ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՄՄ անդամ երկրների մաքսային ծառայությունների կոլեգիայի նիստին
12:24 - 18 մարտի, 2020

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՄՄ անդամ երկրների մաքսային ծառայությունների կոլեգիայի նիստին

Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի ղեկավարությամբ, Բելառուսի Հանրապետությունում մասնակցել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 34-րդ նիստին:

Նիստի ընթացքում ստորագրվել է մաքսային գործի տարբեր բնագավառների վերաբերյալ 24 որոշում:  Այդ թվում՝ ԵԱՏՄ տարածք վտանգավոր թափոնների ներմուծման չթույլատրման, ԵԱՏՄ մաքսային տարածքով ապրանքների տարանցիկ փոխադրման միասնական համակարգի, ԵԱՏՄ տարածքում tax-free համակարգի կիրառման, ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան որոշակի ապրանքների դասակարգման և այլ հարցերի վերաբերյալ: Ստորագրվել են նաև բժշկական ցուցումներով ֆիզիկական անձանց կողմից տեղափոխման ենթակա բժշկական տեխնիկայի և սարքավորումների, դրամական և այլ գործիքների ծագումը հավաստող փաստաթղթերի ցանկի ձևավորմանը, նախնական մաքսային հայտարարագրմանն առնչվող մի շարք հարցեր:

Նիստի ընթացքում ստորագրվել են նաև Միավորված կոլեգիայի և դրան  կից աշխատանքային խմբերի 2019 թվականի աշխատանքային ծրագրերի իրականացման արդյունքների, ինչպես նաև վերջիններիս 2020 թվականի աշխատանքային ծրագրերի մասին որոշումները:

Որոշում է կայացվել Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ՝ 35-րդ նիստն անցկացնել 2020 թվականի հունիսին, Հայաստանի Հանրապետությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել