Պետության աջակցությունից օգտվելու համար երկու օրում հայտ է ներկայացրել արդեն ավելի քան 120 ՓՄՁ |armenpress.am|
13:12 - 03 ապրիլի, 2020

Պետության աջակցությունից օգտվելու համար երկու օրում հայտ է ներկայացրել արդեն ավելի քան 120 ՓՄՁ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարության՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակում արդեն ավելի քան 120  փոքր ու միջին ձեռնարկություն է դիմել աջակցություն ստանալու համար:

Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Դեռևս վաղ է, որ կարողանամ ամփոփ թվերով խոսել: Բայց այս երկու օրում երրորդ միջոցառման՝ փոքր ու միջին բիզնեսին աջակցության գործիքի շրջանակում, այդ կազմակերպություններից արդեն ստացել ենք 120-ից ավելի դիմումներ: Դրանց ընդհանուր արժեքը կազմում է 1,4 մլրդ դրամը գերազանցող վարկային պահանջ»,-ասաց Խաչատրյանը:

Պետությունն այդ դիմումները ստանաուց հետո դեռ պետք է պարզի, թե արդյոք նրանք բավարարո՞ւմ են անհրաժեշտ պահանջներին, օրինակ՝ ունե՞ն հարկային և վարկային կարգապահություն: Այդ տեղեկությունը ստուգում են թե ԱԿՌԱ համակարգում, թե ՊԵԿ-ում:

Աջակցության այս գործիքից կարող են օգտվել այն կազմակերպությունները, որոնք 2019-ին ունեցել են 24-500 մլն դրամ իրացման շրջանառություն, չեն ունեցել ժամկետանց վարկային պարտավորություններ, ժամկետանց հարկային պարտավորություններ: Աջակցության համար կարող են դիմել մշակող արդյունաբերության, կացության, հանրային սննդի, փոխադրումների, պահեստային տնտեսության, զբոսաշրջային ծառայությունների, առողջապահական ծառայությունների, սպասարկման այլ ծառայություներում գործող ՓՄՁ-ները:

Վարկերը տրամադրվում են 36 ամսով, առաջին երեկու տարին, այսինքն՝ 24 ամիսը կլինեն անտոկոս: 25-36-րդ ամիսների համար կգործի 12 տոկոս տոկոսադրույք, օգտվողներն ունենալու են հնարավորություն՝ առաջին 6 ամսվա ընթացքում չմարել վարկերը:  Այս միջոցները կարող են օգտագործվել աշխատավարձի վճարման համար ոչ ավել, քան 3 ամիս, պետական համայնքային բյուջե հարկեր և տուրքեր պարտադիր վճարումներ անելու համար, հումքի գնման և ներմուծման համար` պայմանով, որ հումքը պետք է օգտագործվի Հայաստանում, ինչպես նաև՝ հանրային ծառայությունների վճարման և վարձակալական վճարումների համար:

Անդրադառնալով գյուղատնտեսության աջակցության գործիքին՝ նախարարը հիշեցրեց, որ այն նոր չէ կառավարության աջակցության տեսանկյունից, սակայն նոր է միայն աջակցության ծավալների տեսանկյունից: Ուղղությունները նույնն են մնացել, ավելացվել է մեկ կարևոր ուղղություն՝ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվողները կարող են դիմել նաև մինչև 1 մլն դրամ միկրովարկավորման համար: Գյուղատնտեսական կոպերատիվների համար ևս հնարավորություն կա, այն նոր պետական համաֆինանսավորման հնարավորություն է պարունակում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել