Պատրաստվում ենք հաջորդ սցենարին, երբ թեթև և ասիմպտոմ դեպքերը  ընդհանրապես չեն հոսպիտալացվի, կմնան տանը․ Արսեն Թորոսյան
21:50 - 26 ապրիլի, 2020

Պատրաստվում ենք հաջորդ սցենարին, երբ թեթև և ասիմպտոմ դեպքերը  ընդհանրապես չեն հոսպիտալացվի, կմնան տանը․ Արսեն Թորոսյան

Այսօր՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում, առողջապահության նախարար Արսեն Թորասյանը նշեց, որ կորոնավիրուսի վարակի տարածման տեպմը, եթե բացարձակ թվերով հաշվենք, ավելանում է, բայց տոկոսներով նույնն է։ Նախարարի խոսքով՝ մենք ունենք վարակի օջախների բազմազանություն։

«Բռնկումների սկզբում՝ մարտի կեսերին, ունեինք հստակ ուրվագծված  մեկ կամ երկու, հետո երեք օջախ։ Դրանից հետո վիրուսի տարածումը այդ օջախների տարածքից դուրս եկավ, և երբ հիմա մենք նայում ենք համաճարակաբանական հետազոտությամբ, տասնյակ, երբեմն 20 իրար հետ կապ չունեցող օջախներ են, ու մենք թելը, կապը առաջին օջախների հետ չենք կարողանում գտնել, և դա բնական է, որովհետև շատ են նաև ասիմպտոմ դեպքերը»,- նշեց նա։

Արսեն Թորոսյանն ասաց, որ վարակի մեկ այլ ուղղություն են բժշկական կենտրոնները։

«Մենք հիմա մեր ամբողջ ուժերը կենտրոնացրել ենք ԲԿ-ների տարածքում հիվանդության տարածումը դադարեցնելու, բժիշկներին, ինչպես նաև այն պացիենտներին, որոնք կորոնավիրուսով հիվանդ չեն, բայց բուժվում են ԲԿ-ներում, պաշտպանելու համար»,- նշեց նա։

Նախարարն ասաց, որ տնտեսական գործունեության ավելի շատ ձևեր թույլատրումը և փողոցներում մարդկանց շարժունակությունը բերում են վարակի նոր դեպքերի։

«Պատրաստվում ենք հաջորդ սցենարին․ հնարավոր է, որ մենք բոլորին չհոսպիտալացնենք կամ հյուրանոցներում չպահենք, այլ գնանք մյուս երկրների օրինակով, երբ թեթև և ասիմպտոմ դեպքերը  ընդհանրապես չեն հոսպիտալացվի, կմնան տանը։ Միևնույն է, հնարավոր չէ բոլորին պահել հիվանդանոցներում։ Այս դեպքում մեր միակ խնդիրը կլինեն միջին և ծանր դեպքերը, որոնք առողջական լուրջ խնդիր կունենան։ Մեր առողջապահական համակարգը կփորձի լուծել իրենց խնդիրները, որպեսզի նրանք արագ ապաքինվեն, իսկ ծայրահեղ ծանրերը՝ չմահանան»,- նշեց նա։

Արսեն Թորոսյանի խոսքով՝ այս պահին բազմաթիվ ծանր դեպքեր չունենք, մահացածության ցուցանիշն էլ, այլ երկրների հետ համեմատած, բավականին ցածր է։

«ԱՀԿ-ն ասում է՝ հայտնաբերել, թեստավորել, մեկուսացնել, բուժել։ Այդ չորս քայլանոց գործողությունը մենք պետք է  անենք այնքան, քանի դեռ համարում ենք, որ այս վարակը կա՛մ չունի հստակ բուժում, կա՛մ էլ քանի դեռ բոլորը չեն վարակվել և լավացել, ու վարակն այլևս վտանգավոր չէ մեզ համար»,- ասաց նախարարը։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսնայութում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել