Պետաիրավական հանձնաժողովի նախագահը ներկայացրեց հանրաքվեի նշանակումից հետո անհրաժեշտ գործընթացները |armenpress.am|
14:27 - 10 փետրվարի, 2020

Պետաիրավական հանձնաժողովի նախագահը ներկայացրեց հանրաքվեի նշանակումից հետո անհրաժեշտ գործընթացները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ նախագահի կողմից Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օր նշանակելուց հետո իր գործառույթների իրականացմանը պետք է անցնի ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Այս մասին փետրվարի 10-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

«Նախագահը ստորագրել է հրամանագիր և նշանակել է հանրաքվեի օրը: Դրանից ելնելով՝ ԿԸՀ-ն պետք է կազմի ժամանակացույց, և ըստ ժամանակացույցի պետք է ընթանան անհրաժեշտ գործընթացները. պետք է կազմվեն «Այո»-ի և «Ոչ»-ի շտաբները, պետք է համապատախանաբար բաշխվի քարոզչական եթերաժամանակը, տեղի ունենա քարոզարշավ և այլն»,- ասաց Վարդանյանը:

Պատգամավորը նշեց, որ, եթե Ազգային ժողովի 1/5-րդը դիմի Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Ազգային ժողովի որոշումը և նախագահի հրամանագիրը, ապա Սահմանադրական դատարանն է որոշելու՝ կասեցնել, թե ոչ այս գործընթացը:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել