Պարտավո՛ր ենք կառուցել մեր ժողովրդի բարեկեցիկ ապագան․ նախնական արդյունքներն՝ ավելի քան 87 տոկոս
23:18 - 14 ապրիլի, 2020

Պարտավո՛ր ենք կառուցել մեր ժողովրդի բարեկեցիկ ապագան․ նախնական արդյունքներն՝ ավելի քան 87 տոկոս

Արայիկ Հարությունյանն՝ Արցախի Հանրապետության հաջորդ Նախագահ. նախնական արդյունքներն՝ ավելի քան 87 տոկոս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Իսկ ահա Արայիկ Հարությունյանն իր պաշտոնական էջում գրել է․ 

«Սիրելի՛ հայրենակիցներ

2020թ-ի համապետական ընտրական մարաթոնն ավարտված է: Շնորհավորում եմ բոլորիս: Իսկ շնորհավորանքի առիթը բավականին ծանրակշիռ է. պանդեմիայի պարտադրած բարդ պայմաններում մենք բոլորս կարողացանք առանց ցնցումների հաղթահարել քվեարկության 2 փուլերը:

Քվեարկության ակտիվության թեմայով դատողությունները թողնենք քաղաքագետ-վերլուծաբաններին: Իմ կարծիքը հետևյալն է. մեր հայրենակիցների մի մասը` և՛ իմ, և՛ մյուս թեկնածուի կողմնակիցներից, գուցե թե մտածեց, որ ընտրության արդյունքը կանխորոշված է և իր մասնակցությունն այդքան էլ պարտադիր չէ:

Այս ամենով հանդերձ՝ արձանագրում ենք Արցախի Հանրապետության անցումը ժողովրդավարության հաջորդ աստիճանին: Անթերի ոչինչ չի լինում՝ անգամ շատ ավելի կայացած երկրներում: Ժամանակ անց, երբ միջազգային գործընկերները կայցելեն մեր տարածաշրջան, ավելի մոտիկից կկարողանան գնահատել մարդու հիմնական իրավունքների իրացման հանձնառությունը մեզ մոտ ու համեմատել որոշ ճանաչված պետությունների հետ:

Գնում ենք առաջ: Պարտավո՛ր ենք կառուցել մեր ժողովրդի բարեկեցիկ ապագան: Հաջողություն բոլորիս»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել