Չնայած արտակարգ դրությանը` մեր հանձնաժողովում աշխատանքները շարունակվում են նույն ակտիվությամբ․ Մխիթար Հայրապետյան
21:49 - 18 մարտի, 2020

Չնայած արտակարգ դրությանը` մեր հանձնաժողովում աշխատանքները շարունակվում են նույն ակտիվությամբ․ Մխիթար Հայրապետյան

Չնայած երկրում հայտարարված արտակարգ դրությանը` մեր հանձնաժողովում աշխատանքները շարունակվում են նույն ակտիվությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։

Մարտի 18-ին Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ գումարվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն է ստացել ՀՀ ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նաիրա Զոհրաբյանի, Հարություն Բաբայանի հեղինակած «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Մխիթար Հայրապետյանի տեղեկացմամբ՝ օրինագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ չեն ներկայացվել: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ աշխատելու արդյունքում կատարվել է տեխնիկական բնույթի մի քանի փոփոխություն, բովանդակային որևէ փոփոխության օրենքի նախագիծը չի ենթարկվել:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Վարդևան Գրիգորյանի, Սերգեյ Բագրատյանի հեղինակած  «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով հեղինակներն առաջարկում են օրենքով սահմանել  ՀՀ դպրոցներում «դասարանի ղեկավար» հասկացությունը:

Ըստ հիմնական զեկուցող Միքայել Մելքումյանի` դասղեկների պարտականությունների կատարման համար վարձավճարի չափը յուրաքանչյուր դպրոց սահմանում է ինքնուրույն` համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում: Արդյունքում` նույն աշխատանքները կատարող մանկավարժները դպրոցների մի մասում վարձատրվում են, մյուսներում` ոչ, իսկ վարձատրության դեպքում երբեմն գործում են վարձավճարի տարբեր չափեր: Կարևորելով և վերաիմաստավորելով դասղեկի ինստիտուտը, հեղինակներն առաջարկում են խնդրին տալ իրավական կարգավորում՝ բացառելով մանկավարժների նկատմամբ տարբերակված մոտեցումը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ներկայացնելով Կառավարության կարծիքը, նշել է, որ նախագիծը լրացուցիչ քննարկման կարիք ունի, ինչի հետ համաձայնելով համահեղինակ Միքայել Մելքումյանն առաջարկել է մինչև 2 ամիս ժամկետով հետաձգել օրինագծի քննարկումը:

Մինչև հաջորդ Ազգային ժողովի հերթական նիստը հետաձգվել է նաև «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Հանրային հեռուստաընկերությանը վերապահել մեկ եթերային ժամվա ընթացքում մինչև 5 րոպե տևողութամբ գովազդ հեռարձակելու իրավունք:

Հիմնական ցեկուցող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանի խոսքով՝ օրինագծի ընդունմամբ Հանրային հեռուստաընկերությունը հնարավորություն կունենա համալրելու իր եկամուտները և գովազդից ստացվող միջոցներն ուղղել տեխնիկական կարիքները հոգալուն, եթերացանցի բարելավմանը, արտադրվող հեռուստաարտադրանքին հասանելիության բարձրացմանը, նոր և առավել հետաքրքիր հեռուստանախագծերի ստեղծմանն ու կարևոր գաղափարների կենսագործմանը, կադրերի արտահոսքի կանխմանը և այլն:

Հանձնաժողովի անդամների գնահատմամբ՝ օրինագիծն անհավասար պայմաններ է ստեղծելու Հանրային հեռուստաընտերության և մյուսների միջև:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ օրինագիծը միտված է ստեղծված մոնոպոլիան վերացնելուն: Մխիթար Հայրապետյանն ընդգծել է եվրոպական երկրների հանրային հեռուստաընկերությունների գովազդի առկայությունը: Նա կարևորել է յուրաքանչյուր հեռուստաալիքով հեռարձակվող գովազդի վերահսկողությունը: Մխիթար Հայրապետյանն անընդունելի է համարել օրենքի նախագծի երկրորդ ընթերցումը 24 ժամյա ռեժիմով անցկացնելը:

Եզրափակիչ ելույթներում հիմնական և հարակից զեկուցողներն անդրադարձել են պատգամավորների բարձրացրած մտահոգություններին:

Օրենքի նախագիծն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել