Նույնիսկ մեռելները չպետք է լքեն Ստամբուլը |epress.am|
09:30 - 16 մայիսի, 2019

Նույնիսկ մեռելները չպետք է լքեն Ստամբուլը |epress.am|

epress.am։ Թուրքիայի Գերագույն ընտրական հանձնաժողովը (ԳԸՀ) մայիսի 6-ին չեղարկել է Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքները։ Արդյունքները չեղարկելու և վերաքվեարկություն անցկացնելու խնդրանքով ԳԸՀ էր դիմել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որի թեկնածուն մարտի 31-ին կայացած ընտրություններում պարտվել էր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ Էքրեմ Իմամօղլուին:

Իմամօղլուն, ով ապրիլի 17-ին արդեն իսկ ստանձնել էր քաղաքապետի պաշտոնը, ԳԸՀ-ի որոշումը հրաժարվել է ընդունել։ Վերաքվեարկությունը նշանակվել է հունիսի 23-ին։
Այս որոշման շարժառիթների, պատճառների ու հետևանքների մասին «Էխո Կովկազա» ռադիոկայանի եթերում Վադիմ Դուբնովը զրուցել է լրագրող Օսման Փաշայևի հետ։

Վադիմ Դուբնով․ Օսման, ինչո՞վ է պայմանավորված Էրդողանի՝ Ստամբուլն, այնուամենայնիվ, չհանձնելու այս անկոտրում վճռականությունը․ քաղաքապետն արդեն, կարծես, հաղթել էր, արդեն անցել էր պաշտոնավարման և միևնույնն է՝ Էրդողանը շարունակում է պայքարել։

Օսման Փաշայև․ Ստամբուլը երկրի ամենամեծ քաղաքն է։ Թեև այն վաղուց արդեն մայրաքաղաք չէ, տնտեսապես շարունակում է մնալ կենտրոն․ Թուրքիայի ՀՆԱ-ի համարյա 40% ստեղծվում է Ստամբուլում, այնտեղ 16 միլիոն բնակչություն կա։ Այսինքն՝ Ստամբուլն ամենակարևոր քաղաքն է, նաև՝ մեկնարկային կետ մեծ ազգային կարիերայի համար․ Էրդողանն ինքը 1994 թ․ հաղթեց Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները, և այդտեղից ծագեց Էրդողանի աստղը թուրքական քաղաքականությունում։

Այստեղ անհրաժեշտ է պարզաբանել․ իշխող կուսակցությունը հիմնվել է 2001 թվականին, սակայն մինչ այդ արդեն պրոիսլամական ուժերը, որոնց կողմից առաջադվել էր Էրդողանը՝ նաև 1994 թվականին, 25 տարի անընդմեջ իշխել են այստեղ։

Ընդդիմադիր Իքրամ Իմամօղլուն ներկայացնում է Ժողովրդահանրապետական կուսակցությունը, որը հիմնադրվել է 1923 թ․՝ դեռ Աթաթուրքի օրոք, ու 1977 թվականից Ստամբուլում հաղթած չի եղել։ Այսինքն՝ նրանց վերջին հաղթանակը եղել է դեռ 1980 թվականի հեղաշրջումից առաջ։ Իհարկե, ընդդիմության համար դա հաղթանակի զգացողություն է ու արդեն գողացված հաղթանակի զգացողություն է, և այստեղ բավականաչափ կոշտ դիմակայություն է լինելու, դա հայտարարություններից արդեն զգացվում է։

Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդը ԳԸՀ տասնմեկ անդամներից յոթին, որոնք քվեարկեցին ընտրությունների արդյունքերի չեղարկման օգտին, անվանեց հրոսակախումբ։

Դա բավականին կոշտ հայտարարություն է․ նա թվարկեց բոլորին՝ անուն առ անուն։ ԳԸՀ-ի նախագահ Սադի Գյուվենը քվեարկել է Ստամբուլում ընտրությունների չեղարկման որոշման դեմ, բայց միևնույնն է՝ այն անցել է հարաբերակցության մեջ․ ԳԸՀ անդամներից յոթը քվեարկել է «կողմ», չորսը՝ «դեմ»։

Կա շարժառիթ ու պատճառ։ Մենք խոսեցինք շարժառիթների մասին, իսկ պատճառը նրանում է, որ իբր տեղական ընտրական հանձնաժողովների մի քանի տասնյակ նախագահներ և անդամներ չեն եղել պետծառայող։ Օրենքի համաձայն, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ լինելու համար անհրաժեշտ է լինել պետծառայողի կարգավիճակում։ Այստեղ այսպիսի մի պահ էլ կա՝ թուրքական ԳԸՀ-ն ունի իբր թե հատուկ դատարանի լիազորություններ․ ԳԸՀ-ի անդամներին կոչուն են հակիմ, այսինքն՝ նրանց կարելի է անվանել դատավոր։

Այս հարցի սահմաններում նրանք ունեն դատավորական լիազորություններ։ Օրինակ՝ երբ երկու տարի առաջ Սահմանադրության փոփոխության և Թուրքիայի՝ նախագահական կառավարման համակարգին անցնելու վերաբերյալ հանրաքվե էր անցկացվում, շուրջ երկուսուկես միլիոն քվեաթերթիկներ չունեին տեղամասային հանձնաժողովի կնիք, և ԳԸՀ-ն, ի վերջո, ընդդիմության բողոքներն անտեսելով, ընդունեց որոշում դրանք վավեր համարելու վերաբերյալ։

ՎԴ․ Այսինքն՝ ֆորմալ տեսանկյունից, մեծ հաշվով, չենք կարո՞ղ ասել, որ թուրքական դատական համակարգի կոորդինատների սահմաններում այդ որոշումը անօրինական է։

ՕՊ․ Նայեք՝ արդեն իսկ կա Եվրախորհրդի զեկուցողի՝ Քեթի Փերիի հայտարարությունը Թուրքիայի վերաբերյալ, ով ասել է, որ դա հարված է ժողովրդավարությանը։ Տեղի ունեցածի գնահատականում նա համերաշխ է, իմ կարծիքով, թուրքական ընդդիմադիր ուժերի հետ: Նրանք, ովքեր հետևում էին այս տեղական ընտրություններին, հիշում են, որ Էքրեմ Իմամօղլուին քաղաքապետի վկայական չէր տրամադրվում ընտրություններից հետո 17 օր շարունակ․ մեկ հաշվարկ ու վերահաշվարկ էին անում տարբեր շրջաններում, մեկ վերահաշվարկ էին անում որոշ թաղամասերում, մեկ անվավեր քվեաթերթիկների վերահաշվարկ էր գնում, մեկ վերահաշվարկ էին անում շրջանում, որտեղ իբր լրացուցիչ ընտրողներ էին հայտնվել, որոնք չեն եղել նախորդ ընտրությունների ժամանակ, տուն առ տուն էին գնում՝ մարդկանց ընտրացուցակների հետ համեմատելով։

Այսինքն՝ այս խառնաշփոթն ու քաշքշուկը ձգվեց 17 օր՝ վերահաշվարկի միջոցով ընտրությունների արդյունքերը վերանայելու նպարակով, սակայն իշխող կուսակցությանը դա չհաջողվեց, տարբերությունը միևնույնն է ի օգուտ ընդդիմությանն էր։ Ու միայն այդ ժամանակ ընտրությունների արդյունքերը չեղարկելու համար որոշեցին գնալ այս ձևական ճանապարհով։

ՎԴ․ Էրդողանն առաջին անգամ է պարտվում Ստամբուլը։ Բայց ե՞րբ է նա սկսել պարտվել։ 2016թ․ հեղաշրջման փորձի՞ց հետո, Գեզիի այգո՞ւմ․ ե՞րբ է սկսվել այդ անկումը։

ՕՊ․ 2017 թվականի հանրաքվեի ժամանակ․ թեև 51%, ըստ պաշտոնական տվյալների, քվեարկել է Սահմանադրության փոփոխության օգտին, Ստամբուլում և Անկարայում հանրաքվեի արդյունքները «դեմ» էին, այսինքն՝ հենց այդ ժամանակ է եղել առաջին պարտությունը, առաջին ազդանշանը, որ նրա դիրքերը երկրի ամենախոշոր քաղաքներում թուլանում են։

Այսինքն՝ մինչ այդ, 2002 թվականից, երբ նա իշխանության եկավ, միակ միլիոնանոց քաղաքը, որն ընդդիմադիր էր Էրդողանին, Իզմիրն էր։ Իզմիրի մասին ասում են նաև, որ դա հանրապետականների, աթաթուրքիզմի ամրոցն է։

Ստամբուլն ու Անկարան ամբողջությամբ վերահսկողության տակ էին։ 2017թ․՝ հանրաքվեի ժամանակ, առաջին անգամ Ստամբուլը ցույց տվեց, որ դեմ է։ Բայց, այնուամենայնիվ, 2018 թ․՝ նախագահական ընտրությունների ժամանակ, Ստամբուլում Էրդողանը կրկին հավաքեց զգալիորեն ավելի շատ ձայն, քան նրա մրցակից Մուհարեմ Ինջենը։

Եվ ահա՝ հասանք քաղաքապետի ընտրություններին, ու այսպիսի անսպասելի արդյունք։ Ոչ ոք առանձնապես չէր հավատում, որ կարելի է գտնել մի թեկնածու, ով կկարողանա դիմակայել Էրդողանին։ Պետք է հասկանալ, որ այստեղ առաջադրվել էր ոչ այնքան նախկին վարչապետ, խորհրդարանի նախկին նախագա Բինալի Յըլդըրըմ․․․քարոզարշավը հիմնականում վարել է հենց ինքը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա համար Ստամբուլը իրենն է։

ՎԴ․ Որտե՞ղ է համակարգը ճաք տվել։

ՕՊ․ Կարծում եմ, գլխավոր պատճառը, ինչ էլ չասեն, տնտեսական է։ Գործազրկությունը կազմում է 14%, ավելի քան չորս միլիոն գործազուրկ կա, միայն մեկ տարվա ընթացքում գործազուրկների թիվն ավելացել է 366 հազարով, վերջին կես տարվա ընթացքում միայն լիրայի փոխարժեքը համարյա 20% անկում է ապրել, իսկ երբ հայտարարեցին [քաղաքապետի] ընտրությունների արդյունքերի չեղարկման մասին, լիրան կրկին ընկավ․ փոխարժեքը 5,99 լիրա էր մեկ դոլարի դիմաց, հիմա՝ 6,14 է։

Գործոններն, իրականում, բազմաթիվ են․ կա ֆրանսիական Ipsos գործակալության խորքային հետազոտությունը, որը ցույց է տալիս թուրքական ընտրողների պատկերը 2017 թվականի հանրաքվեի ժամանակ։ Թեպետ հետադիմական ընտրողը մեծ զանգված է կազմում Թուրքիայում, ամեն տարի ավելանում է մոտ կես միլիոն 18-ը լրացած մարդ՝ նոր ընտրողներ։ Եւ առաջին անգամ ընտրողների շրջանակում 2017 թվականին՝ հանրաքվեի ժամանակ, հակառակ համաչափություն էր․ եթե Էրդողանի, նրա սահմանադրական բարեփոխումների և նախագահական կառավարմանն անցնելու օգտին քվեարկել է ընտրողների 51 տոկոսը, երիտասարդների շրջանակում 58 տոկոսը դեմ է քվեարկել։

Այսինքն, այդ 58-60% տոկոսը նոր ընտրողներն են, որոնք քվեարկում են ավելի ազատական և, ասենք, ավելի ժամանակակից արժեքների օգտին, ոչ պահպանողական։ Եւ նրանք տարեց տարի ավելանում են, և հասկանալի է, որ կա վտանգ, որ 2023 թվականին՝ նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ, Էրդողանի ախոյանների քանակը կարող է էականորեն աճել։ Հիմա արդեն սկսել են գնահատականներ տալ՝ ինչ տեղի կունենա իշխանության և ընդդիմության միջև Ստամբուլի համար աճող այս լարվածության արդյունքում։

Որոշ վերլուծաբաններ գրում են, որ հավանական է, որ ճգնաժամը սրանա այնքան, որ աշնանը, նոյեմբերին լինեն արտահերթ ընտրություններ։ Իսկ այստեղ անհրաժեշտ է հասկանալ, որ 2017 թվականի էրդողանական նոր Սահմանադրության համաձայն, եթե խորհրդարանը գնում է արտահերթ ընտրությունների, նախագահը նույնպես՝ նրա հետ միասին, պիտի գնա արտահերթ ընտրությունների։ Այսուհետ Թուրքիայում խորհրդարանն ու նախագահը ընտրվում են միաժամանակ՝ համապետական քվեարկությամբ։

Շարունակությունը՝ epress.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել