news.am։ ԵՏՄ-ն եվրասիական տարածքում շատ կարեւոր ինտեգրացիոն միավորում է, որը ահռելի ներուժ ունի: Հունիսի 10-ին «ԵՏՄ-ում Հայաստանի նախագահության տարի. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տյան Էրլունը:
Նրա խոսքով՝ ԵՏՄ բոլոր անդամ երկրները Չինաստանի համար կարեւոր եւ բարեկամական տնտեսական գործընկերներ են: «Օրինակ՝ Չինաստանը Ռուսաստանի Դաշնության թիվ մեկ առեւտրային գործընկերն է: Մեր երկրների միջեւ առեւտրի ծավալը անցյալ տարի 100 մլրդ դոլարից անցել է:
Ներուժն ահռելի է: Նույնը կարելի է ասել Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի եւ Ղրղզստանի հետ մեր համագործակցության մասին: Ուստի մեզ համար կարեւոր է ավելի շատ ու ավելի մանրամասն տեղեկանալ, թե դուք ինչպիսի տեսլական ունեք, ինչպիսին են Կազմակերպության հնարավորությունների եւ մարտահրավերների վերաբերյալ հեռանկարները»,- ասաց դեսպանը:
Նա նշեց, որ Չինաստանը չափազանց շահագրգռված է ԵՏՄ անդամ բոլոր երկրների, ինչպես նաեւ ընդհանրապես Կազմակերպության հետ համագործակցության մեծացմամբ եւ զարգացմամբ:
Տյան Էրլունի կարծիքով՝ մոտ ժամանակում Չինաստանում կհաստատեն Չինաստանի եւ ԵՏՄ-ի միջեւ համագործակցության մասին փաստաթուղթը: «Կարծում եմ, որ դա լրացուցիչ խթան կդառնա Չինաստանի եւ ԵՏՄ երկրների միջեւ հմագործակցության զարգացման համար:
Ես այստեղ մեծ հեռանկարներ եւ հնարավորություններ եմ տեսնում: Երրորդ՝ ինչպես հայտնի է, Չինաստանն առաջ է քաշել «Մետաքսի ճանապարհ» տնտեսական գոտու համատեղ կառուցման նախաձեռնությունը: Մենք ԵՏՄ անդամ երկրների հետ ընդհանուր ըմբռնում ունենք, որ այստեղ պետք է համաժամանակյա գործել՝ այն բանին զուգահեռ, որ հասնենք «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության իրականացման մեծ զուգակցման»,- եզրափակեց դեսպանը:
comment.count (0)