Պետաիրավական հանձնաժողովը պետք է հարցը դիտարկի և հանդես գա օրենսդրական նախաձեռնությամբ․ Լիլիթ Մակունց
17:46 - 29 ապրիլի, 2019

Պետաիրավական հանձնաժողովը պետք է հարցը դիտարկի և հանդես գա օրենսդրական նախաձեռնությամբ․ Լիլիթ Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստում քննարկվել են նաև «Քաղաքացու որոշում» կուսակցության հայտարարությունը և ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի մասնակցությամբ աղմկահարույց միջադեպը։ Այս մասին նիստից հետո ասել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ հավելելով, որ իրենք որևէ դիրքորոշում չեն ձևավորել այս հարցերի վերաբերյալ։ Բագրատյանի հետ կապված Մակունցը մասնավորապես նշել է. «Այս պահին մենք չենք ուզում նման գնահատական հնչեցնել, որ դրանք որևէ քաղաքական ենթատեքստ ունեն։ Ժամանակը ցույց կտա, թե իրականում ինչ կա այդ ամենի հետևում, և կա՞ ինչ-որ քաղաքական ենթատեքստ, թե՞ ոչ»։

«Քաղաքացու որոշում» կուսակցության հայտարարության հետ կապված  Լիլիթ Մակունցն ասել է․ ««ՔՈ»-ի հայտարարությունը մենք կարող ենք դիտարկել երկու տիրույթում՝ իրավական և քաղաքական։ Իրավական առումով մեզ համար շատ կարևոր է, թե ինչ իրավական գնահատական է ի վերջո հնչելու։ Այդ առումով կսպասենք իրավապահ մարմինների գնահատականին։ Քաղաքական առումով պարոն Ծառուկյանը հայտարարություն է արել և պիտի նշեմ, որ ինչպես մենք նախկինում ենք հայտարարել, այնպես էլ հիմա ենք ասում, որ, բնականաբար, չի կարող լինել այնպես, որ իշխանությունը և բիզնեսը սերտաճեն․ սա մենք նկատի ունենք, երբ հայտարարում ենք, որ Հայաստանում գոյություն չունի օլիգարխիա»։ 

Մակունցի խոսքով, իրավական առումով լողացող ինչ-որ տիրույթի հետ գործ ունենք, որը հստակեցման կարիք ունի․ «ամեն դեպքում, գտնում եմ, որ պետաիրավական հանձնաժողովը այս առումով պետք է հարցը դիտարկի և հանդես գա օրենսդրական նախաձեռնությամբ»,-շեշտել է  «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը՝ շեշտելով, որ այս մասին  առաջարկ դեռ չի արել։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել