armenpress.am։ Նիկոլ Փաշինյանը հանձնարարական է տվել ևս մեկ անգամ, հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը, քննարկում կազմակերպել նախքան Իրանից ներկրվող ցեմենտի համար պետտուրք սահմանելու մասին օրենքի ընդունումը:

Այս մասին Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի կազմակերպած ցեմենտի օրինագծի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկմանը հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության արդյունաբերական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը:

«Պետք է հաշվի առնել կառուցապատողների, ցեմենտ օգտագործողների շահերը: Օրենքը քննարկման փուլում է, և դեռ ԱԺ-ի լիագումար նիստի օրակարգ պետք է ներառվի: Հաշվի առնելով նաև կլինկերի հետ կապված խնդիրները, որոնք բարձրաձայնվեցին թե կազմակերպությունների, թե արտադրողների կողմից, Վարչապետը հանձնարարական է տվել ևս մեկ անգամ, հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը, քննարկում կազմակերպել՝ նախքան նման օրենքի ընդունումը: Կարծում եմ,  առաջիկայում այդ քննարկումը կլինի»,-ասաց Եգանյանը:

Նա նշեց, սակայն, որ օրենքի նախագիծն ի սկզբանե մշակվել է՝  հիմք ընդունելով տեղական արտադրողների շահերի պաշտպանությունը: Նա նկատեց, որ 15-20 դոլար ցեմենտի արժեքը Իրանի հետ սահմանին բավականին ցածր գին էր, և նման գնով Հայաստան ներկրելը լուրջ վտանգ էր հայկական արտադրանքի ծավալների համար: Այդ թեմայով տարբեր քննարկումներ են եղել թե ներմուծողների, թե շինարարությամբ զբաղվող ընկերությունների և արտադրողների հետ, ինչից հետո կայացվել էր համապատասխան նախագծի մշակման որոշում և դրվել քննարկման:

Եգանյանը նաև ներկայացրեց որոշակի թվային տվյալներ: Ցեմենտի արտադրության ոլորտում նախորդ տարի աճ է արձանագրվել: 2018-ին Հայաստանում իրացման ծավալը կազմել է 700 հազար տոննայից ավել, որից 180 հազար տոննան ներկրվել է, իսկ 540 հազար տոննան արտադրվել է տեղում: Սակայն ներկրվող ցեմենտի ծավալներն աճել են 3.3 անգամ: