Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ օրեր առաջ Արժույթի միջազգային հիմնադրամի աշխատակազմը  հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ ՀՀ-ի հասանելի աջակցության ծավալը հասել է 206 միլիոն հատուկ փախառության իրավունքերի, որը կազմում է 280 միլիոն ԱՄՆ դոլար։

«Այդ միջոցները կառավարությանը հասանելի են այն պատճառով, որ մենք շարունակաբար բարելավել ենք մեր գործարար միջավայրը, ապահովել ենք նեդրումների պաշտպանությունը, բարեփոխումներ ենք իրականացրել ինչպես սոցիալական, այնպես էլ տնտեսական ոլորտներում։ Միջազգային հանրության մոտ վստահություն է ձևավորվել, որ ՀՀ կառավարությունն այս միջոցներն ուղղելու է կորոնավիրուսի հետևանքների մեղմմանը, և այդ միջոցներն ուղղելու  է նպատակային»,- նշեց նա։

Ավագ Ավանեսյանի խոսքով՝ այդ միջոցները ծախսվելու  են առողջապահական համակարգերի հզորացման, ինչպես նաև սոցիալական և տնտեսական շոկերի մեղմման նպատակով։ Նա հիշեցրեց, որ սա առանց պայմանների վարկ է, կառավարությունն է ընտրելու՝ ինչի վրա է ծախսվելու գումարը, և այս վարկի հասանելիությունը զգալիորեն հզորացնում է մեր հակահամաճարակային միջոցառումների իրականացման կարողությունը

«Շարունակվում են իրագործվել տնտեսական շոկերի մեղմման միջոցառումները։ 1-ին միջոցառման շրջանակում հայտերի թիվն  արդեն անցել է 200-ի շեմը։ 2-րդ միջոցառման շրջանակում 536 հայտ բավարարվել է։ 3-րդ միջոցառման շրջանակում միջոցառման պայմաններին բավարարել է 115 հայտ, ընդհանուր հայտերի թիվը հասել է 700-ի։ 5-րդ միջոցառման շրջանակներում, համաձայն ՊԵԿ-ի օպերատիվ տվյալների, արդեն 7500 շահառու համապատասխան ֆինանսական միջոցները ստացել է»,- նշեց նա։

Ավագ Ավանեսյանն ասաց, որ նախարարությունը շարունակում է ոլորտային ուսումնասիրությունները՝ բացահայտելու այն ոլորտները, որոնք լրացուցիչ հարվածներ են կրում կորոնավիրուսի տնտեսական շոկերի արդյունքում։

«Մենք աշխատում ենք ինչպես տնտեսագիտական համայնքի հետ, այնպես էլ համապատասխան ոլորտները ներկայացնող ասոցիացիաների և առանձին գործարարների հետ՝ բացահայտելու հենց այն նեղ տեղերը, որտեղ մեր տնտեսությունը կարող է խնդիր ունենալ»,- նշեց նա։