Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելուց հետո ՀՀ կառավարությունը ներկայացրեց սոցիալական աջակցության փաթեթներ, որոնց քննարկման ու իրագործման ընթացքում, սակայն, ավելի ակնառու դարձավ չգրանցված աշխատողների հարցը։ Բանն այն է, որ, ինչպես Ազգային ժողովում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարությունը ստվերում աշխատողներին նույնականացնելու խնդիր ունի, չնայած՝ պարտավոր է նաեւ նրանց աջակցել:

Այդ հայտարարությունից ավելի վաղ Փաշինյանը խոսել էր նոր աշխատատեղեր ստեղծվելու կամ դրանց ստվերից դուրս գալու մասին, բայց արտակարգ դրությունը ցույց տվեց, որ խնդիրը դեռեւս խորքային լուծումներ չի ստացել։

Աշխատավորների միջազգային օրը վերոգրյալի մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ նշելով, որ իրենք շատ անելիքներ ունեն աշխատանքային պայմանների բարելավման, նոր հնարավորությունների ստեղծման գործում, որի արդյունավետությունը կախված է ինչպես արհմիությունների եւ գործատուների, այնպես էլ քաղաքացիների հետ համագործակցությունից:

Infocom-ը որոշեց գնալ չգրանցված աշխատողների խնդիրների հետքերով:

Առցանց հարցման եւ ընթերցողների հետ հարցազրույցների արդյունքում պարզ դարձավ, որ աշխատող-գործատու իրավահարաբերությունների կարգավորման դժվարությունները կապված են ոչ միայն հարկերից խուսափելու, այլ նաեւ տեղեկացվածության եւ ոլորտը կարգավորող օրենսդրական բացերի հետ։

Հարցման մասնակիցներից մեկը՝ Ա․ Կ․-ն, որը մասնագիտությամբ գրաֆիկ դիզայներ է, Infocom-ի հետ զրույցում նշեց, որ իր ողջ աշխատանքային գործունեության ընթացքում՝ շուրջ 5 տարվա մեջ, իրեն ընդամենը մեկ անգամ են գրանցել․

«Բայց այդ անգամ էլ իմ թղթաբանության հետ խնդիրներ կային, խնդրեցի գրանցումից հանել, մինչեւ կարգավորեմ, նորից գրանցեն։ Այս գործընթացը համընկավ կորոնավիրուսի համավարակի հետ, ու չհասցրի նորից գրանցվել։ Այս ոլորտում շատերին գիտեմ, որ գրանցված չեն, գրանցում են հիմնականում այն կազմակերպությունները, որոնք ավելի կայացած են»,- ասաց մեր զրուցակիցը։

Ա․Կ․-ն նշեց, որ գործատուներին շատ չի մեղադրում, որովհետեւ Հայաստանում, ըստ իրեն, գլոբալ խնդիր կա․ հարկերը բարձր են՝ մարդիկ խուսափում են վճարել, դրա համար էլ չեն գրանցում։ 

Մեր զրուցակիցը մտահոգությամբ նկատեց, որ մարդիկ, որոնք գրանցված աշխատող չեն, կառավարության աջակցության ծրագրերից չեն կարողանում օգտվել։

Մեր իրականացրած անանուն հարցման մասնակիցներից մեկն էլ նշել է, որ 1․5 տարի աշխատել է «Արթին Էնթրփրայս» ՍՊԸ-ում, սակայն աշխատանքային որեւէ պայմանագիր չի ստորագրել, չնայած՝ ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթերը՝ անձնագիր, սոցիալական քարտ, դիպլոմ, եւ այլն։

Քաղաքացին հետագայում պարզել է, որ որոշակի ժամանակահատվածի համար գրանցված է եղել նվազագույն աշխատավարձով, այնինչ ստացել է 205-300 հազար դրամ աշխատավարձ։

Ընկերությունն իրականացնում է բիզնեսի, անշարժ գույքի, սարքավորումների, ինտելեկտուալ սեփականության եւ հողի գնահատում։

Հարցման մեկ այլ մասնակից աշխատել է «Վալան պրոֆ» ՍՊԸ-ում, նշել է, որ մոտ 1,5 տարի գրանցված չի եղել, իսկ երբ գրանցվել է, պայմանագրում ամբողջական աշխատավարձը չի գրվել։ 

Մասնակիցների մի մասը գրել է, որ չգրանցված աշխատել է սպասարկման, սննդի ոլորտներում, մի քանիսը՝ լրատվամիջոցներում, սակայն ընկերությունների անունները չեն հայտնել։ Իսկ չգրանցվելու հիմնական պատճառը եղել է հարկերից խուսափելը։

Ինչպե՞ս է կարգավորվում ոլորտը եւ ի՞նչ կարգով

«Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքով սահմանված անձնական հաշվառման վերաբերյալ տեղեկատվությունն արտացոլվում է հարկային մարմնի տեղեկատվական բազայում, որով հաշվառվում են գործատուների գրանցած աշխատողները (ըստ էության՝ աշխատատեղերը), որոնց համար հարկ վճարողներն ամեն ամիս մինչեւ տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը հաշվարկում են եկամտային հարկ՝ այն արտացոլելով եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական հաշվարկում։

ՊԵԿ-ից նախ տեղեկացանք, թե 2018-20 թթ․ ընթացքում քանի աշխատատեղ է ստվերից դուրս եկել։ Ըստ սույն թվականի ապրիլի 15-ին Կոմիտեից ստացած տվյալների՝ համաձայն հարկ վճարողների ներկայացրած եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական հաշվարկների՝ 2020թ․ փետրվար ամսին 2018թ․ փետրվար ամսվա համեմատությամբ «աշխատատեղերի» քանակն աճել է շուրջ 90 հազարով։

Ինչ վերաբերում է այդ աշխատատեղերի՝ ստվերից դուրս եկած լինելու հանգամանքին, ապա ՊԵԿ-ը հայտնել է, որ գործատուների կողմից ընդունումն ու ազատումը դինամիկ գործընթաց է, եւ վերջիններիս մոտ աշխատատեղերի թվաքականը պարբերաբար փոփոխության է ենթարկվում, որի գնահատականը (արդյոք դրանք ստվերից դուրս են եկել, թե ոչ), հարկային մարմինը չի կարող տալ, քանի որ այն կարող է լինել ինչպես նոր աշխատատեղերի ստեղծման կամ փակման, այնպես էլ՝ հարկ վճարողների ինքնահայտարարագրման եւ հարկային վարչարարության արդյունք։

ՊԵԿ-ն ընդգծել է, որ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ հարկային վարչարարությունը չի սահմանափակվում միայն ստուգումներով կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով։ Այն իր մեջ ներառում է նաեւ ՊԵԿ-ի լիազորությունների շրջանակներում՝ հարկ վճարողներին կատարված ծանուցումները, բանավոր իրազեկումները, բացատրական աշխատանքները, եւ այլն։ 

Մեր այն հարցին, թե ստվերի դեմ պայքարի վարչարարությունն այս պահին ի՞նչ մեթոդներով է իրականացվում եւ ի՞նչ մեթոդներ են պատրաստվում կիրառել ապագայում, Պետեկամուտների կոմիտեից պատասխանել են, որ ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով սահմանված է «հարկային վարչարարություն» հասկացությունը, որն, ըստ էության, հարկային մարմնին՝ օրենսգրքի եւ այլ իրավական ակտերի հիման վրա իրականացվող գործողությունների ամբողջությունն է՝ ուղղված հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի համատարած եւ ճիշտ կիրառության ապահովմանը։ 

Հաշվի առնելով վերագրյալը՝ Կոմիտեն հայտնել է, որ հարկային մարմինն իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, Օրենսգրքով սահմանված գործիքակազմի հիման վրա ինչպես այս պահին իրականացնում է, այնպես էլ ապագայում իրականացնելու է միջոցառումներ։ 

Ինչ վերաբերում է չգրանցված աշխատողների հայտնաբերմանն ուղղված կոնկրետ մեթոդներին, ապա Օրենսգրքով նախատեսված հիմնական գործիքներն են՝ աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով ձեւակերպելու եւ կամ աշխատողի համար գրանցման հայտ ներկայացնելու ճշտության ստուգումները, օպերատիվ հետախուզական միջոցառումները, համալիր հարկային ստուգումները, իրազեկման ու բացատրական աշխատանքները, կամերալ ուսումնասիրությունները, եւ այլն։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը 2019թ․ սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովում հայտարարել էր, որ ստվերի նկատմամբ վերահսկողությունը գնալով ուժգնանալու է՝ ստվերը պետք է լինի կառավարելի, եւ չկա որեւէ տնտեսություն, որտեղ ստվեր չկա, ուղղակի կա հաղթահարելի, կառավարելի եւ անկառավարելի: 

Կոմիտեից հետաքրքրվեցինք՝ ՀՀ-ում այս պահին ստվերը հաղթահարելի՞ է, կառավարելի՞, թե՞ անկառավարելի, ինչին ի պատասխան մեզ հայտնեցին, որ նշված որակումները, այդ թվում՝ դրանց տարբերությունների իմաստով, հստակեցման անհրաժեշտություն ունեն։ Կոմիտեից նշել են, որ ստվերի կրճատումը բնութագրող հիմնական ցուցանիշներից է հանդիսանում հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը։ Տվյալ տարվա տնտեսության կառուցվածքի անփոփոխ լինելու եւ պետբյուջեի հարկային եկամուտների վրա ազդեցություն ունեցող օրենսդրական փոփոխությունների բացակայության պարագայում հարկեր-ՀՆԱ ցուցանիշի աճը վկայում է ստվերի կրճատման հաշվին պետբյուջե հաշվերգրված լրացուցիչ հարկային եկամուտների մասին։ Հետեւաբար, այլ հավասար պայմաններում, նախորդ տարվա համեմատ հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշի աճը վկայում է ստվերի կրճատման մասին։ Ըստ հրապարակված պաշտոնական տվյալների՝ 2019 թվականին հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը կազմել է 22,35 տոկոս, ինչը նախորդ տարվա փաստացի ցուցանիշից ավելի է 1,40 տոկոսային կետով։ 

Թե ՀՀ-ում չհաշվառվող տնտեսությունը 2020թ․ դրությամբ քանի՞ տոկոս է կազմում, ՊԵԿ-ից հայտնեցին, որ, համաձայն ազգային հաշիվների ամփոփ մեթոդաբանության, ՀՆԱ-ն ներառում է նաեւ չդիտարկվող տնտեսության գնահատականը, որը վերջին տարիներին 25 տոկոսից նվազել է․ այն կազմում է ՀՆԱ-ի մոտ 22 տոկոսը։

ՊԵԿ վարչարարությունը խորհրդային տարիներից ստացած ժառանգություն է

Չգրանցված աշխատողների խնդիրների եւ իրավունքների մասին զրուցել ենք իրավաբան Նարեկ Ներսիսյանի հետ։ 

Վերջինիս կարծիքով՝ ՊԵԿ վարչարարությունը խորհրդային տարիներից ստացած ժառանգություն է եւ որպես այդպիսին, տնտեսությունը ոտքի կանգնեցնելու եւ դրական տեղաշարժի համար չի եղել։ Ընդհակառակը՝ այն դրդում է կոռուպցիոն ռիսկերի, եւ չի կարող իրեն արդարացնել։ Պետությունը պետք է այլ գործիքներ ներդնի, պետք է այսօրվա իրականությունից ելնելով նոր ծրագիր մշակի։ Ներսիսյանի համոզմամբ՝ պետք է այլ որակի Աշխատանքի պետական տեսչություն ստեղծել, որը աշխատողի իրավունքը կպաշտպանի։

Ինչ վերաբերում է աշխատողների իրավունքների պաշտպանության հարցում արհմիությունների դերին՝ իրավաբանը նշեց, որ մենք արհմիությունների ստեղծման ավելի շատ փորձ ունենք, քան եվրոպական երկրները, սակայն այնտեղ արհմիությունները պատմականորեն ձեւավորված երեւույթներ են, իսկ մեզ մոտ ստեղծվել են խորհրդային ժամանակներում եւ ձեւական բնույթ ունեն։

Չկա պետական վերահսկող մարմին՝ լիարժեք գործառույթներով

Աշխատանքային իրավունքի մասնագետ Հերիքնազ Տիգրանյանը եւս այն կարծիքին է, որ պետական վերահսկող մարմինը ոչ թե ՊԵԿ-ը պետք է լինի, այլ առանձին տեսչական մարմինը։

Տիգրանյանն Infocom-ի հետ զրույցում նկատեց՝ լինում են դեպքեր, երբ աշխատողը գործատուի հետ լռելյայն հմաձայնության է գնում, ու չեն կնքում պայմանագիր՝ մի դեպքում աշխատողի չիմացության պատճառով, ինչից օգտվում է գործատուն, մյուս դեպքում՝ նաեւ հարկերից խուսափելու պայմանավորվածությամբ․

«Երբ աշխատողն իր իրավունքներին ծանոթ չէ, գործատուն հաճախ ասում է՝ մի հատ հասկանամ՝ դու այդ գործը կարողանո՞ւմ ես անել, թե՞ չէ, հետո պայմանագիր կնքենք։ Աշխատողի ունակությունները ստուգելու այդ փուլը  իրավունքի լեզվով նշանակում է փորձաշրջան, բայց կա թյուրընկալում, թե փորձաշրջանի ժամանակ պայմանագիր չի կնքվում, աշխատողն էլ չի վճարվում, կամ կնքվում է փորձաշրջանի մասին պայմանագիր, ինչը գոյություն չունի։ Հետո հաճախ այդպես էլ չի կնքվում հիմնական պայմանագիր»,- ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ օրենսդրությունը փորձաշրջանային կամ հիմնական պայմանագիր հասկացություններ չունի, ունի պահանջ՝ եթե անձին վեցնում են որպես վարձու աշխատող, այդ պահից սկսած նրա հետ պիտի կնքվի պայմանագիր, եւ եթե ուզում են ստուգել աշխատատեղին նրա համապատասխանությունը, պայմանագրի մեջ 3 ամսից ոչ ավելի ինչ-որ ժամանակահատված պետք է նշվի փորձաշրջան, որի ընթացքում աշխատողը դարձյալ պետք է ստանա վարձատրություն՝ իր աշխատանքի ծավալին համապատասխան։

Աշխատանքային իրավունքի մասնագետի խոսքով՝ աշխատանքային պայմանագիր չեն կնքում, որովհետեւ խուսափում են հարկային պարտավորությունից, բայց, լավագույն դեպքում, եթե կնքում են պայմանագիր, ապա գործատուները աշխատավարձը գրում են շատ ավելի ցածր, քան իրականում վճարում են․

«Աշխատողները սրա վրա հաճախ աչք են փակում եւ համաձայնում են գործատուի ամեն տեսակ պայմաններին՝ հիմանակնում այն պատճառով, որ աշխատաշուկայում շատ մեծ առաջարկ չունեն, հետեւաբար գտած աշխատատեղը չկորցնելու համար գնում են վատթարագույն տարբերակով կնքված աշխատանքին, դրանից էլ օգտվում են գործատուները»։ 

Տիգրանյանի համոզմամբ՝ այս իրավիճակի պատճառներից մեկն այն է, որ աշխատաշուկայում կա անհավասարակշիռ վիճակ, աշխատողները շատ իրավատեր ու պահանջատեր չեն եւ երրորդ՝ չկա պետական վերահսկողություն՝ իրենց կողմից օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ։ Սրա ամենամեծ բացը, ըստ մեր զրուցակցի, գուցե նրանից է, որ պետական վերահսկող մարմնի բացակայության պարագայում գործատուներն իրենց ավելի անկաշկանդ են զգում, որովհետեւ գիտեն՝ որեւէ պատասխանատվության չեն ենթարկվի․

«Ցավոք, մեզ մոտ միշտ պատասխանատվության սպառնալիքի տակ են օրինաչափ վարքագիծ դրսեւորում։ Այո, մենք շուկայում ունենք իրականում զբաղված, բայց չգրանցված աշխատողներ, որոնց բացահայտումը նախկինում  իրականացնում էին ՊԵԿ-ն ու Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը։ Վերջինը, սակայն, 2003-ից որոշակի փոփոխությունների ենթարկվեց, գործառույթներն անցան Կոմիտեին։ Բայց ՊԵԿ-ը թաքնված աշխատանքի ստուգումն իրականացնում է իր մասով, այսինքն՝ հարկային օբյեկտ թաքցվե՞լ է, թե՞ ոչ, իսկ Տեսչական մարմինն ստուգում է՝ արդյոք պայմանագիր կնքվե՞լ է, թե՞ ոչ, արդյոք ճի՞շտ է կազմված պայմանագիրը։ Եւ եթե չկա պայմանագիր, ապա օրենքով ունի լիազորություն՝ գործատուին տալու պարտադիր կատարման հանձնարարականներ՝ աշխատողի հետ աշխատանքային պայմանագիր»,- ներկայացրեց Հերիքնազ Տիգրանյանը։

Վերջինս համաձայն է այն դիտարկման հետ, որ հատկապես այս պայմաններում ՊԵԿ-ի վարչարարությունը կարող է արդյունավետ չլինել, քանի որ շատ կազմակերպություններում այլեւս աշխատավայրից չեն աշխատում, ու դժվար է ֆիքսել՝ քանի անձ է աշխատում ու ըստ այդմ՝ պահանջել նրանց աշխատանքային պայմանագրերը։ 

Նրա խոսքով՝ եթե ֆիզիակպես աշխատանքի դեպքում այցելություններով, դիտումներով կպարզվեր, որ ընկերությունն ունի 10 ձեւակերպված, բայց փաստացի 20 աշխատող, ապա հեռավար աշխատանքի դեպքում շատ դժվար է բացահայտելը։ Այս հարցում Տիգրանյանը հատկապես կարեւորում է աշխատողների իրավագիտակցության բարձրացումը․

«Քաղաքացիները պետք է հասկանան՝ ինչու է կարեւոր գրանցված աշխատանք ունենալը․ նրա համար, որ գրանցված աշխատանքը հետո կարող է հիմք լինել որեւէ վարկային գիծ բացելու, ապառիկ ձեւակերպելու, բայց պրակտիկայում հանդիպել են դեպքեր, որ աշխատողը գրանցված չի եղել, բայց գործատուն պարբերաբար տվել է իր մոտ աշխատելու մասին տեղեկանք, որով անձը ձեւակերպել է վարկեր։ Միայն այն փաստը, որ գործատուն աշխատողին տվել է որեւէ տեղեկանք, հիմք է, որ նրանց միջեւ կա աշխատանքային հարաբերություն։ ՀՀ Սահմանադրական դատարանն ունի որոշում, որ եթե չկա աշխատանքային պայմանագիր, բայց կան աշխատանքային հարաբերությունների գրավոր ապացույցներ, օրինակ՝ լրագրողի բեյջը, նշանակում է, գոյություն ունի թաքնված աշխատանք»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ գուցե այսպիսի անհատական դեպքերի հետեւից գնալով պետք է բացահայտել թաքնված աշխատանքը։

Իսկ թե ինչպես պետք է մարդկանց իրազեկել իրենց աշխատանքային իրավունքների մասին՝ Տիգրանյանի կարծիքով՝ պետք է դպրոցական դասագրքային ճշմարտություն լինի, որ յուրաքանչյուր ոք ոչ միայն 18 տարեկանում ընտրական իրավունք ունի, այլ 16-ում էլ ունի ինքնուրույն աշխատանքային պայմանագիր կնքելու իրավունք․

«Եւ որոշակի հարցերում նաեւ հետեւողական պիտի լինի իր իրավունքների պահպանման հարցում։ Այս համատեքստում կարեւորում եմ նաեւ իրազեկման արշավները,հանդիպում-քննարկումները՝ թիրախ դասարանների, ուսանողական կազմի հետ։ Եւ բացի շուկայում աշխատատեղերի ավելացումը՝ մենք մարդկանց պետք է բացատրենք, որ իրավունքը պետք է պաշտպանվի ե՛ւ արտադատարանային, եւ դատական կարգով։ Քաղաքացին չգրանցված աշխատելու հարցով պետք է գնա նաեւ դատարան,ներկայացնի իր ունեցած ապացույցները՝ ապառակի համար փաստաթուղթ, բեյջ, կամ նամակագրություն, որտեղ ասված է այսինչ գործը կանես եւ այլն։ Ինստիտուտը, որին պետք դիմել ու ասել՝ ես չգրանցված եմ աշխատել, դատարանն է․ այս պահին դրանից բացի այլ մեխանիզմ գոյություն չունի»։

Մեր զրուցակիցը հատկապես խնդրահարույց է համարում ագրոբիզնեսի, գյուտնտեսության բնագավառը, որտեղ, նրա խոսքով, ընդհանրապես չի դիտարկվում, որ աշխատանքն այդտեղ աշխատանք է դասական իմաստով, քանի որ աշխատում են հիմանկանում օրավարձով, հողամասում, եւ այլն։ Այս պարագայում շատերը հիմնականում չեն գիտակցում, որ հենց այդ պահին մտնում են աշխատանքային հարաբերության մեջ․ «Այստեղ շատ անելիք ունեն նաեւ ագրոոլորտի արհմիությունները եւ աշխատնքային իրավունքի հետ առնչվող այլ կազմակերպություններ»։

Նշենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանի եւ Նարեկ Զեյնալյանի ներկայացրած նախագիծը, ըստ որի՝ գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնելու է ոլորտի լիազորված տեսչական մարմինը՝ օրենքով նախատեսված դեպքերում կիրառելով պատասխանատվության միջոցներ:

Օրենքն ուժի մեջ է մտնելու 2021 թվականի հուլիսի 1-ից, սակայն մոտ մեկ շաբաթ առաջ՝ ապրիլի 28-ին, խորհրդարանն արտահերթ նիստում ընդունեց փոփոխություն, որի համաձայն՝ արտակարգ դրության պայմաններում Առողջապահական եւ աշխատանքի տեսչությունը կիրականացնի այդ գործառույթները՝ չսպասելով օրենքի ուժի մեջ մտնելուն։

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ չգրանցված աշխատատեղերը ստվերից դուրս բերելու համար հարկավոր է ոչ միայն ստեղծել պետական իրավասու և վերահսկող մարմին, որը կլինի ՊԵԿ-ից անկախ, այլ նաև ապահովել քաղաքացիների լիարժեք իրազեկվածությունը՝ իրենց աշխատանքային իրավունքների իրացման հարցում։

Արփի Ավետիսյան, ՀայԱրփի Բաղդասարյան