Պաշտպանը միջնորդեց դադարեցնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը |armtimes.com|
16:23 - 11 փետրվարի, 2020

Պաշտպանը միջնորդեց դադարեցնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը:

Այն սկսվեց մոտ մեկ ժամ ուշացումով, քանի որ պաշտպաններից եւ տուժողների ներկայացուցիչներից մի քանիսը նախապես տեղեկացրել էին դատարանին, որ գտնվում են խցանման մեջ եւ դատարան կներկայանան փոքր-ինչ ուշ:

Նախորդ նիստին, հիշեցնենք, ամբաստանյալ Արմեն Գեւորգյանի եւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել քրեական հետապնդումը դադարեցնելու եւ քրեական գործը կարճելու մասին:

Շարունակելով միջնորդության քննությունը՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը նախ հայտարարեց, որ միանում է ամբաստանյալ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությանը՝ նշելով, որ Գեւորգյանի մեղադրանքի հիմքում դրվել է մի տեղեկություն, որն ինքնին հանցագործության արդյունք է: Խոսքը Վիկիլիկսի հրապարակման մասին է:

Այնուհետեւ ներկայացնելով իրենց միջնորդությունը՝ Արամ Վարդեւանյանը նշեց, որ 300-րդ եւ 300.1-րդ հոդվածներն ունեն տարբեր հանցակազմեր. «Հին օրենքում՝ 300-րդ հոդվածում, խոսվում էր իշխանության յուրացման մասին, որի մեթոդներից է սահմանադրական կարգի տապալումը, իսկ այստեղ խոսվում է ամբողջովին նոր հանցակազմի մասին»:

Արամ Վարդեւանյանը ընդգծեց՝ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ լսումների ժամանակ Ազգային ժողովի այդ ժամանակվա պատգամավոր Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ 300.1-րդ հոդվածն իր մեջ պարունակում է առնվազն 5 թերություն, եւ եթե որեւէ մարմին, այդ թվում՝ Դատախազությունը, դրան չի հակադարձել, նշանակում է՝ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող ենթադրյալ արարքի որակը կասկածի տակ է դրվում: Վարդեւանյանը ընդծեց նաեւ, որ համաներման ակտով 300 եւ 300.1-րդ հոդվածները չեն կարգավորվել, քանի որ 300.1-րդ հոդվածով սահմանվել է նոր հանցակազմ:

Վարդեւանյանի խոսքով՝ Դատախազությունն այժմ պնդում է, թե նոր օրենքը բարելավող նորմ է, որովհետեւ ավելի հստակ է. «Բայց եթե հստակությունը չափում ենք դրանով, ուրեմն շատ վտանգավոր դրության մեջ ենք: Ամեն դեպքում, դրանից բացի, Դատախազությունը պնդում է, թե նոր օրենքից բռնության պարտադիր էլեմենտը դուրս է եկել, բայց եթե արարքը նախկինում կարող էր լինել միայն բռնությամբ, իսկ այսօր դրա շրջանակը ընդլայնվել է, ո՞նց կարող է դա լինել ավելի բարելավող»:

Խոսելով հայտնի 7-ի գործի մասին՝ պաշտպանը թվարկեց այն դատախազներին, ովքեր 2009 թվականին պաշտպանել են Մարտի 1-ի գործով մեղադրանքը: Նրանք են Փիլոյանը, Թադեւոսյանը, Հարությունյանը, Նադոյանը, Սարգսյանը,  Ամիրզադյանը:

Պաշտպանն ընդգծեց՝ այս գործով մեղադրանքը պաշտպանում են այլ դատախազներ եւ ներկայացնում այլ դիրքորոշում, մինչդեռ յուրաքանչյուր դատախազ ներկայացնում է ոչ թե իր ուրույն կարծիքը, այլ Դատախազության ընդհանուր դիրքորոշումը. «Խորին հարգանքով վերաբերվելով սույն գործով դատախազներին՝ ես կարծում եմ, որ Լիլիթ Թադեւոսյանը առավել արհեստավարժ է, ունի տարիների փորձ եւ այժմ զբաղեցնում է Վճռաբեկ դատարանի դատավորի բարձր պաշտոնը»:

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը ընդմիջեց պաշտպանին՝ խնդրելով գնահատականներ չտալ: Արձագանքելով դրան՝ Վարդեւանյանն էլ ասաց, որ ինքը գնահատական տալու միտում չունի, բայց ըստ նրա՝ նման արհեստավարժ մասնագետների դիրքորոշումը կասկածի տակ դնելը տարակուսելի է:

Շարունակություն՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել