Ով օրվա հացի ապրուստ է հոգում, մենակ նրանց տարան ոստիկանները, ինչո՞ւ չտարան նրանց, ովքեր սղոցարաններ ունեն |tert.am|

08:44 - 18 հուլիսի, 2019

tert.am: Իջևանում երեկ ոստիկանների և ճանապարհը փակած քաղաքացիների միջև տեղի ունեցած բախումներից հետո ձերբակալվածների հարազատները հավաքել են Իջանի մարզպետարանի դիմաց և պահանջում են ազատ արձակել իրենց հարազատներին:

«Ի՞նչ են արել, մարդասպա՞ն են, ինչ են, թող մեր անմեղ երեխեքին մեզ տան, աշխատատեղ չկա, ջահել երեխեք են, փոխանակ մի աշխատատեղ ստեղծեն, ի՞նչ են ուզում, իրենք լա՞վ ա, ուզում են լավ ապրեն, մենք չէ՞, ոսկե ձկնիկի պատմությունն է դառել  բոլորը վարկերի, պարտքեր տակ են»,-ասաց նրանցից մեկը:

Նրանք պնդում են, որ երեկ ոստիկանների հետ բախումը սկսվել է ոստիկանների մեղքով. «Խմած ոստիկանները եկել են ու բախումը սկսվել է»,- ասաց ձերբակալվածներից մեկի մայրը:

Մեկ այլ կին ասաց, որ ոստիկանները եկել էին ճանապարհը բացելու համար, բայց իրենց պատգամավոր Վահե Ղալումյանն ասել է՝ երեք օր միջազգային ճանապարհը չի բացվել, ինչը, ըստ նրա, ճիշտ չէ. «Մերթընդմերթ բացել ենք, որ չբացեինք էս մեքենաների վիճակը ի՞նչ կլիներ»,- ասաց կինը և նշեց, որ գիշերը եկել են և բոլորին հավաքել ու տարել:

«Մեր դեպուտատը շատ սիրուն գիշերը ճռճռում էր ոստիկանության շենքում, բայց առաջին օրը ժողովուրդը հարց տվեց՝ «պարոն Ղալումյան մենք ուզում ենք որ օրինական հանենք, աշխատենք, բայց հասցրել են պարոն Օսիպյանին այնպես, որ մարդիկ իբրև նագլի ձևով են ուզում անտառ մտնեն, անտառհատում անեն: Գիշերով մտել են տները, մի մասին ծեծել են, բռնի ուժով տարել, մյուս մասին էլ երեխու ծնողի առաջ, տկլոր-տկլիկ կանդալել են ու տարել: Ես ասել եմ, որ ուզում եմ իմ երեխու տեղը իմանամ, չասեցին»,-ասաց կինը:

Ձերբակալվածի մայրը նշեց, որ տարել են բոլոր նրանց, ովքեր օրվա ապրուստն են հոգում: «Նա, ով օրվա հացի ապրուստն է հոգում, մենակ նրանց տարան, բայց էն ով, որ սղոցարաններ ունեն, լավ բիզնեսի տերեր են, ինչի՞ չեն նրանց տարել, ովքեր օրվա հարցի փողն են հոգում, նենց են տարել, որ ծնողը մնացել է շշմած, չգիտի ուր են տարել»,-ասաց նա և պնդեց, որ ոստիկանները բռնի ուժ են կիրառել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել