Պետությունը կավելացնի քաղցկեղի բուժման ծախսերը և կներդնի դրա դեմ պայքարի ռազմավարություն. ՀՀ-ում է ԱԷՄԳ պատվիրակությունը
15:05 - 12 ապրիլի, 2019

Պետությունը կավելացնի քաղցկեղի բուժման ծախսերը և կներդնի դրա դեմ պայքարի ռազմավարություն. ՀՀ-ում է ԱԷՄԳ պատվիրակությունը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) և առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչներին, որոնք Impact առաքելության շրջանակներում այցելել են Հայաստան և գնահատել երկրի ուռուցքաբանության ծառայության կարողությունները:

ԱԷՄԳ առաքելության պատասխանատու Արսեն Յուրիչը ներկայացրել է անցկացրած հետազոտությունների նախնական արդյունքները` արձանագրելով այս ոլորտում առկա խնդիրները, բացթողումները, ինչպես նաև հանդես է եկել առաջարկներով և ուռուցքաբանության ծառայության կտրուկ բարեփոխմանն ուղղված հնարավոր լուծումներով:

Առաքելությունը գնահատել է փուլ առ փուլ կատարվող ծառայության քայլերը` սկսած առաջնային օղակում կանխարգելիչ միջոցառումներից մինչև պալիատիվ խնամք:

Արսեն Յուրիչն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել քաղցկեղի առաջացման ռիսկի գործոնների վրա, մասնավորապես նշելով ծխելը, ալկոհոլի չարաշահումը, պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման բնակչության քիչ ներգրավվածությունն այն դեպքում, երբ պետությունն անվճար տրամադրում է միջազգային չափորոշիչներին համապատասխան պատվաստանյութը:

«Կան գնահատականներ, որ Հայաստանում քաղցկեղ ունեցողների 55 տոկոսի մոտ ռիսկի գործոնը ծխելն է»,- շեշտել է Արսեն Յուրիչը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել առաքելության ներկայացուցիչներին և նշել, որ ուռուցքաբանության ոլորտը նախարարության առաջնահերթություններից է:

«Նախատեսում ենք հաջորդ տարվա բյուջեում քաղցկեղի ախտորոշման և բուժման ֆինանսավորման զգալի ավելացում, սկրինինգային նոր ծրագրերի, ինչպես նաև քաղցկեղի դեմ պայքարի ազգային ռազմավարության ներդրում»,- ասել է Թորոսյանը:

Առաքելության այցի արդյունքում առաջիկայում պատրաստվելու է ոլորտը գնահատող զեկույց ոչ միայն ծառայության կարողությունների, այլև ճառագայթային անվտանգության մասով:

Կողմերը հույս են հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական և ավելի համապարփակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել