Պարգեւավճարներով աշխատավարձերի ցածր լինելը կոմպենսացնելը սխալ ենք համարում․Դավիթ Խաժակյան |armtiems.com|
12:44 - 26 հուլիսի, 2019

Պարգեւավճարներով աշխատավարձերի ցածր լինելը կոմպենսացնելը սխալ ենք համարում․Դավիթ Խաժակյան |armtiems.com|

armtimes.com: Երեւանի ավագանու «Լույս» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերի համաչափ՝ 30 տոկոսով բարձրացման առաջարկ է ներկայացրել: Քաղաքապետի ներկայացրած առաջարկում խմբակցությունը նշել է, որ շուրջ 8 տարի քաղաքապետարանում աշխատավարձերը չեն վերանայվել եւ գտնում են, որ այս նախագիծը պետք է քննարկվի եւ արտահերթ նիստով առաջիկայում ընդունվի:

«Հայկական ժամանակ»-ը զրուցեց ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ:

- Պարոն Խաժակյան, ինչո՞վ է պայմանավորված, որ աշխատավարձերի բարձրացման առաջարկ է անում ավագանու ընդդիմադիր խմբակցությունը:

- Ձեր հարցը շատ տրամաբանական է, հատկապես այն կոնտեքստում, որ աշխատավարձերի բարձրացման նախագիծը ավագանու որոշմանը ներկայացնելը քաղաքապետի բացառիկ լիազորությունն է: Բայց քանի որ մենք նկատեցինք, որ նախագիծը մայիս ամսին օրակարգից հանելուց հետո քաղաքապետն այլեւս այդ նախագիծը չբերեց եւ ըստ էության իրեն վերապահված գործառույթը ժամանակին չկատարեց, որոշեցինք մենք այդ գործընթացը մեկնարկել:

- Այսինքն, դուք կարծում եք, որ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու անհրաժեշտությո՞ւն կա:

- Մենք մշտապես դրա մասին խոսել ենք՝ հատկապես մատնանշելով մասնագիտական օղակների աշխատավարձերը: Եւ ներկայացրել ենք, որ շուրջ 8 տարի է՝ չի վերանայվել աշխատավարձը համընդհանուր: Պարգեւավճարներով աշխատավարձերի ցածր լինելը կոմպենսացնելը սխալ ենք համարում եւ հետեւաբար անհրաժեշտություն կա արդարացի կերպով աշխատավարձերը բարձրացնել:

- Մնացած խմբակցություններից եւ քաղաքապետարանի պաշտոնյաներից արձագանքներ եղե՞լ են ձեր առաջարկի վերաբերյալ:

- Դեռեւս չունենք խմբակցության դիրքորոշում: Իշխող ուժի ներկայացուցիչներից մեկի գրառումը ես տեսա ֆեյսբուքում: Նա ասում էր, որ նման հարց օրակարգում չկա եւ չի քննարկվում: Դրանից ես հասկանում եմ, որ նպատակ չունեն աշխատավարձ բարձրացնելու: Բայց սա մասնավոր կարծիք է, թե խմբակցության՝ դժվարանում եմ ասել:

- «Լույս» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանի հետ այս հարցով քննարկում նախատեսո՞ւմ է:

- Մենք պատրաստակամ ենք քննարկել եւ ըստ էության մեր առաջարկն ու գրությունը, որով դիմել ենք քաղաքապետին, դա հենց առաջարկ է՝ քննարկումներ սկսելու, որովհետեւ դա ի վերջո պետք է լինի ավագանու որոշման տեսքով եւ ինչքան շատ քննարկվի դրանից առաջ՝ այդքան լավ: Բայց կրկնում եմ՝ մենք հնարավորություն ունենք այդ առաջարկը ներկայացնելու, իսկ քաղաքապետը շահագրգռվածության դեպքում ինքը պետք է նախաձեռնի այդ քննարկումները:

- Ընդհանուր քանի՞ աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին է խոսքը:

- Ներկայումս քաղաքապետարանի հաստիքացուցակը մենք գիտենք, որ նախկինի համեմատ մեծացվել է, հասցվել է 2132 եւ կես հաստիքի եւ խոսքը այդ հաստիքների մասին է՝ հանած սոցիալական ծառայությունները եւ ՔԿԱԳ-ները, որոնք պատվիրակված լիազորություն ունեն:

- Տարբերությունը շատ չի՞ լինի, եթե օրինակ ամենացածր աշխատավարձ ստացողի աշխատավարձն ու քաղաքապետի աշխատավարձը 30 տոկոսով բարձրանան: Եթե բոլորի աշխատավարձը 30 տոկոսով բարձրանա՝ սոցիալական խնդիր կլուծվի՞ սրանով:

- Ես կարծում եմ՝ կլուծվի, որովհետեւ 30 տոկոսը մենք հաշվարկեցինք ընդհանուր թվի վրա՝ այդ թվում եւ ցածր օղակների, ու իհարկե դա այն չէր, ինչ մենք կուզեինք, բայց բյուջեի սահմաններում հնարավոր է դա իրագործել: Ընդ որում, ասեմ, որ մայիս ամսին քաղաքապետի ներկայացրած նախագծի համեմատությամբ իրենք ստորին օղակների աշխատավարձերը նախատեսում էին բարձրացնել 25 տոկոս եւ այդ 5 տոկոս տարբերությունն իրենք, ըստ էության, ավելացրել էին վերին օղակներին՝ քաղաքապետին, վարչական շրջանների ղեկավարներին: Մենք կողմնակից ենք ավելի համաչափ բարձրացմանը:

- Հնարավո՞ր է մնացած խմբակցությունների եւ քաղաքապետի հետ կոնսենսուսի գաք եւ այս նախագիծը ներկայացվի ավագանու նիստում ու ընդունվի:

- Ես կարծում եմ, որ առաջին շահագրգռվածն աշխատավարձերի հարցում պետք է լինի հենց քաղաքապետը, եւ որեւէ պատճառ չեմ տեսնում, որ այն պետք է հետաձգվի՝ հատկապես հաշվի առնելով, որ աշխատավարձերի բարձրացման հարցն ու դրա տրամաբանությունը քննարկվել է այս տարվա հունվար-փետրվար ամիսներից: Հետեւաբար, եթե իրենք ընթացիկ աշխատանք են ունեցել, ապա դա արդեն իսկ պետք է պատրաստ լինի:

- Ձեր հաշվարկով՝ ամսական որքա՞ն հավելյալ գումար կծախսվի բյուջեից՝ աշխատավարձերի բարձրացման համար:

- Թիվը հստակ չեմ հիշում: Մենք դա իրականացրել ենք այն թվի սահմաններում, որը քաղաքապետարանը ողջամիտ է համարել մայիսին առաջարկ ներկայացնելուց: Նրանց առաջարկով՝ անհրաժեշտ էր 539 մլն դրամ, մեր առաջարկած փոփոխություններով եւ համաչափ բարձրացման արդյունքում՝ 537 մլն դրամ է անհրաժեշտ: Այսինքն, մենք դա արել ենք քաղաքապետարանի առաջարկածի հնարավորի սահմաններում, բայց իրականացրել ենք համաչափ կերպով:

 

Ավելին՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել