orbeli.am։ 2019թ. մայիսի 23-26-ը ԵՄ 28 երկրներում տեղի ունեցան Եվրոպական խորհրդարանի ընտրությունները, որոնք մի կողմից չափազանց կարևոր էին ԵՄ քաղաքական նոր օրակարգի ձևավորման և ԵՄ ապագայի համար, մյուս կողմից՝ կարևոր փորձություն էին ԵՄ անդամ շատ երկրների իշխանությունների համար՝ բնակչության վստահությունը չափելու տեսանկյունից։

Ընտրությունների արդյունքները

Այս ընտրություններին գրանցվել է վերջին 20 տարում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը՝ 50,97% (Գծապատկեր 1): Սա կարելի է պայմանավորել եվրոպացիների շրջանում հետաքրքրության աճով և եվրոպական քաղաքական գործընթացների նկատմամբ ազդեցությունն ընդլայնելու նրանց ցանկությամբ։

Հատկանշական է, որ եվրոպական խոշոր երկրներում ևս մասնակցության ցուցանիշն էականորեն աճել է (Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Հունգարիա և այլն): ԵՄ անդամ երկրներում Եվրոպական խորհրդարանի 2014թ. և 2019թ. ընտրություններին մասնակցության ցուցանիշը ներկայացված է Գծապատկեր 2 –ում։



Եվրոպական խորհրդարանի ընտրությունների արդյունքում ավանդական եվրոպական կուսակցությունները կարողացան պահպանել իրենց դիրքերը, իսկ եվրոսկեպտիկ ուժերին, ինչպես և կանխատեսվում էր, հաջողվեց առաջընթաց գրանցել և համեմատաբար ավելի շատ մանդատ ստանալ։

Խորհրդարանում եվրոպական քաղաքական կուսակցությունների մանդատների քանակը ներկայացված է Գծապատկեր 3-ում (Տվյալները հիմնված են հունիսի 4-ի ժամը 16։25-ի դրությամբ ԵՄ անդամ 20 երկրներում գրանցված վերջնական արդյունքների, 7 երկրներում գրանցված նախնական արդյունքների և 1 երկրում իրականացված հաշվարկների վրա)։



Եվրոպական խորհրդարանի այս ընտրություններն աչքի ընկան մի քանի կարևոր առանձնահատկություններով, որոնցից յուրաքանչյուրին առավել մանրամասն կանդրադառնանք ստորև։

Կենտրոնամետ ուժերի դիրքերի թուլացումը

Ընտրությունների արդյունքները վկայում են, որ Եվրոպայի ավանդական կենտրոնամետ ուժերի դիրքերի թուլացման մասին․ այս ուժերը 1979թ․-ից (Եվրոպական խորհրդարանի առաջին ընտրություններ) ի վեր առաջին անգամ բացարձակ մեծամասնություն չեն կազմել խորհրդարանում։

Նախքան ընտրությունները կենտրոնամետ աջակողմյան Եվրոպական ժողովրդական կուսակցությունը և կենտրոնամետ ձախակողմյան Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ դաշինքը խորհրդարանում միասին ունեին 412 մանդատ։

Ընտրությունների արդյունքում նրանց մանդատների թիվը նվազել է՝ հասնելով 331-ի, սակայն Եվրոպական խորհրդարանում բացարձակ մեծամասնություն կազմելու համար ուժերին հարկավոր է առնվազն 376 մանդատ։ Ենթադրվում է, որ կենտրոնամետ և լիբերալ ուժերը պետք է կոալիցիայի ձգտեն՝ խորհրդարանում իրենց իշխանությունն ու ազդեցությունը պահպանելու համար։

Խոշորագույն ավանդական երկու ուժերն, ամենայն հավանականությամբ, կփորձեն համաձայնության գալ «Լիբերալների և Դեմոկրատների Դաշինք Եվրոպայի համար» կուսակցության և «Կանաչներ/Եվրոպական ազատ դաշինքի» հետ։ Այս ուժերի հետ կոալիցիա կազմելու պարագայում ավանդական կենտրոնամետ ուժերը կպահպանեն իրենց առաջատար դիրքերը, սակայն չեն կարող նախկինի պես թելադրող լինել Եվրոպական խորհրդարանի առաջնահերթությունները սահմանելու հարցում։

Պոպուլիստների դիրքերի ամրապնդումը

Նախնական արդյունքներով պոպուլիստական եվրոսկեպտիկ ուժերը նշանակալի հաջողություն են գրանցել հատկապես խոշոր եվրոպական երկրներում։ Ֆրանսիայում Մարին Լը Պենի «Ազգային ճակատ» ծայրահեղ աջակողմյան կուսակցությունը 23,31%-ով զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ հաղթելով Էմանուել Մակրոնի «Վերածնունդ կոալիցիային» (22,41%):

Իտալիայի աջ ծայրահեղական «Լիգա» կուսակցությունը, որն առաջնորդում է փոխվարչապետ Մատեո Սալվինին, ընտրությունների արդյունքում զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ ստանալով ձայների 34,33%-ը։ Մեծ Բրիտանիայում Նիգել Ֆարաժի գլխավորած «Բրեքսիթ» եվրոսկեպտիկ կուսակցությունը ևս առաջին տեղում է՝ ստանալով ձայների 31,69%-ը։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի ազգայնական «Ֆիդեզ» կուսակցությունը լավագույն արդյունքն է գրանցել՝ ստանալով 52,33% ձայն։

Պոպուլիստական ուժերի արդյունքերը վկայում են, որ նրանց հանդեպ վստահությունն աճել է։ Կարևոր է նշել, որ չնայած նախորդ տարիների համեմատ լավագույն ցուցանիշին, պոպուլիստների գրանցած արդյունքները բավարար հնարավորություն չեն տալիս «փոխել» Եվրոպայի ապագան. նրանք կկարողանան ազդել Եվրոպական Խորհրդարանի ընթացիկ քաղաքականության վրա, խոչընդոտել կամ դանդաղեցնել օրենսդրական գործընթացները, ԵՄ բյուջեի հաստատումը կամ երկարաժամկետ ծախսերի պլանավորումը։

Խնդրահարույց է նաև պոպուլիստների միասնական հանդես գալու հարցը։ Չնայած նրանց միավորում է ԵՄ ինստիտուտները թուլացնելու գաղափարը (հանդես են գալիս ԵՄ-ում ինտեգրացիոն գործընթացների խորացման դեմ և պաշտպանում են ԵՄ անդամ երկրների առավել լայն ինքնիշխանությունը)՝ շատ հարցերի շուրջ սկզբունքային հակասություններ ունեն (միգրացիոն խնդիր, Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունք, եվրոպական բյուջե և այլն)։

Բնապահպանական բաղադրիչի կարևորումը

Եվրախորհրդարանի այս ընտրություններում Կանաչները գրանցել են իրենց լավագույն արդյունքը՝ ստանալով 74 մանդատ, որն ավելի շատ է նախորդ խորհրդարաններում զբաղեցրած մանդատներից. 2014թ.՝ 50 մանդատ, 2009թ.՝ 48 մանդատ, 2004թ.՝ 35 մանդատ։ Գերմանիայում նրանք ստացել են ձայների 21%-ը և զբաղեցրել երկրորդ հորիզոնականը՝ կանցլեր Անգելա Մերկելի «Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունից» հետո։

Կանաչները լավ արդյունք են գրանցել նաև Ֆրանսիայում, Նիդերլանդներում, Իռլանդիայում, Ֆինլանդիայում, Դանիայում և Բելգիայում։

Ընտրություններում Կանաչների ստացած աննախադեպ բարձր ցուցանիշը վկայում է, որ եվրոպացիները մտահոգված են բնապահպանական խնդիրներով։ Կարելի է ենթադրել, որ եվրոպական քաղաքականության մեջ բնապահպանական գիծը կարող է ուժեղանալ և շրջակա միջավայրի հիմնախնդիրները կարող են հայտնվել իշխանությունների ուշադրության կենտրոնում։

Բրեքսիթի գործոնը

Ընտրություններից ընդամենը 6 շաբաթ առաջ Մեծ Բրիտանիայում ձևավորված «Բրեքսիթ» պոպուլիստական կուսակցության հաղթանակը ցույց է տալիս, որ բրիտանացիները ցանկանում են հստակության հասնել բրեքսիթի գործընթացում։ Այս ուժը համաձայն է, որ Մեծ Բրիտանիան հոկտեմբերին դուրս գա ԵՄ-ից՝ նույնիսկ առանց համաձայնագրի։

«Բրեքսիթի» գործընթացի անորոշությունը, թերևս, հանգեցրել է Մեծ Բրիտանիայի ավանդական ուժերի ցածր արդյունքներին։ Վարչապետ Թերեզա Մեյի «Պահպանողական կուսակցությունը» 8,7% ձայնով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, ինչը 1830-ական թվականներից հետո կուսակցության ամենավատ արդյունքն է։ «Լեյբորիստական կուսակցությունը» նույնպես այս ընտրություններում ցածր ցուցանիշ է գրանցել՝ 14,8%, ինչը 10%-ով պակաս է 2014թ. ցուցանիշից։

Ամփոփելով ընտրությունների արդյունքները՝ կարող ենք նշել, որ այն հիմնական կանխատեսումը, թե Եվրախորհրդարանում ուժերի վերադասավորումներ կլինեն, արդարացել է։ Եվրոպական կուսակցությունների միջև արդեն սկսվել են համագործակցության հնարավորությունների քննարկումները։ Ոչ միայն կենտրոնամետ ուժերն են բանակցում կոալիցիա կազմելու համար, այլև պոպուլիստական ուժերի միջև են ակտիվ բանակցություններ ընթանում։

Հաջորդ քայլն արդեն ԵՄ գործադիր մարմնի՝ Եվրոպական Հանձնաժողովի ղեկավար կազմի ընտրությունն է, որի արդյունքները ևս կախված կլինեն քաղաքական ուժերի համագործակցելու պատրաստակամությունից։