Պաշտոնյաները պետք է հիմնավորեն, թե որտեղից նվիրատվությունները, իսկ նախկին պաշտոնյաների հայտարարագրերը հասանելի կլինեն մեկ տարի |factor.am|
12:22 - 03 հուլիսի, 2019

Պաշտոնյաները պետք է հիմնավորեն, թե որտեղից նվիրատվությունները, իսկ նախկին պաշտոնյաների հայտարարագրերը հասանելի կլինեն մեկ տարի |factor.am|

factor.am։ Առաջիկայում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը լուծարվելու է և փոխարենը ստեղծվելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Այն ունենալու է ավելի շատ լիազորություններ, քան Բարձրաստիճան պաշտոնատար անձանց հանձնաժողովը: «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ այսուհետ նաև հայտարարագիր են ներկայացնելու այն համայնքների ղեկավարները, որոնք ունեն 15 հազար և ավելի բնակչություն:

Այս փոփոխությունը կատարվել է, քանի որ համայնքների խոշորացման արդյունքում միավորված համայնքի բնակիչների թիվը գրեթե բոլորի դեպքում հասնում է 15 հազարի: Արդյունքում բոլոր համայնքապետերը կներկայացնեն եկամտի և գույքի հայտարարագիր: Նոր փոփոխություններով՝ պաշտոնյաների հետ փոխկապակցված անձինք պաշտոնյայի՝ պաշտոնը ստանձնելիս ևս ունեցվածքի հայտարարագիր կներկայացնեն: Նախկինում ընտանիքի անդամները կամ համատեղ բնակվող անձինք միայն պաշտոնյայի տարեկան հայտարարագիր ներկայացնելու և պաշտոնը դադարեցնելու ժամանակ էին հայտարարագիր ներկայացնում:

Այս ամենից զատ՝ այսուհետ նվիրատվություն ստացած պաշտոնյաները պետք է հիմնավորեն, թե ով և ինչու է իրենց թանկարժեք գույք կամ խոշոր դրամական միջոցներ նվիրաբերել: Սակայն Factor.am-ին հայտնի դարձավ, որ այս առաջարկությունը կառավարությունում քննարկվում է և դեռ հստակ որոշված չէ՝ նշյալ տեղեկությունը հասանելի կլինի՞ բոլորին՝ կայքում հրապարակված, թե՞ միայն հանձնաժողովին:

Իսկ ամենաուշագրավ փոփոխությունը լինելու է այն, որ այլևս չի գործելու նախկին պաշտոնատար անձանց հայտարարագրերի արխիվը: Պաշտոնը դադարեցնելուց հետո նրանց ունեցվածքի մասին տեղեկությունները կհեռացվեն համապատասխան կայքից: Սա մեկնաբանվում է այն հանգամանքով, որ տվյալ անձն այլևս պաշտոնյա չէ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել