Ունեք 3 ամիս ժամանակ «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքը ԱԺ բերելու համար, այլապես դա կանենք մենք. Մանե Թանդիլյանը՝ Սոցապնախարարությանը |tert.am|
14:20 - 03 մարտի, 2020

Ունեք 3 ամիս ժամանակ «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքը ԱԺ բերելու համար, այլապես դա կանենք մենք. Մանե Թանդիլյանը՝ Սոցապնախարարությանը |tert.am|

tert.am: Այստեղ շեշտում ենք «բազմազավակ ընտանիք» եզրույթը, բայց կարող է զարմանաք, ամեն մեկդ տարբեր բան եք հասկանում «բազմազավակ ընտանիք» ասելով, որովհետև նման եզրույթ սահմանված չէ: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով  «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին որոշման նախագծին, որի զեկուցողն է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը:

«Մենք չունենք օրենք, թե որն  է բազմազավակ ընտանիքը՝ երեք և ավելի՞, թե չորս և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները, քանի որ այդ օրենքը ամիսներով, նաև տարիներով դրված է դարակներում: Ես պնդում եմ, պարո՛ն Ուդումյան, նաև փոխանցեք նախարարություն, որ դուք ունեք երեք ամիս ժամանակ «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքը բերելու ԱԺ, այլապես դա կանենք մենք: Ինչո՞ւ եմ այս տոնով խոսում, քանի որ շատ լավ է վճարները անելը, խրախուսելը, բայց դա միակ միջոցը չէ, ավելին` դա ամենևին հենց այն միջոցը չէ, որը խրախուսում է բազմազավակ ընտանիքներին, կամ ընդհանրապես ծնելիությունը, որը, ըստ էության, այսօր արդեն կատաստրոֆիկ ծանր վիճակում է և առաջին անգամ Լոռու մարզում պոպուլյացիա է գրանցվել»,-ասաց նա:

Մանե Թանդիլյանը նշեց, որ ժողովրդագրական ազդեցությունը բարելավելու համար հինգ կոմպոնենտ կա՝ բնակարան, կրթություն, բժշկություն, դրամական աջակցություն և աշխատանք։ Եվ այս հինգ կոմպոնենտները պետք է արտացոլված լինեն «Բազմազավակ ընտանիքների» մասին օրենքում։

Նախագծով առաջարկվում ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց տրվի ամենամսյա պատվովճար, որի կարգը պետք է սահմանվի Կառավարության որոշմամբ: «Այս պահին ունենք ինը ընտանիքներ, որոնք ստացել են Ծնողական փառքի մեդալ: Մեդալին արժանանալու հիմնական երկու պայմանն են՝ վեց և ավելի երեխայի առկայությունը և ընտանիքի մասին դրական ձևավորված կարծիքը: Այս ընտանիքների համար Կառավարությունն առաջարկում է ամսական պատվովճար սահմանել 40 հազարի չափով»,-ներկայացրել է փոխնախարար Ուդումյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել