հստակ լինեն, այդքան ավելի լավ։

- Շատերը նշում էին, որ վարկային կազմակերպությունները որեւէ ընդառաջման չեն գնացել։ Այստեղ իշխանությունը անելիք ունի՞։

- Դա նույնպես քննարկելու ենք։ Արդեն որոշ հարցեր այս առումով քննարկել ենք Կենտրոնական բանկի հետ։ Մեծ հաշվով բանկերն ու վարկային կազմակերպությունները մասնավոր ընկերություններ են, եւ պետությունն այստեղ իրավունք էլ չունի ասել, թե ինչպես վարվեն։ Այստեղ ավելի շատ շեշտը դրվում է սոցիալական պատասխանատվության սկզբունքի վրա... Կարծում եմ՝ վաղ թե ուշ նրանք այդ վարքագիծը ստիպված են լինելու փոխել, որովհետեւ երկարաժամկետ հեռանկարում դա իրենց վրա ավելի վատ հետեւանքներ է ունենալու։

Ավելին՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել