armenpress.am:  ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության հեղինակած «Նյութական պահուստի մասին» ՀՀ օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու օրենսդրական փաթեթը:

Փետրվարի 13-ին խորհրդարանի նիստում Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշել էր, որ փաթեթի ընդունման նպատակն է զարգացնել Հայաստանի Հանրապետության նյութական պահուստի համակարգը՝ բարեփոխելով ոլորտը կարգավորող իրավական դաշտը՝ նյութական պահուստի արդիականացման և համալրման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու համար:

«Ելնելով Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքից՝ առաջին պլան է մղվում ռազմական գործողությունների ժամանակ ճանապարհային շրջափակման պայմաններում բնակչության, զինված ուժերի կարիքների ապահովման խնդրի լուծումը: Հաշվի առնելով, որ էներգակիրները, ինչպես նաև ցորենի, շաքարավազի, բուսական և կենդանական յուղի ու մի շարք այլ պարենային ապրանքների գերակշռող մասը ներմուծվող են, ապրանքների մատակարարման նույնիսկ կարճատև խափանումը կարող է առաջացնել ճգնաժամ, որի կանխարգելումը կամ հետևանքների վերացումը պետական նյութական պահուստի նշանակությունն է: Խնդիր է առաջանում բարձրացնել պետական նյութական պահուստի արդյունավետությունը, արդիականացնել դրա ձևավորման մոտեցումները և կառավարման համակարգը»,- նշել էր Նազարյանը:

Նախագծին կողմ քվեարկեց 109 պատգամավոր: