Չի կարող այնպես լինել, որ Արցախը չմասնակցի բանակցություններին և կատարի ՀՀ-ի և Ադրբեջանի ձեռք բերած պայմանավորվածությունները |tert.am|
13:29 - 09 ապրիլի, 2019

Չի կարող այնպես լինել, որ Արցախը չմասնակցի բանակցություններին և կատարի ՀՀ-ի և Ադրբեջանի ձեռք բերած պայմանավորվածությունները |tert.am|

Մենք համարում ենք, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի ղեկավարների միջև հանդիպումները պետք է շարունակվեն, հատկապես երբ ՀՀ վարչապետի մոտեցումն այդ հանդիպումների ժամանակ կառուցողական է, և Արցախի վերադարձը որպես նախապայման չի դնում Հայաստանը. այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարեց Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:

«Նրանք շարունակելու են այդ շփումները թե՛ երկու երկրների ղեկավարների, թե՛ ԱԳ նախարարների մակարդակով, նաև օրակարգում պահելով լիարժեք ձևաչափի վերականգնումը, այսինքն՝ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան»,- ասաց Մասիս Մայիլյանը:

Անդրադառնալով հարցին՝ ինչպես պետք է Արցախը վերադառնա բանակցային սեղանի շուրջ, Մայիլյանը պատասխանեց. «Որպես մեխանիզմ կարելի է առաջարկել հետևյալ ձևը՝ քանի որ ՀՀ իշխանության ներկայացուցիչները խոսելու են միայն ՀՀ անունից, պետք է կատարվի դերերի բաժանում. այս հակամարտության մեջ կա 5 առանցքային խնդիր՝ կարգավիճակի, անվտանգության, տարածքների, փախստականների, շրջափակման և այդ հարցերի մեծ մասը Արցախի հանրապետության իշխանությունների լիազորությունների ներքո են գտնվում և պարզ  է՝ ՀՀ իշխանությունները չեն կարող բանակցել նմանատիպ խնդիրներով»,- ասաց նա:

Ըստ նախարարի՝ պետք է վերականգնվի եռակողմ բանակցային վիճակը: «Այստեղ նոր բան հորինելու խնդիր չկա, որովհետև 1992-ից 1997 թվականը Արցախի պաշտոնական պատվիրակությունը մասնակցել է այդ բանակցություններին և ամենաշոշափելի արդյունքները գրանցվել են հենց այդ ժամանակահատվածում, երբ Արցախը լիարժեք մասնակցում էր և իր վրա էր վերցրել իր բաժին պատասխանատվությունը տարածաշրջանային խաղաղության համար»,- նշեց նա:

Լրագրողի դիտարկմանը՝ Արցախի դիրքորոշումը հետևյալն է՝  Հայաստանն ու Ադրբեջանը կարող են բանակցել Վիեննայում կամ այլ վայրում, բայց առանց Արցախի համաձայնության որևիցե փոխզիջում կամ պայմանավորվածություն չի կարող լինել, Մայիլյանը պատասխանեց . «Այո, ենթադրում է հենց դա, բանակցությունների և հանդիպումների տրամաբանությունից կան երեք կողմեր, սակայն այս բանակցության մեջ կա երկու հիմնական կողմ՝ Արցախի հանրապետությունը և Ադրբեջանը, և հնարավոր չէ առանց լիարժեք ձևաչափի որոշումներ ընդունել:

Չի կարող այնպես լինել, որ այդ հանդիպումներին, վերջնական փաստաթղթի ստորագրմանը չմասնակցած կողմը կատարի մյուս երկու կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել