24news.am: Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որը Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավվել է որպես կասկածյալ առանձնապես խոշոր չափերի` 1,046,400,000 դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու կասկածանքով, չի ընդունում մեղադրանքը։ 

«Հարցաքննվել եմ մի քանի օր առաջ։ Պաշտպանության նախարարությունն այդտեղ որևիցե կապ չունի։ Այդ մեղադրանքը չեմ ընդունում։ Դրանով զբաղվել է բացառապես Էներգետիկայի նախարարությունը»,- ասել է Օհանյանը։

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք` առանձնապես խոշոր չափերի` 1,046,400,000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու կասկածանքով: