news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 12-ի նիստում որոշում կայացրեց հիմք ընդունելով Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակներում նախատեսվող քաղաքային մայրուղու շինարարական աշխատանքները` Արարատի մարզի Արգավանդ համայնքի 168․16 քմ մակերեսով հողատարածքի  նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ:

Որոշման հիմնավորումներում նշվում է.

Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող  Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Արգավանդի ճանապարհային հանգույցը (Իսակով-Բաբաջանյան փողոցների հատման վայրում առկա ճանապարհային հանգույց) Շիրակի փողոցին (այսուհետ՝ Արգավանդ-Շիրակ ճանապարհահատված) միացնող քաղաքային մայրուղու շինարարական աշխատանքները:

Ճանապարհաշինական ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, եւ ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ`

ա. Հարակից տարածքներում իրականացվելու են խոշորածավալ ճանապարհաշինական աշխատանքներ, որոնց կատարումը ներառում է նաեւ բարձրավոլտ էլեկտրական մալուխների տեղափոխում, ինչպես նաեւ համապատասխան հենասյան տեղադրման աշխատանքներ: Վերոնշյալ ճանապարհային հատվածի կառուցումը նախատեսված է Երեւան քաղաքի գլխավոր հատակագծով, եւ մաս է կազմում Երեւանի արեւմտյան շրջանցիկ ճանապարհի, ինչը անհնար է իրականացնել առանց նշված սեփականության օտարման,

բ. Նախատեսված ճանապարհների ամբողջ երկարությամբ ամբողջականացումը կնպաստի Երեւանի կենտրոնը տարանցիկ տրանսպորտային միջոցներից բեռնաթափելու խնդրի լուծմանը,

գ. ճանապարհաշինության արդյունքում մասնակիորեն կլուծվեն Երեւան քաղաքում ավտոմեքենաների թվի կտրուկ ավելացման պատճառով առաջացած ավտոճանապարհների գերբեռնվածության բեռնաթափման խնդիրները.

Սահմանվել է, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողատարածքը ձեռք բերողը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետը.

Սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնական ժամկետ է սահմանվում սույն որոշման հրապարակման օրվանից ոչ ուշ, քան 2 (երկու) ամիսը:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Կարգի պահանջը կատարելու նպատակով բնակիչների հետ անցկացվել են հանդիպումներ տեղում. ներկայացվել է սեփականության օտարման նպատակը, փոխհատուցման չափերի հաշվարկման մեթոդն ու վճարման կարգը, միաժամանակ, տեղեկատվություն է տրամադրվել նաև հեռախոսով: