Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու թեմայով խորհրդարանական լսումների հարցուպատասխանի ժամանակ Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանին հարց ուղղեց «Քաղաքական դիսկուրս» հարթակի անդամ Վահրամ Սողոմոնյանը․ «Մենք մի քանի առիթներով հնարավորություն ունեցել ենք լսել ձեր կարծիքը: Դուք վերջին վեց ամիսների ընթացքում կրկնում եք նույն բացատրությունները, մասնավորապես,  համահարթ եկամտահարկի հետ կապված, և կարծում եմ, որ տրամաբանական շղթայում կա սխալ, այսինքն՝ դուք ձեր ելույթի մի մասում ասում եք, որ վերաբաշխումը կարևոր է և աշխատավարձի պրոգրեսիան չի աշխատում, բերում եք իրավիճակի նկարագրությունը և դրանից բխեցնում եք համահարթեցումը:

Սա նման է, եթե, օրինակ ասենք՝ մարդիկ կարմիր լույսի տակով անցնում են, չենք կարող նրանց արգելել․ եկեք օրինականացնենք կարմիր լույսի տակով անցնելը։ Այսինքն՝ դուք ընդունում եք, որ պրոգրեսիվը լավ է․ և ձեզ նաև միջազգային կազմակերպություններն են ասում, որ ձեր պրոգրեսիվը չի աշխատում, բայց չի աշխատում, որովհետև դա աշխատավարձի պրոգրեսիա է և եկամուտների պրոգրեսիա չէ։

Արդյո՞ք սա փաստերի ակնհայտ խեղաթյուրում չէ, մեկ, երկրորդը՝ ձեր նշված մեր կոնֆերանսի փորձառությունը, որին դուք ասացիք արձագանքել եք, ես կապ չտեսա, թե դուք ինչպես եք արձագանքել այն բացասական փորձին, որ արձանագրվեց, որ եկամտահարկը բոլոր երկրներում միակ պրոգրեսիվ էլեմենտն է ընդհանրապես հարկային համակարգի մեջ, և եթե հանում ենք մենք, համակարգն ինքնին դառնում է ռեգրեսիվ, ինչպես Վրաստանում ենք տեսնում, և բերում եք նորից Վրաստանի օրինակը, որ նրանց սահմանադրության մեջ գրվածը չեն կարող փոխել միայն շահութահարկի մասով և չեք նշում, որ իրենց երկրում եկամուտների կորուստը կապված է հատկապես եկամտահարկի կորուստի հետ։

Ինչո՞ւ հաշվի չեք առնում անցած տարվա անալիզը՝ հեղափոխությունից հետո ինչ է եղել, քանի որ այս դահլիճում նստած շատ նախկին պատգամավորներ եղել են ներկրողների լոբբիստներ և իրենք ներկրողներ են եղել, այսինքն՝ եղել են կոռուպցիոն էլեմենտներ։ Դուք արդյո՞ք անալիզ արել եք այդ հանգամանքները»։

Անդրադառնալով հարցին՝ Ֆինանսների փոխնախարարն ասաց․ «Անկեղծ ասած տարօրինակ ոչինչ չեմ տեսնում նրա մեջ, որ մենք ամիսներ շարունակ բերում ենք նույն հիմնավորումները, հակառակը՝ տարօրինակ կլիներ, եթե ամեն անգամ հանդիպելուց տարբեր բաներ ասեինք․ գնահատականները թողնում եմ ձեզ։

Այո՛, մենք ունենք հետևողական գիծ, հիմնավորումներ, և շատ նորմալ եմ գնահատում, երբ մշտապես բերում ենք նույն հիմնավորումը։ Այլ բան է, որ դա կարող է ձեզ չգոհացնել։ Առհասարակ, համահարթ կամ պրոգրեսիվ դիսկուրսի հետ կապված դժվար է գտնել դրույքաչափերի մի համակցություն, որը կունենա միայն դրական կողմեր ու ոչ մի բացասական կողմ կամ որը կլուծի հարկման գործիքակազմի առջև դրված բոլոր խնդիրները միաժամանակ ու հաջողությամբ։

Ոչ ոք չի վիճարկում, որ հարկման պրոգրեսիվ համակարգը սոցիալական արդարության, եկամուտների վերաբաշխման տեսանկյունից ավելի ընդունելի է․ սա դասագրքային ճշմարտություն է, սրա դեմ հակափաստարկներ բերելը պարզապես անմտություն կլինի ու անհեռատես ինչ-որ մի գործողություն։

Մենք այլ բան ենք ասում․ մենք ասում ենք՝ այսօրվա ստեղծված իրողություններում ունենք անվանական պրոգրեսիվ համակարգ, որը սակայն պրոգրեսիվություն չի հաղորդում հարկման համակարգին, հետևաբար, ինչո՞ւ պահել այս անվանական պրոգրեսիվ համակարգը գոնե տեսանելի ապագայի համար, եթե այն, չլուծելով պրոգրեսիվ հարկման խնդիրը, իր հետ բերում է նաև այլ խնդիրներ, մասնավորապես, աշխատուժի գծով, ծախսի թանկացման առումով, տնտեսությունը ոչ մրցունակ դարձնելու առումով։

Սա ենք մենք ասում։ Որ ասում եք եկամտային հարկը միակ պրոգրեսիվ էլեմենտն է հարկման համակարգում, ես չեմ կարող համաձայնել դրա հետ՝ հենց պարոն Արեստակեսյանի կողմից բարձրացրած հարցի շրջանակում ես համաձայնեցի առ այն, որ ավելի ճիշտ մոդելը մեր կարծիքով պրոգրեսիվ գույքահարկի մոդելն է և այս ուղղղությամբ մենք շատ առարկայական քայլեր ենք կատարում, ակնկալում ենք, որ մինչև հունիս ամիսը կառավարությունը ԱԺ քննարկմանը կներկայացնի օրենքի նախագիծ, որով առաջարկվելու է հաստատել մեթոդաբանություն, թե ինչպես վերահաշվարկվեն գույքահարկով հարկվող օբյեկտ համավող գույքային միավոր հարկման բազաները այնպես, որ դրանք առավելագույնս մոտարկված լինեն շուկայական արժեքներին և երկրորդ կառավարությունը առաջիկայում կընդունի մի որոշում, որը նոր գոտիականություն կսահմանի գույքային միավորների համար։

Եվ երրորդ հանգուցալուծող քայլը արդեն կլինի հարկային օրենսգրքում փոփոխությունների կատարում, բայց ըստ անհրաժեշտության, այսինքն՝ գույքահարկի մասով չհարկվող երեք միլիոն դրամ շեմի վերանայում կամ դրույքաչափի վերանայում, այնպես, որ բեռի վերաբաշխումը լինի հնարավորինս համարժեք։ Ես խնդրում եմ ձեր վերջին հարցադրումը մի փոքր էլ մանրամասնեք»։

Վահրամ Սողոմոնյանը, արձագանքելով պատասխանին, ասաց․ «Ինձ համար սա, ճիշտն ասած, տեխնիկական և տնտեսագիտական հարց չէ, այլ քաղաքական հարց է վերջին իրադարձությունների համատեքստում, և ես կարծում եմ, որ քաղաքական մեծամասնությունը պետք է շատ լուրջ վերաբերվի և այդ առումով ձեզ ուզում եմ հարցնել՝ արդյո՞ք դուք պատրաստ եք կրել քաղաքական պատասխանատվությունը, եթե հսկայական կորուստներ ունենա մեր բյուջեն և Հայաստանը ընկնի անկայունության մի փուլի մեջ, և այդ կայունարարները, որ ստեղծվում են հենց պրոգրեսիվ հարկի միջոցով վերացված լինեն, և դուք գնաք ԱՄՀ կամ մյուս դոնորների հետ բանակցությունների, և նրանք ասեն ինչու չեք բարձրացնում ձեր հարկերը, բայց դուք արդեն մտել եք անուղղակի հարկեր բարձրացնելու մեջ, բայց դրանք էլ անվերջ չեք կարող բարձրացնել, որովհետև կհանգեցնի հայտնի հետևանքների»։

Արման Պողոսյանը, պատասխանելով հարցադրմանը, ասաց․ «Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ղեկավարը այստեղ է, համաշխարհային բանկից գործընկերները նույնպես այստեղ են։ Մենք գործել ենք շատ թափանցիկ, մեր մտադրությունների մասին հենց սկզբից տեղեկացրել ենք մեր գործընկեր երկրներին և նրանց հետ մեր քննարկումները շատ առողջ մթնոլորտում են ընթացել, և համոզմունք ունեմ առ այն, որ նրանք հասկացել են, թե մենք ինչ նպատակադրում ունենք, այս քաղաքականության արդյունքում ինչ ենք ակնկալում ունենալ։

Այս քաղաքականությունը փաստաթղթավորված է համապատասխան հուշագրերում, որոնք կազմվում են կառավարության և ձեր նշած միջազգային կառույցների միջև և այս առումով ես որևէ խնդիր չեմ տեսնում։

Ինչ վերաբերում է քաղաքական պատասխանատվությանը, ես կարծում եմ, որպեսզի շատ պարզունակ չլինի պատասխանս, երբևէ իմ կարծիքով առիթ չենք տվել առանց քաղաքական պատասխանատվություն ստանձնելու կատարելու գործողություններ, որոնք ենթադրում են քաղաքական պատասխանատվություն։

Իհարկե, ստանձնում ենք այդ պատասխանատվությունը և, իհարկե, գնում ենք գիտակցված գործողությունների, այսինքն ես ցավում եմ, որ կարող է էդպես տպավորություն ձևավորվել, որ մի ամբողջ կառավարություն կարող է հանկարծ չզգալ կամ չգնահատել իր քայլերի տրամաբանված լինելը կամ հնարավոր հետևանքները։ Իհարկե, ստանձնում ենք այդ քաղաքական պատասխանատվությունը»։