Շիրակի մարզպետը Անիի համայնքապետի լիազորությունները դադարեցնելու մասին դատախազի միջնորդությունն ուղարկել է նախարարություն |shantnews.am|
17:53 - 10 հոկտեմբերի, 2019

Շիրակի մարզպետը Անիի համայնքապետի լիազորությունները դադարեցնելու մասին դատախազի միջնորդությունն ուղարկել է նախարարություն |shantnews.am|

shantnews.am:  Այսօր մարզխորհրդի նիստից հետո Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Անի խոշորացված համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու Շիրակի մարզի դատախազի միջնորդությանը վերաբերող  հարցին ի պատասխան` նշել է,որ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը արդեն ուղարկվել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն և սպասում են պաշտոնական պատասխանին:

«Դատախազից ստացել ենք միջնորդություն Անիի համայնքապետի լիազորությունները ժամանակավոր դադարեցնելու մասին՝ իր հետ կապված քրեական գործընթացի հետ, որի կոմպոնենտներից մեկը պաշտոնեական դիրքի չարաշահումն է: Դատախազությունը իրապես տեղին մտահոգություն ունի պաշտոնավարման շարունակության հետ կապված, այսինքն՝ ինքն իր մտահոգությունը ձևակերպել էր Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, երբ գործատուն, կոպիտ ասած, պիտի ժամանակավոր դադարեցնի անձի գործունեությունը մինչև էդ անձի հետ կապված հարցերը իրավապահ համակարգի կողմից ամբողջությամբ ճշտվեն, որ ամեն ինչ ընթանա իր հունով»,- մեկնաբանել է Շիրակի մարզպետը:

 

Տիգրան Պետրոսյանը նշել է, որ այս դեպքում կա ընթացակարգի հետ կապված խնդիր: Մեր երկրում պարզեցված չէ, թե ով է դադարեցնելու համայնքապետի լիազորությունները ժամանակավորապես, քանի որ ՏԻՄ մասին օրենքով լիազորությունների դադարեցման հասկացություն չկա:

«Քրեական օրենսգրքում կա նման հասկացություն, դա պիտի գործատուն անի, հենց սրա հետ է կապված ամբողջ քննարկումը, և մենք ամբողջ փաթեթը հավաքել ենք դատախազությունից, համայնքապետի փաստաբանից, անձամբ համայնքապետից և ներկայացրել ենք տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ամբողջական պարզեցում ստանալու համար, որպիսի մոտեցումը հստակ լինի և չունենանք քայլեր, որոնք իրավական առումով խոցելի են այս պարագայում»,- նշել է Տիգրան Պետրոսյանը:

Շիրակի մարզպետը նաև իր մտահոգությունն է հայտնել այն հարցի շուրջ, որ Անիի համայնքապետ Արտակ Գևորգյանի փաստաբանը իր տարածած հայտարարությունում դատախազի միջնորդությունն ու հարուցված քրեական գործերը համարել է քաղաքական հետապնդում:

«Որոշակի մտահոգություն կա համայնքապետի բլոկում էս ամեն ինչը քաղաքականացնելու հետ կապված, մեզ համար իրապես մտահոգիչ է, որովհետև էս ամբողջ ընթացքում մենք առավելագույնս զգայուն մոտեցում էինք ցուցաբերում այս հարցի նկատմամբ, ամեն ինչ անելով, որ թե՛ բողոքող կողմի, թե՛ համայնքապետի մոտ չլիներ էդ մոտեցումը, որ էստեղ արհեստական միջամտության խնդիր կա, և էսօր փորձել էս ամեն ինչը վերագրել քաղաքական որոշակի կոմպոնենտների, մեզ համար դառնում է բավականին զավեշտալի»,- ասել է Տիգրան Պետրոսյանը՝ հավելելով, որ եթե քաղաքական որևէ մոտիվացիա լիներ էս գործի մեջ, ապա հարցն ավելի շուտ լուծում կստանար:

«Այս հարցը կհանգուցալուծվեր ոչ թե մեկնարկից ութ ամիս կամ մեկ տարի անց, այլ մեկնարկի սկզբում»,- պարզաբանել է Շիրակի մարզպետը:

 

Հարցին՝ դատախազի միջնորդությունը բավարարելու դեպքում ինչպես կլուծվի Արտակ Գևորգյանի հետագա պաշտոնավարման հարցը և ըստ օրենքի՝ ով է ժամանակավորապես կատարելու համայնքի ղեկավարի պարտականությունները, Տիգրան Պետրոսյանը նշել է, որ դա կախված կլինի ընդունած որոշումից:

«Եթե լիազորությունները դադարեցվեն, ապա օրենքը նախատեսում է այլ բան, իսկ եթե համայնքի ղեկավարը հրաժարական ներկայացնի, կլինի այլ մոտեցում»,- պատասխանել է Տիգրան Պետրոսյանը:

Իսկ մարզխորհրդի նիստին ներկա Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը ասել է, որ շարժվելու են միայն ՏԻՄ մասին օրենքի պահանջներով, և շարունակելու է կատարել իրեն վերապահված լիազորությունները:

«Իմ փաստաբանն արդեն պատասխանել է, և դուք գիտեք, որ տեղական ինքնակառավարման մարմիններն առաջնորդվում են միայն ՏԻՄ մասին օրենքով, և մենք առաջնորդվում ենք այդ օրենքի դրույթներով: Ես, լինելով ՏԻՄ մարմնի ներկայացուցիչ, պարտավոր եմ առաջնորդվել այն օրենքներով, որ գրված են ՏԻՄ մասին օրենքում»,- ասել է Արտակ Գևորգյանն ու հեռացել նիստերի դահլիճից:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել