Չեն սխալվում միայն նրանք, ովքեր չեն աշխատում, բայց շատ ավելի կարևոր է այդ սխալները տեսնել. Արթուր Վանեցյան
16:47 - 31 հուլիսի, 2019

Չեն սխալվում միայն նրանք, ովքեր չեն աշխատում, բայց շատ ավելի կարևոր է այդ սխալները տեսնել. Արթուր Վանեցյան

ՀՀ ազգային անվտանության սահմանապահ զորքերի վարչական համալիրում ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի, ԱԱԾ դեպարտամենտների ներկայացուցիչների և Սահմանապահ զորքերի հրամանատարական կազմի մասնակցությամբ ամփոփվեցին «Վահան 2019» հատուկ սահմանային օպերացիայի արդյունքները:

Ամփոփիչ զեկույցում ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանը ներկայացրեց հատուկ սահմանային օպերացիայի շրջանակներում անցկացված հրամանատարաշտաբային վարժանքի արդյունքները, նշեց ի հայտ եկած բացթողումները, ինչպես նաև ներկայացրեց առաջարկություններ՝ պետական սահմանում իրադրության սրման պայմաններում սահմանապահ զորքերի գործողությունների արդյունավետության բարձրացման վերաբերյալ:

Նշենք, որ ԱԱԾ սահմանապահ զորքերում առաջին անգամ է, որ նման ձևաչափով զորավարժություն է անցկացվել, ինչը հնարավորություն է տվել Սահմանապահ զորքերի հրամանատարական կազմին գնահատելու իրենց հնարավորություններն ու կարողությունները: Համատեղ հատուկ սահմանային օպերացիայի ընթացքում ՀՀ պետական սահմանի անցման կետերով ընդհանուր առմամբ սահմանահատել է 82671 անձ, 15427 տրանսպորտային միջոց։ Սահմանապահ զորքերի ստորաբաժանումների մարտածառայողական և օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքում բացահայտվել է՝ սահմանային ռեժիմի խախտման 4 դեպք, կանխվել է կեղծ փաստաթղթերով սահմանահատման 8 փորձ և հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 9 անձ։

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը դրական գնահատելով «Վահան 2019» հատուկ սահմանային օպերացիայի արդյունքները, շնորհակալություն հայտնեց Սահմանապահ զորքերի ողջ անձնակազմին՝ ակտիվ մասնակցության և բարեխիղճ ծառայության համար:

«Աշխարհաքաղաքական այն զարգացումները, որոնք տեղի են ունենում անմիջապես մեր հարևանությամբ, մեզ պարտադրում են զգոն լինել: Իսկ այս հարցում պատասխանատվության ամենամեծ չափաբաժինը հենց սահմանապահ զորքերինն է: Չեն սխալվում միայն նրանք, ովքեր չեն աշխատում, բայց այստեղ շատ ավելի կարևոր է այդ սխալները տեսնել, վերհանել և աշխատանքներ տանել դրանք շտկելու ուղղությամբ»,- իր խոսքում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

ԱԱԾ տնօրենը, մատնանշելով զարգացման ուղղությունները, հանձնարարեց պլանավորել և իրականացնել առավել մասշտաբային վարժանք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել