ՊՆ-ն պետական հողը վաճառել է իրականից 50 մլն դրամով էժան |hetq.am|
05:28 - 17 մայիսի, 2019

ՊՆ-ն պետական հողը վաճառել է իրականից 50 մլն դրամով էժան |hetq.am|

«Հետքի» հրապարակումից հետո հարուցվել էր քրեական գործ ՔՕ 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաեւ իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, եւ եթե դրանք էական վնաս են պատճառել, պատժվում են ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով): Նախաքննությունն իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունը:

Հիշեցնենք, որ հողամասը նախկինում եղել է զորամասի ավտոպարկ, իսկ 2005-ի հուլիսին Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանն այն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով հանձնել է ՊՆ-ին, որը տարածքի փաստացի տնօրինողն էր: Վերջինիս դիմումով կադաստրը 2014-ի հունիսին գրանցել է նախարարության սեփականության իրավունքը հողամասի հանդեպ, որը նաեւ ստացել էր հասցե՝ Մոլդովական 47/7: 2015-ի սեպտեմբերին էլ կրկին ՊՆ-ի դիմումի հիման վրա Երեւանի ավագանին նախ փոխել է հողի նպատակային նշանակությունը՝ հատուկ նշանակություն ունեցողից դարձնելով բնակավայրերի հող, իսկ օրեր անց քաղաքապետ Տարոն Մարգարյանը գործառնական նշանակությունը սահմանել է խառը կառուցապատման: 2015-ի հոկտեմբերին ՊՆ-ն ուղղակի վաճառքով հողն օտարել է երեւանցի Սայադ Սահակյանին:

Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նաիրա Հարությունյանը հայտնել է, որ քրգործով նշանակված դատաապրանքագիտական, դատաշինարարատեխնիկական եւ դատահաշվապահական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ Մոլդովական 47/7-ի հողամասի գործառնական եւ նպատակային նշանակությունների փոփոխությունը (այլ կերպ ասած՝ քաղաքապետի եւ ավագանու գործողությունները- հեղ.), ինչպես նաեւ նշված հողատարածքի օտարման գործընթացը (ՊՆ-ի գործողությունը- հեղ.) իրականացվել են ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

Քրեական գործի առանցքում, ինչպես նշել ենք նախկինում, օտարված հողամասի ցածր գինն է: ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը «Հետքին» հայտնել էր, թե 0,5 հա հողամասը նախարարությունն օտարել է «դրա հետագա օգտագործման անհրաժեշտության բացակության պատճառով»: Նա նաեւ նշել էր, որ օտարումն իրականացվել է ուղղակի վաճառքի ձեւով, սակայն ոչ թե կադաստրային գնով, այլ շուկայական գնահատման արժեքով:

Ճիշտ է՝ Մոլդովական 47/7-ի կես հա հողամասի կադաստրային արժեքը 2014-2016 թթ. գնահատվել է 1,6 մլն դրամ, ինչը Ս. Սահակյանի կողմից վճարված 38 մլն-ից բազմապատիկ ցածր գին է, բայց հարցն այն է, որ նախ՝ առանց այդ էլ շուկայում ոչ մեկ անշարժ գույք չի վաճառում կադաստրային արժեքով, երկրորդ՝ տարակուսանք է առաջացնում այն, որ հողամասի կադաստրային արժեքը ոչ մի փոփոխության չի ենթարկվել այն բանից հետո, երբ հատուկ նշանակության կատեգորիայից փոխադրվել է բնակավայրերի հողերի կատեգորիա ու գործառնական նշանակությամբ դարձել խառը կառուցապատման հող: Տրամաբանական է, որ կադաստրային արժեքն այս դեպքում պետք է բարձրանար:

Ավելին՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել